ԿարևորՏնտեսական

Հայաստանը սխալվելու իրավունք չունի․ մոդուլային ատոմակայանները դեռ միայն նախագիծ են

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության տնօրենը դրական է  գնահատում Մեծամորի ատոմակայանի անվտանգությանն ուղղված աշխատանքները։ ՀԱԷԿ-ն արդեն  մի քանի տասնամյակ շահագործվում է, ամեն տարի բարձրացվում է անվտանգության մակարդակը։

Արդյունքում ևս 10 տարի այն կաշխատի։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից «Ռադիոլուր»-ին փոխանցում են՝  ատոմակայանի կյանքը ևս 10 տարով երկարաձգելը 150 մլն դոլար կարժենա։ Դեռ հստակ չէ, թե որտեղից են գումար գտնելու։ Փորձագիտական դաշտում կարծում են, որ արդեն նոր ատոմակայանի կառուցման շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու ժամանակն է։ Հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբը մի քանի քննարկում կատարել է։ Նախնական պատկերն ուրվագծվում է։

Նոր ատոմակայան կառուցելու համար 10-12 տարի է պահանջվելու։ ՀԱԷԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սևիկյանը չի բացառում, որ 5 տարի հետո գուցե արդեն էլեկտրական հոսանքի խնդիր առաջանա։ Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 30 տոկոսն ապահվում է  հենց ՀԱԷԿ-ը։

Այստեղ արտադրվող հոսանքի ինքնարժեքը ամենացածրն է․ «Մինչև 2039 թվականը կարող է ռեակտորը աշխատել, սակայն, կա նաև ավելի երկար աշխատելու հնարավորություն։ Մենք սահմանափակվում էինք 2036թվականով, ուստի մեզ բավարար էր, եթե մինչև 2039 թվականը մեր ռեակտորը կարողանան ապահովել իր ռադիացիոն ռեսուրսը»։

ՏԿԵՆ-ից «Ռադիոլուր»-ին փոխանցում են՝ ատոմակայանի կյանքը ևս 10 տարով երկարաձգելը 150 մլն դոլար կարժենա։ Սակայն դեռ հստակ չէ, թե որտեղից են գումար գտնելու։ Ռուսական կողմը պատրաստ է  ֆինանասավորել, սակայն, ֆինանսավորման աղբյուրները կհստակեցվեն ավելի ուշ։

Կատարված աշխատանքները դրական է գնահատում Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին։ Հայաստան կատարած այցից հետո Գրոսին իր տպավորություններն ամփոփեց թվիթերյան գրառմամբ․

«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով»։

Մեծամորի ատոմակայանը համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին, ուստի անվտանգ է շահագործման տեսանկյունից։ Անցյալ տարի արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու սառեցման վթարային համակարգը։

ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյան․ «Կառուցվել է նոր սերնդի՝ Ֆուկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշերով աշխատող անվտանգության համակարգ։ Վթարային համակարգը գործում է վթարը լոկալիզացնելու, արագ սառեցնելու և համապատասխան քանակությամբ ջուր մղելու միջոցով, ինչը համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին»։

Գործող ատոմակայանին զուգահեռ նաև Հայաստանում դեռ քննարկում են, թե ինչ հզորությամբ ատոմակայան է կառուցվելու։ Որպեսզի 2036 թվականին Հայաստանը ունենա նոր ատոմակայան, ապա շինարարարական աշխատանքները պետք է սկսվեն  2028-2029 թվականներին։ Մինչ այդ, նախնական աշխատանքները կտևեն մոտ 4 տարի։ 2-3 տարի էլ նախագծային աշխատանքների համար կպահանջվի։ Երբ հաստատվի տեխնիկատնտեսական աշխատանքների նախագիծը, նոր միայն կհայտարարվի նախընտրած էներգաբլոկի մասին։ Նախնական հաշվարկներով՝  1000 մեգավատ հզորությամբ մեկ բլոկի կառուցման համար 6-7 մլրդ դոլար կպահանջվի։

Փորձագիտական դաշտում կարծում են, որ արդյունավետ է մեծ՝ 1200 մեգավատ հզորությամբ ատոմակայան կառուցելը։ Բացատրում են՝ քննարկվող մոդուլային ատոմակայանների նախադեպ էլ դեռ չկա։

ՀԱԷԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սևիկյան․ «Ամերիկացիները առաջարկում են, բայց   իրենք էլ ասում, որ  մոդուլային ատոմակայանները հավաստագրեր կստանան 2029-2030 թվականերին։ Մենք չենք կարող թույլ տալ, որ փորձեր անել։ Մի փոքր սխալը կարող է թանկ նստել Հայաստանի վրա»

Մասնագետն ասում է, որ գուցե հանքավայրերում մոդուլային փոքր ատոմակայանը արդյունավետ լինի, բայց այն չի կարող երկրի ընդհանուր էներգամատակարարումն ապահովել։ էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Արթուր Ավետիսյանը հիշեցնում է, որ ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումն ամրագրված է մինչև 2040թ էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրում․

«Երբ որ ժամանակին խոսում էինք ատոմակայանի՝ առնվազն մինչև 2026 թվականը աշխատելու մասին, ապա այժմ կարող ենք ասել, որ կաշխատի մինչև 2035-2036 թվականը։ Այդ ընթացքում արդեն պետք է նոր ատոմակայանը սկսի աշխատել։

ՀԱԷԿ-ում նախատեսում են նաև ևս մեկ պահեստարան կառուցել՝  օգտագործված վառելիքը պահելու համար։ 1990-ականներից, երբ փակվեց  երկաթուղին, օգտագործված վառելիքի արտահանում չի կատարվել։

Մինչ այդ այն ՌԴ էր արտահանվում։ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը տեղեկացնում է․

«3 շինություն արդեն կառուցված է, չորրորդի համար ունենք բոլոր պահեստամասերը։ Կկառուցենք։ Մենք մինչև 2034-2036թթ միջուկային վառելիքի պահպանման խնդիր չունենք

Գիտությունն առաջ է գնում, Հայաստանում չեն բացառում, որ  հնարավոր լինի օգտագործված վառելիքը ապագայում վերամշակել, ավելին, այն օգտագործել որպես միջուկային վառելիք։ 

Կարդացեք նաև

Back to top button