ԿարևորՔաղաքական

Հայաստանն ինքը պետք է որոշի, թե որն է իր առաջընթացի լավագույն ուղին. ԱՄՆ կոնգրեսական

«Ամերիկայի ձայն»-ը զրուցել է Հայաստան կատարած այցի վերաբերյալ կոնգրեսական պատվիրակության ղեկավար Դեյվիդ Փրայսի ու պատվիրակության անդամ, կոնգրեսական Էնդրյու Լևինի հետ

Վերջին շրջանում ամերիկյան կոնգրեսական պատվիրակությւոնների այցերը Հայաստան վկայում են երկրի նկատմամբ բարձր հետաքրքության և ուշադրության մասին, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանն է ասել վերջերս Հայաստան այցելած կոնգրեսական պատվիրակության ղեկավար, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսը:

«Հայաստանի խնդիրները իր հարևանների հետ, ինչպես նաև Հայաստանի կայուն ժողովրդավարական զարգացումը գրավել է մեր ուշադրությունը: Մեր պատվիրակությունը, մի գուցե, չուներ այն բարձրաստիճան կարգավիճակը՝ համեմատած խոսնակ Փելոսիի այցի հետ, սակայն նման ներգրավվածությունն արդեն շարունակվում է երկար ժամանակ է»,- նշում է նա:

Կոնգրեսական Փրայսը շեշտում է՝ Հայաստանն ավելի քան երկու տասնյակ երկրների խորհրդարանների շարքում է, որոնց հետ առկա է ուղիղ ներգրավվածություն, իր գլխավորած Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի շրջանակում:

«Կոնգրեսական մեր պատվիրակության այցը հետապնդում էր ոչ միայն երկկողմանի խնդիրների քննարկում, այլ նաև ինստիտուցիոնալ փոխգործակցություն»,- պնդում է Փրայսը:

Հայաստան այցելած պատվիրակության մեկ այլ կոնգրեսական Էնդրյու Լևինը ևս կարևորում է ամերիկացի օրենսդիրների, հատկապես խոսնակ Նենսի Փելոսիի այցերը Հայաստան:

«Կարծում եմ՝ դա ի ցույց է դնում, որ ԱՄՆ Կոնգրեսը շատ հետաքրքրված է Հայաստանով, աջակցում է Հայաստանին, ողջունում և խրախուսում է Հայաստանի ժողովրդավարության զարգացումը և սկզբունքները»,- շեշտում է կոնգրեսական Լևինը:

Կոնգրեսականներին մտահոգում է Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը :

«Մենք շատ մտահոգված ենք Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցով: Մեզ համար անընդունելի են Հայաստանի տարածքի վրա հարձակումները, ներխուժումը կամ այլ խնդիրներ, որոնք ստեղծում է այստեղ Ադրբեջանը»,- պնդում է Լևինը:

«ԱՄՆ-ի դիրքորոշումն է, որ Ադրբեջանը պետք է զերծ մնա Հայաստանի տարածք ցանկացած ներխուժումից: Անընդունելի են տեսանյութերում պատկերված ադրբեջանցիների վերաբերմունքը գերիների հանդեպ: Բոլոր կողմերը պետք է աշխատեն Մինսկի խմբի գործընկերների և այլ միջնորդների հետ՝ կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու համար»,- հայտարարում է Փրայսը:

 «Մենք տպավորված ենք, որ ներկա պայմաններում, ներառյալ Ադրբեջանի հետ վերսկսված հակամարտությունը, Հայաստանը հավատարիմ է մնացել ժողովրդավարական զարգացման ուղուն, ինչպես նաև ամրապնդել բարեկամական հարաբերությունները մեր երկրի հետ: Մենք ցանկանում ենք պատասխանել նույն կերպ»,- շեշտում է Փրայսը:

Խոսելով հայ-ամերիկյան ռազմական հարաբերությունների հնարավոր խորացման մասին՝ կոնգրեսական Լևինը շեշտում է՝ Հայաստանն ինքնիշխան երկիր է և ինքը պետք է որոշի, թե որն է իր առաջընթացի լավագույն ուղին:

«Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունը և հասկանում, թե ինչպիսին է դրա աշխարհագրական դիրքը: Մենք այստեղ ենք և մեկնում ենք մեր բարեկամության ձեռքը՝ պատրաստակամություն հայտնելով օգնելու Հայաստանին»,- նշում է Լևինը:

Նրա պնդմամբ ինչպես ԱՄՆ Կոնգրեսում, այնպես էլ վարչակազմում առկա է ցանկություն՝ քննարկելու Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման հարցը:

Կարդացեք նաև

Back to top button