ԿարևորՀասարակություն

Նիդերլանդներում հայկական գրքերի անկյուն է բացվել

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Նիդերլանդների Ամստելֆեն քաղաք և հանդիպում ունեցել քաղաքապետ Տյապկո Պոպենսի հետ։

Այնուհետև դեսպան Տիգրան Բալայանը մասնակցել է «Լուսավոր Ապագա» (Bright Future Foundation) հիմնադրամի նախաձեռնությամբ Ամստելֆենի քաղաքային գրադարանում (De Bibliotheek Amstelland) հայերեն գրքերի անկյուն ստեղծելու բացման արարողությանը։ Ողջույնի խոսքում դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել Bright Future-ի ղեկավարությանը նախաձեռնության և գրադարանի տնօրինությանը դրան աջակցելու և հայերեն մանկական գրականությունը մշտական հիմքով հյուրընկալելու համար` հույս հայտնելով, որ այս օրինակը տարածում կգտնի ամբողջ երկրում։

Դեսպան Տ.Բալայանը միջոցառմանը ներկա հայ երեխաների համար ընթերցել է Եզոպոսի առակներից։

«Լուսավոր Ապագա» (Bright Future Foundation) նիդերլանդական հիմնադրամի տնօրեն Մարիամ Կիրակոսյանն իր խոսքում նշել է, որ չափազանց կարևոր է համարում հայերեն գրքերի առկայությունը Նիդերլանդների գրադարաններում. «Հայ ծնողներին ընձեռվում է բացառիկ հնարավորություն առիթն օգտագործել և հաճախ հանդիպել միմյանց գրադարանում, ընթերցել հայերեն գրքեր՝ պահպանելով և տարածելով մեր լեզուն»։

Բացի այդ, Մ.Կիրակոսյանի կարծիքով, հայկական անկյան առկայությունը արտասահմանցիների մոտ հետաքրքրություն կարող է առաջացնել՝ ծանոթանալ մեր մշակույթին, լեզվին, ուսումնասիրել հայատառ գրքեր և, առհասարակ, սա փոքրիկ գովազդ է մեր երկրի համար։

Քաղաքային գրադարանի (De Bibliotheek Amstelland) ուսումնական նախագծերի գծով մենեջեր Խերթրուդ Հուգենդորնի խոսքով, Ամստելֆենը միջազգային քաղաք է, և գրադարանի դռները միշտ բաց են այլազգի բնակիչների համար։ Նա հրավիրել է հայկական համայնքի ներկայացուցիչներին հայերեն գրքեր վերցնել ու կարդալ՝ ակտիվ օգտվելով «Գրքերի Աշխարհ» կոչվող անկյան նորաբաց հայկական «գրատնակից»։

Հայերեն գրքերը «Լուսավոր Ապագա»-ին է տրամադրել հայաստանյան «Անտարես» հրատարակչությունը: Գրքերը Նիդերլանդներ են տեղափոխվել Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Կարդացեք նաև

Back to top button