
Եվրոպական դատարանը կամ ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը գնահատելու են ոչ թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունները կատարել–չկատարելու հարցը, այլ թե որքանով է ցանկացած գործողություն, այդ թվում նույն` նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված որևէ գործողություն, հանգեցրել Եվրոպական կոնվենցիայի կամ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի այս կամ այն դրույթի խախտմանը` «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
Նա նշել է, որ Եվրոպական դատարանը նամակ-ծանուցումներ է ուղարկել ադրբեջանական կողմին Հայաստանի ներկայացրած միջպետական 4-րդ գանգատի վերաբերյալ։ Դրանում անդրադարձ կա Արցախի Հանրապետության Խրամորթի, Բերձորի, Սուս և Աղավնո գյուղերի դեպքերին` տեղահանումներ, ռազմական ագրեսիա այդ գյուղերի և բնակիչների նկատմամբ։ Հայկական կողմի գանգատում նշվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների և դրանց խախտումների մասին։
«Հիմնական նպատակը քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանությունն էր` կանխելու անդառնալի կորուստը, որը կարող էր հասցվել Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության իրավունքներին։ Այս հարցերը Եվրոպական դատարանում քննվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համատեքստում»,-ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը ։
Ավելի ուշ Հայաստանի կողմից Եվրոպական դատարան են ուղարկվել միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջներ, որոնք վերաբերել են ռազմագերիների, Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանությանը։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանի դեմ միջպետական 4 գանգատ է ներկայացվել, ևս մեկ գանգատ էլ ներկայացվել է Թուրքիայի դեմ` այդ երկրի կողմից ի պաշտպանություն Ադրբեջանի` վարձկանների օգտագործման կամ վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու հիմքով։
Ըստ Լիպարիտ Դրմեյանի՝ առաջին միջպետական գանգատն ամենածավալունն է։ Մյուս երեք գանգատներով հայկական կողմը տեղեկացվել է, որ դրանցով Ադրբեջանն արդեն ծանուցվել է։ «Բաքուն տեղեկացված է, բայց գործը դեռևս կոմունիկացիոն փուլ չի մտել։ Նշված երեք գործերով ժամկետների մասին խոսելը դեռևս վաղ է․ թե երբ միջազգային դատարանը հարցեր կուղարկի Ադրբեջանի կառավարությանը, առայժմ հայտնի չէ»,- ասում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը։
Նրա խոսքով` միջազգային դատարաններում հատկապես միջպետական գործերը, երկար են քննվում։ Հաշվի առնելով, որ հայկական կողմը 2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո է դիմել եվրոպական դատական ատյաններ, ներկայացված գանգատներով քննությունը կարող է 5-ից 6 տարի տևել։ Լիպարիտ Դրմեյանը շեշտում է, որ իրավական գործընթացներն են հետագայում հիմք դառնալու Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար․դրանք Հայաստանի ձեռքին լուրջ փաստարկներ են դիվանագիտական-քաղաքական արդյունքի հասնելու համար։




