
Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը հյուրընկալել է Հրազդանի դրամատիկական թատրոնին։ Վերջինը երևանյան հանդիսատեսի առաջ հանդես է եկել «Տունը սահմանի վրա» ներկայացմամբ։ Այն բեմադրել է Տիգրան Գյուլումյանը՝ Կարինե Խոդիկյանի համանուն պիեսի հիման վրա։
Մի ընտանքի պատմություն․ հայրը զոհվել է արցախյան առաջին պատերազմում, կինը՝ Մարիամը, ամուսնու հիշատակը վառ պահելու համար գյուղը չի լքում։ «Տունը սահմանի վրա» ներկայացումը Հրազդանի դրամատիկական թատրոնում բեմադրել է Տիգրան Գյուլումյանը՝ Կարինե Խոդիկյանի պիեսի հիման վրա:

«Աշխարհում է այդ տենդենցը՝ թողնել հայրենիքը, գնալ ու ապրել օտարության մեջ։ Դա տառապանք է, իսկ մեզ համար՝ առավել ևս։ Դա ազգակործան հետևանքներ ունի»,-ասում է բեմադրող ռեժիսորը։
Պիեսի ընտրությունը պատահական չէ։ Թեման օրախնդիր է նաև այսօր․ հայրենի հողը սիրելու, պահելու, այն չլքելու խնդրին բախվում են նորանոր սերունդներ ։ Կնոջ ՝Մարիամի կերպարը մարմնավորել է դերասանուհի Սիրանուշ Լազյանը։ Նրա համար կրկնակի դժվար էր կերտել այս կերպարը։ Հայրը զոհվել է արցախյան առաջին պատերազմում․ պիեսի և իր կյանքի պատմությունները շատ նման են։
«Ես ունեմ վառ օրինակ՝ Մարիամը, ու փորձել եմ վերապրել այն տարիները , որ մայրս էր ապրում մեզ դաստիարակելով, որպեսզի մենք կապված լինենք մեր հողին ու ջրին ու վառ պահենք մեր պապայի անունը, ինչն այդպես էլ եղավ։ Փորձեցի գոնե 50 տոկոսվ խաղալ մամայիս դերը։ Ու եթե Մարիամի նման կանայք շատ լինեին, գուցե մենք ավելի լավ ապրեինք։ Կռվող, պայքարող տղաների կողքին նաև Մարիամի նման կանայք են պետք»,-ասում է դերասանուհին։
Գոհարը Մարիամի հարևանուհին է։ Այն հավաքական կերպարն է, որը ճանաչելի է բոլորիս։ Նա տեղյակ է գյուղի անցուդարձից, բոլոր հարևանների դարդ ու ցավից,բայց ինքն էլ իր ցավն ունի, որը կարողանում է քողարկել։ Հումորն ու դրամատիզմը միախառնելով՝ փորձում է հաղթահարել այն։ Նրա զավակներն արդեն լքել են հայրենիքը, բայց ինքն ամուսնու հետ մնացել է, որ պահի սահմանը։ Գոհարին մարմնավորում է դերասանուհի Նարինե Սարգսյանը։
«Նմանատիպ կանայք, ինձ թվում է, բոլոր բակերում կան։ Եթե նույն ցավը չեն ապրել, այնքան են հարևանուհու հետ շփվել, որ այդ ցավը դարձել է իրենցը։ Ու որքան էլ իմ կերպարը, թվում է, թեթևամիտ կին է, բայց իր ներքին դրաման այնքան ուժեղ է, որ ասում է՝ տառապանքով ոչինչ չի բուժվում, այլ ժպիտով»։
Ներկայացման մեջ կարմիր թելի նման գնում է հետևյալ միտքը՝ որտեղից է սկսվում հայրենիքը, արժե արդյոք այն ամեն ինչից վեր դասել, եթե կյանքը, ինչպես ասում են, մեկն է ու միակը:
Հատված ներկայացումից․
«-Մամ, ես գնում եմ Մոսկվա ու չգիտեմ ինչու։
-Գնա, ներիր որդիս, որ չկարողացա քեզ բացատրել, որ հայրդ դրանց աթոռի համար չի զոհվել, որ կարողանայիր տարբերել իշխանությունը հայրենիքից։»։
Բայց Մարիամը շտապում էր․ որդին վերադառնում է, ու տունը պահում սահմանի վրա։









