ԿարևորՀասարակություն

Ականանետներից մինչև «Սմերչ». ԶՈւ-ում ծավալուն զորավարժություններ են

ՀՀ զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում ՊՆ նախաձեռնությամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետևել են հրթիռահրետանային համակարգերի մարտական կրակի ցուցադրությանը. այս օրերին ՀՀ ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում, գործի են դրվել լուրջ ուժեր և միջոցներ՝ ականանետներից մինչև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Իրավիճակը մարտական է։ Գործի են դրվում հրթիռահրետանային համակարգեր։ Մարտական կրակ է բացվում։ ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկում են հարձակողական և պաշտպանողական գործողություններ։ ՀՀ զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում վարժանք է։ Սցենարն այսպիսին է, իսկ իրականում մարտական հրաձգությամբ ուղեկցվող զորավարժություններում զգալի ուժեր ու միջոցներ են գործի դրվել։ Կիրառվող սպառազինությունների անվանացանկը տարբեր է՝ ականանետներից մինչև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

ՀՀ ԶՈւ հրթիռահրետանային զորքերի շտաբի պետ, գնդապետ Ռուբեն Գասպարյան․ «Վարժանքների հիմնական նպատակն է ստուգել հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը»:

Զորավարժությունների ժամանակ մարտական պայմաններն իրականին շատ մոտ են։ Նման ծավալուն զորավարժություններ անցկացվում են տարին երեք անգամ՝ տարբեր սցենարներով՝ հարձակում, պաշտպանություն, հակահարձակում, նաև՝ մարտի վարում շրջափակման պայմաններում:

Գնդապետ Գասպարյան. «Հատուկ ուշադրություն է դարձվում 44-օրյա պատերազմի ընթացքում ձեռք բերված անգնահատելի փորձի ուսումնասիրությանը, կատարվում է սխալների ուղղում, համապատասխան շտկումներ են արվում ուսումնական պլաններում»:

Լրագրողների՝ զորավարժությունների գոտի ժամանելու պահին «Սմերչ» արձակման կայանքներն արդեն տեղակայված են ու մարտական վիճակի բերված․ մնում էհրամանը։ Իսկ մինչ կկրակի Սմերչը, լրագրողները ծանոթանում են դրա չափորոշիչներին։

«Սմերչ»-ը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և նմանատիպ այլ թիրախների խոցման համար։ Համակարգը կարող է արձակել կասետային, բեկորա-ֆուգասային և տերմոբարիկ մարտական մասով օժտված ռեակտիվ արկեր։

Լրագրողների այցի ու դիտարկման հաջորդ կետը  հաուբիցների և ականանետների դիրքերն են։ Ականանետային մարտկոցն արդեն երեք օր է` մասնակցում է զորավարժություններին, պարապմունքներն անցկացվում են ոչ միայն ցերեկը, այլև գիշերային ժամերին:

Նախքան մարտական հրաձգությանը անցնելը՝ ականանետային հաշվարկը ցուցադրում է տեղակայման գործընթացը: Անձնակազմը հաշված րոպեներում 120 միլիմետրանոց ականանետն իջեցնում է բեռնատարից ու մարտական վիճակի բերում:

Հրաձգությունից հետո հրամանատարությունն ամփոփում է արդյունքներն ու անհրաժեշտ ցուցումներ տալիս անձնակազմին։ Բարձր՝ ՀՀ ԶՈւ հրթիռահրետանային զորքերի շտաբի պետ, գնդապետ Ռուբեն Գասպարյանի գնահատականն է  հրաձգության արդյունքներին:

Կարդացեք նաև

Back to top button