
Այսօր առավոտյան Արմավիրի անասնաշուկայից գնված ցուլը ճանապարհին իջել է բեռնատար մեքենայի թափքից, հայտնվել նախ մայրուղում, ապա՝ քաղաքի կենտրոնական փողոցներում: Կատաղած ցլի հավածներից մարդիկ են տուժել։
5 քաղաքացիներից մեկը ողնաշարի կոտրվածքներով տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց, մյուսներն Արմավիրի բժշկական կենտրոնում առաջին օգնությունը ստանալուց հետո գնացել են տուն: Կատաղած ցլին վնասազերծել են շենքերի բակում:
Այսօր առավոտյան Արմավիրի կենտրոնակա”ն փողոցներում մարդիկ նկատել են կատաղած ցլի, որն անկանոն վազել է մայթից փողոց, հայտնվել շենքերի բակերում և վնասել մարդկանց: Ականատեսները պատմում են, որ ցուլն իսկական իրարանցում է առաջացրել։ Խուճապահար քաղաքացիները թաքնվել են մոտակա առևտրի կետերում ու վարսավիրանոցում: Կենցաղի տան վարսավիրն ու հաճախորդներն են պատմում։
«Ես չեմ տեսել, գործ էի անում: Հաճախորդը տեսավ, ասաց՝ ցուլ անցավ»։
«Ես մտա վարսավիրանոց մազերս կտրելու, հետևիցս մի կին ու մի երիտասարդ գոռալով մտան վարսավիրանոց ու դուռը պինդ փակեցին: Ասացին՝ ցուլը մեր հետևից էր վազում»:
«Ցլին ես 777 խանութի մոտ եմ տեսել, հետո երբ կրակեցին ցլի վրա ՝մտավ շենքի շքամուտք»:
Ցուլը քաղաքում էր հայտնվել Երևան-Արմավիր մայրուղուց՝ Արմավիրի գազալցակայաններից մեկի մոտից։ Անասնաշուկայից գնած անասունին նոր տերերը տեղափոխում էին այլ բնակավայր: Կենդանին մեքենայի ընթացքի ժամանակ թափքից թռել է ու հայտնվել ճանապարհին, ապա մտել քաղաք: Արմավիրի քաղաքային զբոսայգու հարևանությամբ, կենտրոնական՝ Հանրապետության փողոցի 1-ին շենքի մոտ վնասել է հետիոտնի դեղին գծանշումներով անցնող քաղաքացուն:
Պատահարը ֆիքսել է տեսախցիկը: Տուժածն ուշագնաց է եղել, նրան առաջին օգնություն են ցուցաբերել խանութի աշխատողները: Տուժած 1957թ ծնված Լալա Միքայելյանը տեղափոխվել է հիվանդանոց: Արմավիրի բժշկական կենտրոնի հերթապահ վնասվածքաբան Նարեկ Պետրոսյան.
«Ցլի հարձակման հետևանքով տուժել է 5 հիվանդ, ընդմիջումներով, տարբեր ժամերի են դիմել, որոնցից երեքը եղել են կանայք, մեկը՝ տղամարդ և մեկը՝ երեխա: Ըստ ծանրության աստիճանի՝ տղամարդու մոտ հետազոտության արդյունքում ախտորոշվեց կրծքային 7-րդ ողի կոմպրեսիոն կոտրվածք: Նա տեղափոխվեց Մուրացանի հոսպիտալ՝ հետագա բուժման նպատակով, իսկ մնացած հիվանդների առողջական վիճակը կարելի է գնահատել միջին ծանրության՝ սալջարդ և մեկ կնոջ մոտ կողերի կոտրվածք»:
Արմավիրի հիվանդանոցի ընդունարանի բուժքույր-օպերատոր Արմենուհի Ավագյանն ասում է, որ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել 11:30-ից մինչև 12:00 ընկած ժամանակահատվածում: Կողերի կոտրվածքը ստացել է Լալա Միքայելյանը: Տուժածների մեջ Նոր Արմավիր գյուղից մի ընտանիք է՝ մայրը, որդին ու 4-ամյա երեխան:
Տուժածներից 44-ամյա Հասմիկ Պողոսյանը պատմում է, որ կեսօրին տնից դուրս է եկել հարևանությամբ գտնվող բանջարեղենի խանութից գնումներ կատարելու: Ցլին հանդիպել է շենքերի արանքում.
«Դուրս եկա, գնում էի բանջարեղենի խանութ, ձայն լսեցի, չհասցրեցի տեսնել թե ինչ էր՝ արդեն ինձ խփեց, ես ընկա ու չհասցրեցի փախչել: Այդ ժամանակ միայն ես էի տարածքում, երբ ընկա մի երկու կին եկան ու օգնեցին, կանգնեցի: Ցուլն ինձ մեջքից է հարվածել, ու ես պառկել եմ գետնի վրա: Ցուլը շենքերի արանքով գնաց»:
Հենց այդ տարածքում էլ՝ շենքերի բակում, ցլին վնասազերծել են։ Սպանված ցլին մորթել են:













