
Կինն ու գիտությունը, կինն ու տեխնոլոգիան հրաշալի համատեղվում են՝ կարծում է միկրոէլեկտրոնային սխեմաներ արտադրող համաշխարհային խոշորագույն ընկերություն «Սինոփսիս»-ի գլխավոր ճարտարապետը։ Հայաստանը, նրա խոսքով, ոչ միայն առաջատար է տեխնոլոգիական մտքի, այլ նաև դրանում կանանց ներգրավվածության տեսանկյունից։ Ընկերության ավելի քան 1000 աշխատակիցների 40 տոկոսը կանայք են, այն դեպքում, երբ գլխամասում՝ Սիլիկոնյան հովտում, ձգտում են գոնե 10 տոկոս մասնակցության։ Փորձագետների կարծիքով, սակայն, սա Հայաստանում ոչ թե օրինաչափություն, այլ բացառություն է։
Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր արտադրող համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Սինոփսիս»-ի հայաստանյան գրասենյակը գլխամասից հետո երկրորդ խոշորագույնն է։ Ընկերության 18 000 աշխատակիցներից շուրջ 1000-ը գործում են Հայաստանում։ Նորարարությամբ, ստեղծագործականությամբ ու կիրառելիությամբ հայկական տեխնոլոգիական միտքը ևս առաջատար է՝ պատմում է «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարապետ, «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշում է՝ ընկերության հայաստանյան գրասենյակը հպարտանալու մեկ այլ, կարևոր արժանիք ունի․
««Սինոփսիս»-ին հաջողվել է կանանց մեծ մասնակցություն ապահովել, ինչքան գիտեմ՝ «Սինոփսիս»-ում 40 տոկոսը կանայք են, այն դեպքում, երբ Սիլիկոնյան հովտում մասնակցությունը հազիվ 10 տոկոսի է հասնում։ Խնդրում եմ՝ պատմեք այս ֆենոմենի մասին, քանի որ մենք կառավարությունում դեռ դժվարանում ենք տնտեսության մյուս ճյուղերում ապահովել կանանց նման նշանակալի մասնակցություն»։
«Կանայք տեխնոլոգիական հարցերում, ինժեներինգի, գիտության մեջ միշտ տեղ են ունեցել, քաջալերել է պետք և մնայուն պահել է պետք»։

Երվանդ Զորյանը պատմում է՝ վերապատրաստվելու դեպքում հայ կանայք հրաշալի աշխատակիցներ են դառնում և կարողանում են իրենց տեղը գտնել աշխատանքի բոլոր մակարդակներում՝ մինչև մենեջերներ ու տնօրեններ։
«Ամեն մակարդակի ունինք, բոլոր մակարդակներուն մեջ ունինք կիներու ներկայությունը և իսկապես հպարտ ենք»։
Հայաստանում կանայք ներգրավված են գիտության մեջ, սակայն ծավալները գոհացուցիչ համարել չենք կարող՝ կարծում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Համեմատությունն ու թվերը հուշում են՝ կանանց դերն ավելացնելու մեծ կարիք կա։
«Օրինակ՝ արևմտյան կամ հյուսիսային Եվրոպայի պես երկրներում, տղամարդկանց հետ հարաբերակցությունը կազմում է շուրջ 50 տոկոս։ Հայաստանում այդ թիվը չի անցնում 10-12 տոկոսը։ Իսկ արևելյան երկրների համեմատությամբ կարծես թե մոտավորապես նույն պատկերն ունենք»։

Հայաստանում կանայք ակտիվ ներգրավված են կրթության մեջ, իսկ գիտության ոլորտում տղամարդկային մենաշնորհ կա։ Բակալավրի որակավորում ստացողների մեջ կանայք գերակշռում են, մագիստրատուրայում կանանց և տղամարդկանց ներգրավվածությունը հավասարվում է, իսկ կրթության երրորդ փուլում՝ ասպիրանտուրայում, կանանց մասնակցությունը կտրուկ նվազում է։ Պատճառներից մեկը, փորձագետի կարծիքով, գիտությամբ զբաղվելու պատրվակով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու պրակտիկան է։ Խնդիր է նաև կանանց դերի մասին կարծրատիպային ընկալումը։
«Հասարակության մեջ որոշակի կարծրատիպեր կան, որոնք մեղմացել են տարիների ընթացքում և հատկապես անկախության տարիներին, բայց դրանք, ընդհանուր առմամբ, չեն վերացել, և դա է պատճառը, որ շատերի գիտակցության մեջ կինը նույնիսկ բուհում չպիտի սովորի։ Հիմա գուցե դա հաղթահարել ենք, բայց դրանից հետո շարունակել ի հաշիվ ընտանիքի, մեծ հաշվով, մեր հասարակության մեջ ընդունված չէ»։
Այժմ կին գիտնականների գաղափարները ֆինանսավորելու դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում, որոնք գուցե որոշ չափով բալանսավորեն ոլորտում սեռային համամասնությունը։ Գիտական, տեխնոլոգիական աշխատանքով զբաղվող գործատուների պատրաստակամությունը, «Սինոփսիս»-ի գլխավոր ճարտարապետի կարծիքով, ևս էական նշանակություն կարող է ունենալ։
«Մեր ընկերության մեջ Հայաստանը որպես օրինակ կտան, որ այդքան բարձր քանակով կին կա, բայց ես անձամբ, շիտակ, գոհ չեմ, քանի որ կըսեմ արդար ըլալու համար 50/50 պիտի ըլա, տակավին 40 ենք միայն․․․»




