ԿարևորՏնտեսական

Ուղիղ չվերթերը կամրապնդեն հայ- ղազախական գործարար կապերը

Շաբաթը երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, Զվարթնոց օդանավակայանից ուղիղ չվերթեր կկազմակերպվեն  դեպի Ալմաթի։ ԵԱՏՄ անդամ երկու երկրներում էլ հույս ունեն, որ դրանք կնպաստեն  տուրիզմի,  գործարար կապերի զարգացմանը։ 2021 թվականին Ղազախստանից Հայաստան է ժամանել 5451 զբոսաշրջիկ՝ 2,5 անգամ ավելի շատ, քան 2020–ին։  ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Ղազախստանի  առևտրի ծավալը  2021–ին աճել է 28 տոկոսով՝ հասնելով 26,1 մլրդ դոլարի: Ընդ որում՝ Ղազախստան-Հայաստան երկկողմ առևտրաշրջանառությունը նշված շրջանում աճել է ավելի քան 30 տոկոսով

Շաբաթը երկու անգամ ուղիղ չվերթ նոր՝ Ալմաթի-Երևան ուղղությամբ։  Ղազախական «FlyArystan» ավիաընկերության առաջին չվերթի ուղևորները ղազախ բլոգերներն են․ ուրախ են, որ Հայաստան են այցելել։

 «Մեզ հրաշալի ընդունեցին, շնորհավորեցին, նաև՝ նվերներ ստացանք ։   Երևանում ենք  առաջին անգամ՝  ծանոթանալու Հայաստանի հետ։ Ինձ համար անսպասելի էր, հաճելի հանդիպում էր։ Այստեղից հետո կգնամ Լեհաստան, ապա՝ Ուկրաինա»։

Ալմաթի-Երևան նոր ուղղությամբ թռիչքները կիրականացվեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին Airbus A320 հարմարավետ ինքնաթիռներով: ԵԱՏՄ անդամ երկու երկրներում վստահ են՝ այս չվերթի անհրաժեշտությունը կա։ ՏԿԵՆ Գնել Սանոսյանն ընդգծում է։

 «Հայ-ղազախական հարաբերությունները բավական ակտիվ զարգանում են։ Կարծում ենք, որ այս իրողությունը ավելի կնպաստի դրան։ Տոմսերը բավականին մատչելի են՝ այս թռիչքի համար 28 հազար դրամ։ Այս թռիչքները կնպաստեն ուղևորահոսքի ավելացմանը»։

Նախկինում Ալմա-Աթան ամենապահանջված ուղղություններից էր՝ արձանագրում է  «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը։ Նա նույնպես վստահ է, որ նորից գործարկվող ուղղությունը կնպաստի  զբոսաշրջիկների թվի ավելացմանը։

 «Հույս ունենք, որ կարդարացվի։ Ես մաղթում եմ անվտանգ, ապահով թռիչք։ Տնտեսական առումով նաև շահավետ թռիչքներ եմ մաղթում, քանի որ հենց սա է, որ պետք է դրդի ավելացնել չվերթերի քանակը»։

Հայաստանի Հանրապետությունում  Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը կարևորում է բոլոր ոլորտներում  հայ–ղազախական համագործակցությունը ։ Կարծում է՝ բլոգերների այցը Հայաստան կօգնի մեր երկրի զբոսաշրաջային իմիջի ձևավորմանը։

«Այս չվերթով Հայաստան են եկել բլոգերները, որոնց համար մենք 4–օրյա տուր ենք կազմակերպել։ Նրանք այս ընթացքում հնարավորություն կունենան Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներուժի հետ ծանոթանալ»։

2021 թվականին Ղազախստանից Հայաստան է ժամանել 5451 զբոսաշրջիկ՝ 2,5 անգամ ավելի շատ, քան 2020-ին։ Այս թիվը  մեծանալու ներուժ ունի՝ համոզված  է էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը։ Նա նաև վստահ է՝ երկու երկրների  գործարար կապերը ևս  զարգացման պոտենցիալ ունեն։

«Ցավոք, մենք  մեծ  զբոսաշրջային ծավալներ չունենք  դեռ Ղազախստանի հետ, բայց ակնկալում ենք, որ ուղիղ չվերթերը դրան կնպաստեն։ Ուղիղ չվերթեր ունեցող բոլոր երկրների տուրիզմը  զարգանում է։ Ուղիղ չվերթերը նաև գործարարներ կբերեն Հայաստան, ինչը մենք կարևորում ենք»։ Վիճակագրական տվյալների համաձայն, ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Ղազախստանի առևտրի ծավալն աճել է 28 տոկոսով՝ հասնելով 26,1 մլրդ դոլարի: Ընդ որում, Ղազախստան-Հայաստան երկկողմ առևտրաշրջանառությունը նշված շրջանում աճել է ավելի քան 30 տոկոսով։

Կարդացեք նաև

Back to top button