
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց են նախաձեռնել։ 35 ստորագրություն առկա է, անհրաժեշտ է առնվազն ևս 18 ստորագրություն՝ գործընթացը պաշտոնապես սկսելու համար ՝ խորհրդարանում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որն այսօր մասնակցել է ԱԺ նիստին։ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից, դրան հաջորդած բողոքի ակցիայից հետո խորհրդարանում իրավիճակը լարված է եղել։
Ի՞նչ է տեղի ունեցել երեկ Բաղրամյան փողոցում: Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները վստահ են, որ «ինքնաբուխ հավաք» ասվածը բողոքի ակցիայի լավագույն որակումը չէ։ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի համոզմամբ՝ հատուկ հրահանգով երկրորդ ճակատ է բացվել զինվորների թիկունքում․
«Հրապարակեցին մի կեղծ փաստաթուղթ, որն իբրև ստորագրվել է կամ ուր որ է կստորագրվի, որը ընդհանրապես գոյություն չունի որպես այդպիսին: Հետո վարչապետի ելույթից ինչ-որ մի րոպեանոց հատված կտրեցին կոնտեքստից ու փորձեցին չգիտեմ էլ ինչ կերպ ներկայացնել ու՝ հայ հասեք փրկեք, ստորագրել է կամ ստորագրում է»։
Խորհրդարանական ընդդիմությունից նիստերի դահլիճում միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր։ Ասաց խորհրադարանում է՝ փոխանցելու նախօրեին տասնյակ հազարավոր քաղաքացիների ինքնաբուխ հավաքի մասնակիցների խոսքը, հորդորն ու պահանջը ։
«Երեկ տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունը փաստեց, որ ժողովուրդը պոռթկման եզրին է: Երեկ տասնյակ հազարավոր մարդիկ սպասում էին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին: Չեկաք: Բայց ժամանակ կա: Վերջապես հասկացեք, որ վիճակն օրհասական է: Վերջապես հասկացեք, որ այս վիճակի լուծումը մեկն է՝ նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ, որն այս վիճակից կարող է դուրս բերել: Այս պահը շատ լուրջ է: Նիկոլին փրկելու ժամը չէ: Հայրենիքը փրկելու ժամն է: Նորից եմ կրկնում գործընկերներ՝ քանի դեռ ուշ չէ»։
ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վերապահումներ ուներ Գեղամ Մանուկյանի ձևակերպումներից հատկապես մեկի առնչությամբ։
«Գեղամ Մանուկյանը էսօր եկավ եւ ասեց, որ հազարավոր մարդիկ: Այո, նոյեմբերի 9-ին էլ կային հազարավոր մարդիկ, էսպես, միանգամից հավաքվեցին, միանգամից անհետացան: Միկրոֆոնը մեկը մյուսից գողանում են, բրդում են, գցում են, որովհետեւ օրակարգ չկար: Օրակարգը մեկն էր՝ ոնց անենք, որ պահը բռնացնենք, իշխանությանը հեռացնենք: Բայց իշխանությանը հեռացնելու մի մեխանիզմ կա՝ ընտրություններ»։
Ազգային Ժողովի մոտ հավաքը ինքնաբուխ էր, հընթացս ձևավորված , հետևաբար՝ ամբիոնից հնչող խոսքը հախուռն էր ու անկազմակերպ : Այն բոլոր հայտարարությունները, որոնք բռնության կամ քաոս հրահրող երանգներ ունեին, մեր սատարումը չունեն՝ նախօրեի հավաքի մասին գրել է 5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը՝ շարադրելով օրակարգն ու առաջիկա անելիքները, որոնց շուրջ, ըստ Տոնոյանի, պետք է տեղի ունենա ժողովրդի համախմբումը.
«Մեր թիվ մեկ խնդիրն է զրկել երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հենարանից և հեռացնել նրան պաշտոնից, ձևավորել անցումային կառավարություն, իրականացնել ճգնաժամային կառավարում, պետության ռեսուրսները առաջնահերթ ուղղել Հայաստանի անվտանգային համակարգի վերականգնմանը, վերազինել մեր բանակը նոր տեխնոլոգիական մարտական կարողություններով և ունակություններով»։
Տոնոյանը ներկայացրել է նաեւ այս օրակարգի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների երեք կետանոց ցանկը: ՔՊ-ից Անդրանիկ Քոչարյանը, մինչդեռ, կարծում է, որ մանրամասն պետք է ուսումնասիրել հավաքների մասնակիցների կազմն ու պատկերը։
«Ես կարծում եմ, որ պետք է մանրամասն ուսումնասիրվի հավաքվածների ամբողջ պատկերը, ճարտարապետությունը: Որտե՞ղ է գտնվում այդ «կնոպկան», հայտնի ֆիլմ կար: Դրա տեղը պետք է գտնել ու ոչնչացնել, որովհետեւ ամեն անգամ նման առիթներով, երբ պատերազմ է սահմանին, այն միացվելու է»։
Այդ ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնում։ Ընդդիմադիր պատգամավորների 35 ստորագրություն առկա է, անհրաժեշտ է առնվազն ևս 18 ստորագրություն՝ գործընթացը պաշտոնապես սկսելու համար ։
ԱԺ կանոնակարգի համաձայն՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով:
Ընդդիմադիրները խոստանում են, որ պաշտոնական ձևաթղթում կլինի նաև իրենց վարչապետի թեկնածուի անունը: Ասում են՝ շուտով հայտարարություն կանեն:




