ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները՝ անհրաժեշտություն․ Եվրախորհրդարանի պատվիրակները կպնդեն առաջարկը

Եվրախորհրդարանի պատվիրակները պնդում են ԵՄ փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած պատգամավորները դիտորդական առաքելության ժամկետը  երկարացնելու և դիտորդների թիվը մեծացնելու անհրաժեշտություն են տեսնում։ Այս առաջարկը խոստանում են անել Եվրոպական խորհրդարանում։ Մտադիր են բարձրացնել նաև Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ  կիրառելու հարցը։ Այս մասին այցելության ավարտին խոսել են Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ 

ԵՄ փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն Սյունիքից վերադարձել է Երևան ու լրագրողներին պատմում է տեսածի մասին: Խիստ մտահոգված է հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակով և դատապարտում է ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումը։ Ավտորիտար պետությունը փորձում է փոխել սուվերեն երկրների սահմանները, բայց ԵՄ-ը պատրաստ է շարունակել պայքարը և աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ ասում է պատգամավորը։

Նա հույս ունի, որ  Հայաստանում  ԵՄ առաքելությունը կերկարաձգի իր գործունեության ժամկետը և կմեծացնի  դիտորդների թիվը։ 

«Հուսով ենք, որ ԵՄ առաքելությունը կդառնա մշտական և կարծում եմ կավելացվի դիտորդների թվաքանակը, որ հասկանանք թե ինչ է կատարվում շփման գծի  ցանկացած հատվածում, որը ռիսկի տակ է և զեկույց ներկայացնենք»։  

Ճիշտ է, Եվրոպան նախաճգնաժամային իրավիճակում է, սակայն չպետք է թույլ տալ, որ էներգետիկ հարցերը առավել կարևորվեն՝ կարծում է իտալացի պատգամավորը։ Արձանագրում է, որ իր երկիրը 40, իսկ Գերմանիան 60 %-ով կախված է ռուսական գազից, սակայն դա չպետք է ստիպի փոխել դիրքորոշումը որդեգրած սկզբուքների հարցում։ Առևտուրը չպետք է գերակայի մարդու իրավունքներին ՝ ասում է։

«Ադրբեջանը բռնազավթել է ՀՀ սուվերեն որոշ տարածքներ, ինչը փաստ է և պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարց բարձրացվի»։

Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր իտալացի Ֆաբիո Մասիմո Կաստալդոն խոստացավ, որ կանի ամեն հնարավորը ագրեսոր Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարց բարձրացնելու գործընթաց սկսելու համար, բայց նաև հիշեցրեց, որ ցանկացած որոշման համար անհրաժեշտ է ԵՄ անդամ 27 երկրների համաձայնությունը, կա նաև ռիսկ, որ յուրաքանչյուր երկիր կարող է վետո դնել ու արգելափակել  Բաքվի դեմ սանկցիաների կիրառումը։

Ադրբեջանական ագրեսիայից երկու ամիս անց էլ թշնամին թույլ չի տալիս գրավված տարածքներից դուրս բերել հայ զինծառայողների մարմինները ։ Այս հարցում ԵՄ–ն ունի արդյունավետ միջոցներ կիրառելու հնարավորություն՝ ասում է Ֆաբիո Մասիմո Կաստալդոն՝ խոստանալով  հարցը բարձրացնել Եվրախորհրդարանում։

«Փաստ է, որ այդ տարածքում կան դիեր և դրանք չեն հանձնվել ընտանիքներին, որպեսզի հուղարկավորություն անեն, ինչն անընդունելի է։ Հրադադարի ժամանակ պետք է հնարավորություն լինի վերցնել դիերը՝ սպանվածների նկատմամբ հարգանք ցուցաբերելով»։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մինչդեռ վերջերս Ալիևի հետ հանդիպելուց և  ադրբեջանական գազի մատակարարման ծավալները կրկնապատկելու շուրջ համաձայնության գալուց հետո   Թվիթերում Ադրբեջանի մասին ջերմ էր արտահայտվել՝ այդ երկիրն անվանելով «առանցքային գործընկեր»:

Եվրահանձնաժողովի նախագահի ձևակերպումներին այսօր գնահատական է տվել  ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն և խայտառակություն որակել Բաքվի հետ նրա այսպես ասած բարեկամությունը։

«Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործընկերությունն Ադրբեջանի հետ խայտառակություն է. էներգետիկ ճգնաժամը չի կարող արդարացում լինել, հատկապես երբ բախվում ենք իրական պատերազմական հանցագործությունների: Ֆրանսիան կարող էր ավելին անել Հայաստանի համար, հատկապես երբ մենք նախագահում էինք Եվրամիությունում։ Դիտորդներ ուղարկելը նվազագույնն է, ինչ մենք կարող էինք անել: Հայաստանի թշնամիները բացահայտ ասում են, որ ցանկանում են ոչնչացնել հայերին: Եվ չնայած դրան՝ մենք շարունակում ենք ընդունել այդ ղեկավարներին, և Եվրոպան Ադրբեջանից գազ է գնում Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, որը հայտարարում է, որ Ալիևը հուսալի գործընկեր է»։

Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն նկատել է, որ  Եվրոպան արդարացիորեն մոբիլիզացվել է Ուկրաինայի համար, բայց լռում է Հայաստանի մասին։ «Հայերի կյանքն ավելի քի՞չ արժե, քան ուկրաինացիների կյանքը: Կա Ադրբեջանի կոռումպացված և ռասիստական պետություն, որը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա՝ ձգտելով էթնիկ զտումների և ցեղասպանության՝ նշել է սենատորը:

Կարդացեք նաև

Back to top button