
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Պարենի հենանիշային գների ինդեքսն այս տարվա հունիս ամսին հացահատիկի, բուսայուղերի և շաքարի միջազգային գների անկում է արձանագրել, մինչդեռ կաթնամթերքի և մսի գներն աճել են: 2022 թվականին հացահատիկի համաշխարհային արտադրությունը փոքր-ինչ նվազել է, հայտնում են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից։
Պարենային ապրանքների համաշխարհային գների բարոմետրը հունիսին՝ արդեն երրորդ ամիսն անընդմեջ, փոքր-ինչ անկում է արձանագրել։
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը միջինում կազմել է 154.2 միավոր, ինչը 2.3 տոկոսով ցածր է մայիս ամսվա ցուցանիշից։ Ինդեքսը, որն ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, 23,1 տոկոսով բարձր է 2021 թվականի հունիսի ցուցանիշից։
Հունիսին գրանցված անկումն անդրադարձնում է բուսական յուղերի, հացահատիկային մշակաբույսերի միջազգային գների նվազումը, մինչդեռ կաթնամթերքի և մսի գներն աճել են:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հունիսին միջինում 166,3 միավոր էր, որը 4,1 տոկոսով ցածր է մայիսի ցուցանիշից, սակայն 27,6 տոկոսով բարձր՝ 2021 թվականի հունիսից: Ցորենի միջազգային գները հունիսին նվազել են 5,7 տոկոսով, սակայն դեռևս 48,5 տոկոսով բարձր են նախորդ տարվա գներից: Հունիսին արձանագրված անկումը պայմանավորված էր հյուսիսային կիսագնդում նոր բերքի սեզոնային առկայությամբ, որոշ խոշոր արտադրող երկրներում մշակաբույսերի արտադրության պայմանների բարելավմամբ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում արտադրության բարձր ցուցանիշների հեռանկարով: Կերային մշակաբույսերի միջազգային գները նույնպես նվազել են 4,1 տոկոսով, սակայն նախորդ տարվա գներից դեռևս 18,4 տոկոսով բարձր են: Եգիպտացորենի համաշխարհային գներն ամսեամիս նվազել են 3,5 տոկոսով, որը բացատրվում է Արգենտինայում և Բրազիլիայում եգիպտացորենի սեզոնային առկայությամբ և Ամերիկայի Միացյալ Նահանգներում մշակաբույսերի արտադրության պայմանների բարելավմամբ:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հունիսին կազմել է միջինում 211,8 միավոր` ամսեամիս նվազելով 7,6 տոկոսով: Արմավենու յուղի համաշխարհային գներն իջել են խոշոր արտադրող երկրների արտադրանքի սեզոնային աճի և Ինդոնեզիայից մատակարարումների ավելացման հեռանկարի շնորհիվ: Միևնույն ժամանակ, նվազել են նաև արևածաղկի և սոյայի ձեթերի գները, որը գների աստիճանական աճի հետևանքով ներկրումների համաշխարհային պահանջարկի անկման հետևանք է:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսի միջին արժեքը հունիսին 117,3 միավոր էր՝ մայիսի համեմատ նվազելով 2,6 տոկոսով, ազդարարելով ամսական կտրվածքով երկրորդ անընդմեջ անկումը և հասնելով իր ամենացածր մակարդակին՝ փետրվարից ի վեր, որին նպաստում է նաև գլոբալ հասանելիության խոստումնալից հեռանկարը: Համաշխարհային տնտեսական աճի դանդաղումն իր ազդեցությունն ունեցավ նաև շաքարի միջազգային պահանջարկի և գների վրա:
