ԿարևորՀասարակություն

Երևանում «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողով կկազմակերպվի

Հոկտեմբերի 29-30-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում կկազմակերպվի «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը, որը բացառիկ է իր ձևաչափով։ Համաժողովին հրավիրված փորձառու մասնագետներ, մասնագիտական նոր շփումներ, զուգահեռ ներկայացումներ և կրթական անակնկալներ՝ համաժողովի բոլոր մասնակիցներին։

Համաժողովը կազմակերպել են «Գլոբալ թու լոքալ Արմենիա» (“Global to Local Armenia”) հասարակական կազմակերպությունը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը (ՖԷՀ)։

«Ուսուցչական համաժողովի նպատակն է հանրային հարթակ հանդիսանալ հանրակրթական ուսումնական հաստատություններում սոցիալական արդարության ջատագովության, սոցիալական անարդարության պատճառների և դրսևորումների քննարկման, մանկավարժական առաջավոր փորձի և կրթական լուծումների տարածման համար՝ համախմբելով կրթության տեղական ու միջազգային դերակատարներին»,-նշում են կազմակերպիչները։

Համաժողովին մասնակցությունն անվճար է։ Մասնակցելու են ավելի քան 100 ուսուցիչներ, տնօրեններ, հանրակրթության բնագավառի մասնագետներ, հետազոտողներ և ներկայացուցիչներ։ Համաժողովը կվարի մանկավարժական գիտությունների թեկնածու Միշա Թադևոսյանը։

Համաժողովին ելույթ կունենան 30 բանախոսներ, որոնց թվում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը, «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի ընտրության բաժնի ղեկավար Հռիփսիմե Խանզադյանը, ԵՊՀ դասախոս, հաղորդակցության և կրթության հարցերով փորձագետ Անի Կոջոյանը, PH International Հայաստան կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդր Շագաֆյանը, Դիեգո Պորտալես համալսարանի աստղաֆիզիկայի բաժնի ասպիրանտ Տաթեվիկ Մկրտչյանը, «Փոփոխություների թատրոն»-ի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կրթական և մշակութային ծրագրերի գծով մասնագետ Հասմիկ Միքայելյանը, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի իրավահավասարության հարցերով պատասխանատու Նվարդ Մանասյանը, Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար Հայկուհի Գեվորգյանը, «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արա Ղազարյանը, «Սիջար» եզդիների ազգային միավորում ՀԿ անդամ, ուսուցիչ Զեմֆիրա Քալաշյանը, Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մարգարյանը, Արեգնազան կրթահամալիրի ուսուցիչներ Կարեն Նազարյանը և Սիփան Հայրապետյանը, «Նաիրյան» վոկալ անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը։

Ելույթներով հանդես կգան նաև կազմակերպիչ կողմերը՝ Global to Local -ի հիմնադիր և տնօրեն Իրինա Ալեվերտը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Լիանա Բադալյանը։

Կարդացեք նաև

Back to top button