
Հանրակրթությունից բացի, Հայաստանում նոր չափորոշիչներ են ներդրվել նաև նախակրթական հաստատությունների համար։ Ոլորտում դրանից բխող մի շարք փոփոխություններ են սպասվում առաջիկայում։ Օրինակ՝ սահմանվելու է մանկապարտեզների տնօրենների հավաստագրման կարգ։ Սա նորություն է մանկապարտեզների համար։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ մանկապարտեզների տնօրենների հավաստագրումը կիրականացվի թեստավորման միջոցով։
Նախատեսվում է, որ մանկապարտեզներում ներդրվելու է նաև տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման հնարավորություն։ Գյուղական բնակավայրերի համար այս նորամուծությունը կգործի հաջորդ տարվանից։ Նախադպրոցական կրթության մեջ փորձագետները կարևորում են միասնական մոտեցումը։ Պատասխանատուները համոզված են, որ հաստատված նոր չափորոշիչներով, որակից բացի, նաև դա հնարավոր կլինի ապահովել։
Հանրակրթության չափորոշիչները հաստատելուց հետո, կառավարությունը դրան համահունչ նաև նախակրթության համար է չափորոշիչներ հաստատել։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը վստահեցնում է, որ դա արվում է նախակրթարանից դեպի տարրական դպրոց հարթ անցում ապահովելու համար։ Այդ չափորոշիչներից բխող նոր ծրագրեր են արդեն մշակվել նախադպրոցական հաստատությունների համար։ 60 նախակրթական հաստատությում մշակված նոր ծրագրերն արդեն փորձարկվում են։
«Փորձարկումն արդեն սկսվել է։ Մենք իրականացրել ենք անհրաժեշտ վերապատրաստումները՝ ընտրված հաստատությունների։ Դրանք բոլոր մարզերի հաստատություններ են և նաև Երևանի։ Այդ փորձարկումից հետո կկարողանանք վերջնականացնել ու արդեն անցում կատարել ամբողջությամբ նոր չափորոշիչների ներդրմանը»։
Նախատեսվում է, որ նախակրթական հաստատությունները, այդ թվում՝ նախադպրոցական ծառայություն մատուցող զարգացման կենտրոնները պարտադիր լիցենզավորվեն։ Ոլորտի պատասխանատուները սա ճիշտ ճանապարհ են համարում ։
Կրթության ոլորտի փորձագետ Սոֆիա Հովսեփյանը նույնպես նախակրթական հաստատությունների լիցենզավորման պահանջը ճիշտ է համարում։ Նա գտնում է, որ լիցենզավորման պարտադիր պահանջը կարևոր է նաև վերահսկողության տեսանկյունից.
«Լիցենզիան արդեն ինքնին բերում է այն չափորոշիչին, որը որ կրթության նախարարության կողմից ամրագրված է։ Եվ որևէ հաստատություն չի կարող դուրս գալ այդ չափորոշիչի սահմաններից և անի մի շարք այլ բաներ, որոնք որ կարող են խաթարել այդ տարիքի երեխայի կրթությունը և կրթության իրավունքը։ Եվ այստեղ նախարարությունը կունենա մի շարք մեխանիզմներ վերահսկելու՝ արդյոք այդ լիցենզիայով իրականացվում է չափորոշիչին համապատասխան կրթություն, թե՞ վերցրել է լիցենզիան, գնացել է այնտեղ, օրինակ, երկու-երեք տարեկան երեխայի հետ կազմակերպում է մենթալ թվաբանություն»։
«Սեյվ դը չիլդրըն Հայաստան» կազմակերպության կրթության հարցերով փորձագետ Իռեն Սարգսյանը նույնպես կարծում է, որ վերահսկման այս մեխանիզմը արդյունավետ կարող է գործել բոլոր մասնավոր նախադպրոցական հաստատությունների, նախադպրոցական ծառայություններ մատուցողների, զարգացման կենտրոնների պարագայում։
«Եթե լինի արդեն այս լիցենզավորման պահանջը և լիցենզավորման կարգը, իրենք ստիպված պետք է անցնեն այդ լիցենզավորման գործընթացով և համապատասխանեն այն բոլոր ծառայությունների որակի չափանիշերին, որոնք դրված կլինեն իրենց առջև, որպեսզի ստանան այդ լիցենզավորումը։ Այնպես որ, ուզած-չուզած իրենք պետք է բերվեն այդ դաշտ»։
Իռեն Սարգսյանը նախադպրոցական ծառայությունների ոլորտում կարևորում է հատկապես միասնական մոտեցումը։ Փորձագետը նկատում է՝ տվյալ դեպքում գործ ունենք երեխայի հետ և, այս առումով, «մի վնասիր սկզբունքը» պետք է առաջնային լինի։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախակրթարաններում նոր չափորոշիչների ներդրմամբ ակնկալվում է ունենալ շատ հստակ վերջնարդյունք։
«Բոլոր այն կարևոր ոլորտները, որոնցով դպրոցում աշխատանքը շարունակում ենք, սկսվում է նախադպրոցական կրթությունից։ Չափորիշիչը հիմնված է կարողության վրա։ Այսինքն՝ այստեղ նույնպես խոսքը գիտելիքի, հմտության, արժեքի և դիրքորոշման ձևավորման մասին է։ Մենք այստեղ տեսնում ենք աշխատանքներ, որ պետք է սկսվեն դեռ վաղ մանկությունից և այդ աշխատանքները հստակ նկարագրված են չափորոշիչում»։
Նոր գործընթացները վերապատրաստում են պահանջում։ Արդեն հայտարարվել է նախակրթական հաստատությունների աշխատողների վերապատրաստող կազմակերպությունների մրցույթ։ Փոխնախարարը վստահեցնում է, որ մինչև տարեվերջ նախակրթարանները կունենան վերապատրաստված 1000 դաստիարակ-մանկավարժներ։ Ինչպես հանրակրթության դեպքում, նախակրթարանների պարագայում էլ, ըստ նրա, կգործի խթանող մեխանիզմ՝ տարրակարգեր, որոնց առկայությամբ աշխատավարձերի բարձրացում տեղի կունենա՝ հավելավճարների միջոցով։ Ի տարբերություն հանրակրթության՝ նախակրթարանների անձնակազմի համար տարրակարգ ստանալու կարգը դեռևս մշակման փուլում է։