Այս ամենին զուգընթաց, ՊԳԿ մսի գնային ինդեքսը հունիսին 124,7 միավոր էր՝ 1,7 տոկոսով բարձր մայիսի ցուցանիշից, այդպիսով սահմանելով բարձր գնի նոր ռեկորդ և 12,7 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հունիսի ցուցանիշը։ Աճել են մսի բոլոր տեսակների համաշխարհային գները, որտեղ թռչնամիսը կտրուկ աճ է արձանագրել՝ հասնելով երբևէ ունեցած ամենաբարձր մակարդակին, որն արտացոլում է Ուկրաինայում պատերազմի և Հյուսիսային կիսագնդում թռչնագրիպի բռնկման հետևանքով գլոբալ մատակարարումների շարունակական խստացող պայմանները:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունիսին 149,8 միավոր էր՝ 4,1 տոկոս բարձր մայիսի և 24,9 տոկոսով բարձր 2021 թվականի հունիսի համեմատ։ Հունիսին աճել են նաև կաթնամթերքի բոլոր տեսակների միջազգային գները: Պանրի գներն ամենաշատն են բարձրացել, որը հիմնականում պայմանավորված է պատրաստի ապրանքների ներմուծման պահանջարկի աճով՝ հաշվի առնելով տարվա վերջին մատակարարման առկայության հետ կապված շուկայի մտահոգությունները: Կաթի փոշու համաշխարհային գներն աճել են ներմուծման մեծ պահանջարկի և համաշխարհային առաջարկի կայուն սահմանափակման պատճառով։
Պարենի համաշխարհային կազմակերպությունը մեծացնում է հացահատիկային մշակաբույսերի արտադրության իր կանխատեսումները
2022 թվականի համար ՊԳԿ-ի՝ հացահատիկային մշակաբույսերի արտադրության կանխատեսումները նախորդ ամսվա համեմատ 7 տոննայով ավելացել են հուլիսին և այժմ 2 792 միլիոն տոննա է, նշվում է այսօր լույս ընծայված Հացահատիկային մշակաբույսերի մատակարարման և պահանջարկի ամփոփագրում։ Ինչևէ, սա շարունակում է 0,6 տոկոսով ցածր մնալ 2021 թվականի համաշխարհային արտադրանքից։
Ամսական աճը գլխավորապես հիմնված է վերանայման արդյունքում կերային մշակաբույսերի արտադրության կանխատեսումները 6,4 միլիոն տոննայով ավելացնելու վրա, ընդ որում՝ համաշխարհային արտադրանքը 2022 թվականին կհասնի 1 501 միլիոն տոննայի՝ ընդամենը 0,5 տոկոսով ցածր 2021 թվականի արդյունքից:
2022-2023 թվականներին հացահատիկային բույսերի համաշխարհային օգտագործման կանխատեսումը նույնպես բարձրացվել է 9,2 միլիոն տոննայով՝ հասնելով 2 797 միլիոն տոննայի, սակայն դեռևս 1,7 մլն տոննայով (0,1 տոկոս) պակաս է 2021-2022 թթ․ մակարդակից, որը հիմնականում արտացոլում է կերերի ավելի քիչ օգտագործման ակնկալիքները:
Սեզոնների վերջում հացահատիկային բույսերի պաշարների ՊԳԿ կանխատեսումները կազմել են 854 տոննա, որն անցած ամսվանից սկսած՝ 2023 թվականի համար ավելացվել է 7,6 միլիոն տոննայով, սակայն, միևնույն է, վկայում է տարեկան 0,6 տոկոսի անկում (5 միլիոն տոննա)։ Այս մակարդակում հացահատիկի օգտագործման պատրաստ համաշխարհային պաշարների գործակիցը 2021-2022 թվականներին 30,7 տոկոսից 2022-23 թվականներին կիջնի 29,8 տոկոսի:
2022-2023 թթ. հացահատիկային բույսերի համաշխարհային առևտրի վերաբերյալ ՊԳԿ-ի վերջին կանխատեսումը 468 միլիոն տոննա էր, ինչը 4,8 միլիոն տոննայով ավելի է անցած ամսվա համեմատ, բայց և ամենացածր մակարդակն է երեք սեզոնների ընթացքում և 11,4 միլիոն տոննայով (2,4 տոկոս) նվազում՝ 2021-2022 թվականների ծավալից։ Հաշվի առնելով անկումը՝ կանխատեսվում է, որ 2022-2023 թթ. (հունիս-հուլիս) կերային մշակաբույսերի առևտուրը կկրճատվի 4,1 տոկոսով (9,5 միլիոն տոննա)՝ 2021-2022 թթ. (հունիս-հուլիս) հաշվարկված մակարդակից, ինչը մեծապես պայմանավորված է Ուկրաինայի պատերազմի հետևանքով եգիպտացորենի և գարու արտահանման կորուստներով։
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է։




