ԿարևորՀասարակություն

Ես անիմաստ չեմ ապրել ոչ մի վայրկյան․ Ռաֆայել Քոթանջյանի կյանքն ու երազանքը

«Յուրաքանչյուր վայրկյան պետք է ապրես հավուր պատշաճի, այնպես, որ հետո երբեք չամաչես, չխուսափես այդ վայրկյանները հիշելուց». սա հատված է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի՝ Հանրային ռադիոյին տված վերջին հարցազրույցից։ Հայաստանի վաստակավոր, Ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի», Գյումրու «Պատվո և նվիրվածության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, թատրոնում ու կինոյում հարյուրավոր դերեր կերտած վարպետն այսօր՝ 79 տարեկան հասակում հեռացել է կյանքից։

«42 թվական։ Թիֆլիսում ծնվում է Ռաֆայել Քոթանջյան։ Թվում է, թե նորմալ երևույթ, բայց անցնում է ընդամենը 2 տարի, և կյանքում լինում է մի պահ, որից հետո կարող էր չշարունակվել կյանքը կամ շարունակվել»։

Երբ Արտյոմ Քոթանջյանը օգնում էր կնոջն արդուկել վերնաշապիկը, պատահաբար սովետական ծանր արդուկով հարվածեց որդու՝ երկամյա  Ռաֆայել Քոթանջյանի ճակատին։ Վնասվածքը լուրջ էր, բայց երեխայի կյանքը փրկել հաջողվեց։ Ասում էր՝ այդ օրվանից արդեն կյանքն ու դրա ընթացքը ճակատագրի ձեռքում էր։

Եթե ռուսերենի ուսուցչուհին Ռաֆայելի մեջ թատրոնի նկատմամբ սեր չարթնացներ, գուցե այսօր խոսեինք մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Քոթանջյանի մասին։ Հայրն այդպես էր ցանկանում, սակայն ճակատագիրն այլ ընթացք էր նախատեսել։ Դարձավ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ։ Նաև՝ Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի ձայնը․

«Երբեմն ես ինձ հարց եմ տալիս՝ եթե ուրիշ ձև դասավորվեր իմ կյանքը․․․ Չէ, ես ոչ մի բանի համար ափսոսանք չունեմ, էն եմ արել ինչ պիտի անեի, ուրիշ ձև չեմ կարող անել ու ապրել»։

Դրամատուրգները թատերական դերեր էին գրում հատուկ նրա համար, կինոռեժիսորները երբեմն շեղվում սցենարից՝ նրան ավելի երկար կադրում պահելու համար, խաղընկերները՝ փնտրում նրա ներկայությունը նույն բեմում ու կադրում։

«Ես միաժամանակ նկարվում էի 3 ֆիլմում և երեք տարբեր կերպարներում։  Շատ ծանր ֆիլմեր, բայց ինձ համար ծանր չէր, ես մի ֆիլմից մյուսն էի անցնում կարծես շլյապաս հանեցի, դրեցի ստեղ, մյուսը շլյապաս դրեցի և բոլորովին ուրիշ մարդ եմ»։

Երբ լույս տեսավ Ռաֆայել Քոթանջյանի մասին պատմող «Նոն ֆինիտա»՝ <Անավարտ աշխատանք> գիրքը, վարպետը պատմեց՝ իր երազանքների ներկայացումը՝ մի քանի սիրելի ստեղծագործություններից ծնված համահավաք սցենարը դեռ չէր գրվել։ Հույս ուներ, որ որևէ մեկը կգրի այն իր պատկերացումների համաձայն և ինքը կհասցնի կերտել այնքան սպասված կերպարը

«Դժվար ցանկություն է, բայց բոլոր դեպքերում․․․ բա մարդ չունենա՞ մի երազանք, որը կարող է և մինչև կյանքի վերջ այդպես էլ չիրականանա։ Ես էդպես չեմ մտածում, ես մտածում եմ, որ կիրականանա, բայց այնուամենայնիվ նույնիսկ պատրաստ եմ նրան, որ ես ապրեմ էդ ցանկությամբ, թող չիրականանա բայց թող իրականանա (ժպտում է)»։

Երազանքը չիրականացավ։ Հունիսի 13-ին 79 տարեկան հասակում վարպետը հեռացավ կյանքից։ Հայաստանի Հանրային ռադիոյին տված վերջին հարցազրույցում նա  ասել էր․

«Ինչ–որ սխալներ արել եմ, բայց հպարտությամբ կարող եմ ասել՝ հավատացեք իմ կատարած սխալների քանակն էնքան քիչ է, համեմատած իմ հաղթանակների հետ, որ ես իսկապես իրավունք ունեմ հպարտանալ էդ առումով։ Մենք անիմաստ չենք ապրել ոչ մի վայրկյան»։

Կարդացեք նաև

Back to top button