
Բրյուսելում վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները պետք է ձևավորեին սահմանագծման հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողովը։ Սահմանված ժամկետից ուշ կողմերը հայտարարեցին, որ համաձայնեցրել են հանձնաժողովի ձևաչափը և պատրաստ են հանիպել։
Օրերս պետք է կայանար հանձնաժողովի առաջին նիստը, որը, սակայն, չեղարկվել է։ Հայաստանի արտգործնախարարի ձևակերպմամբ՝ որոշ տեխնիկական խնդիրներ կան, որոնք պետք է համաձայնեցվեն։ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին այդ հանդիպումը վերջապես կկայանա։
Սահմանազատման հարցում կողմերի առանցքային տարաձայնությունն առնչվում է «անկլավներին» ։ Թե պաշտոնական, թե մասնագիտական հարթակներում Հայաստանն արդեն ձևակերպել է իր մոտեցումը՝ Ադրբեջանում չկա Հայաստանում «անկլավներ» ունենալու իրավական որևէ փաստաթուղթ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը չի կայացել. կողմերը դեռ համաձայնեցնելու հարցեր ունեն։ Այս մասին Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստից առաջ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Դուք ճիշտ եք, հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»:
Մինչ այդ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայկական կողմին է մեղադրել սահմանազատման հանձնաժողովի հանդիպումը չեղարկելու մեջ։ Նա ասել է, թե իրենք առաջարկել էին մայիսի 16-17-ի հանդիպումն անցկացնել հենց հայ-ադրբեջանական սահմանին։
Թե տեխնիկական ինչ խնդիրների մասին է խոսքը, պարզաբանումներ չեն տրվում։ Հանձնաժողովը պետք է ձևավորված լիներ մինչև ապրիլի վերջը։ Փոքր-ինչ ուշացումով, բայց թե Հայաստանում, թե Ադրբեջանում աշխատանքային հանձնաժողովները ձևավորվել են։ Հայկական կողմը, սակայն, դեռ չի շտապում բացահայտել դրա կազմում ընդգրկված անձանց և հանձնաժողովի նախագահին։
Սահմանագծման և սահմանազատման հարցերին առնչվող վերջին տարաձայնությունը կողմերի միջև վերաբերել է «անկլավներին»։ Հավակնությունների մասին առաջինը հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը՝ հայտարարելով, թե Տավուշի մարզի մի քանի գյուղեր և Տիգրանաշենը Ադրբեջանի «անկլավներն» են։
Հայաստանի արտգործնախարարությունն արդեն պաշտոնապես պատասխանել է այդ հավակնություններին, պարզաբանել է հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանը․
«Տարատեսակ քարտեզներ են հրապարակվել, որ այս քարտեզով այսպես է, այն քարտեզով՝ այնպես է։ Մի շատ կարևոր հանգամանք կա՝ որևէ քարտեզ որևէ կողմի հրապարակած իրավական հիմնավորում չի համարվում առ այն, թե ում տարածքում ինչն է գտնվում պատկանող մյուս կողմին։ Որևէ ցանկացած քարտեզի հիմքում պետք է լինի իրավական փաստաթուղթ՝ ինչպես է այդ քարտեզը գծվել։ Այս պրոցեսը, որ սկսվի, կողմերը պետք է իրար ներկայացնեն պահանջների իրավական հենքը։ Եթե իրավական հենք չկա, չկա պահանջ։ Այդ փոխարտգործնախարարին, բնականաբար, պատասխանվել է մեր կողմից առ այն, որ ՀՀ ձեռքի տակ չկա որևէ փաստաթուղթ, որ մեր տարածքում կան անկլավներ։ Մինչև այսօր, որ չեն ներկայացրել, չեմ կարծում, որ որևէ ձևով իրավական հիմնավորում ունենալու են, որ ներկայացնենք։ Իսկ կներկայացնեն՝ կքննարկենք»։

Մերկապարանոց հայտարարություններից բացի ՝ իր պահանջները հիմնավորող որևէ բան
Ադրբեջանը դեռ չի հրապարակել՝ հայտարարում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը․
«Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր այդ «անկլավների» մասով, մինչդեռ հայկական կողմը ունի իրավական հիմնավորումներ ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով։ Այս հարցում հայաստանի դիրքորոշումն է, որ մենք ակնկալում ենք, որպեսզի Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացվող «անկլավների» հարցում, եթե նրանք այդպիսի հարցեր են բարձրացնում»։
Իրականում իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը հայտնվել է քարտեզների խառնաշփոթի մեջ։ Մի կողմից՝ գործող Սահմանադրությամբ հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն իրավահաջորդ է հայտարարել Առաջին հանրապետությանը, որը իրավական և միջազգայնորեն ճանաչված որևէ քարտեզ չունի։ Մյուս կողմից՝ վկայակոչված «անկլավները» Խորհրդային Միության քարտեզներում են, այն էլ՝ կոնկրետ տարեթվերի։ Եվ որ ամենակարևորն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմաններին առնչվող մեկ փաստաթուղթ կա վավերացված՝ ասում է աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան, Մեծ Բրիտանիայում Հայաստանի առաջին հյուպատոս Ռուբեն Գալիչյանը։
«Եթե Ադրբեջանը սկսել է այնտեղից, որ իր Սահմանադրության մեջ դրել է 1918-20 թթ-ը, ուրեմն անկլավների մասին չի կարող խոսել պաշտոնապես, քանի որ չի ընդունել խորհրդային տեղադրած անկլավները։ Շատ կարևոր իրավաբանակն խնդիր է, որ միջազգային իրավաբանները պետք է այդ խնդիրը լուծեն։ Եթե օտարը ուզում է տեր կանգնել, ուրեմն օտարը պետք է փաստաթուղթ ներկայացնի, որ իրենք ենք մենք տվել ժամանակին։ Այսինքն՝ Ադրբեջանը պետք է այդ փաստաթուղթը ներկայացնի, որ իրենն են այդ «անկլավները»։ Բայց չի կարող ներկայացնել, քանի որ այն ժամանակ փաստաթղթերը, եթե լինեն, որ չկան, խորհրդային ժամանակվա փաստաթղթերն են, որին ինքը չի ընդունում։ Ինչպե՞ս կարող է նրանց չընդունի, հետո նրանց որոշած սահմանը ընդունի»։
Քարտեզագետ-քարտեզաբանի կարծիքով՝ սահմաններին առնչվող միակ իրավական քարտեզները պահվում են Ռուսաստանի արխիվում։ Դրանց «խիստ գաղտնի» մակագրումը վաղուց խախտվել է, քանի որ դրանք հայտնվել են համացանցում։ Հենց այդ քարտեզում կարելի է գտնել պատասխանները և ապացույցները, թե ինչպես Հայաստանից պոկվեց 1500 քառակուսի կիլոմետրը՝ ներառյալ Ալ լճերի 200 քառակուսի կիլոմետրը։ Այդ քարտեզի հիման վրա խորհրդային առաջին հանրագիտարանի մեջ հրատարակվեց Հայաստանի քարտեզը՝ «Հայաստանի սահմանները․ ապրիլի 1․ 1926 թվական» մակագրությամբ։ Մյուս կողմում գրված է՝ НКВД-ի վավերացումով տպված քարտեզ։
«Այստեղ կապույտով նշված է, որ Հայաստանը և Արցախը սահմանակից են՝ բաժանում է միայն Աղավնո գետը։ Դա երկար չտևեց, ադրբեջանը արցախի կողմից մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր գրավեց, որպեսզի Հայաստանին կտրի Արցախից։ Սա մեկ։ Երկրորդը՝ այս քարտեզի վրա հայաստանի և ադրբեջանի սահմանի որոշ շրջաններ ներկված են կանաչով։ Այդ կանաչները այն տարածքներն էին, որ 1927-28 թթ-ից հետո մինչև 1940 թվականը տրվեցին Ադրբեջանին՝ պիտի հիմնվեր Կարմիր Քրդստան գավառը։ Բայց 1932 թվականին Քրդստանի հիմնադրումը չեղարկվեց։ Այսինքն՝ այն հողերը, որ նրանց համար էին վերցրել, օրենքով պետք է հետ տային, բայց Ադրբեջանը պահեց իրենց»։

Սահմանազատումն ու սահմանագծումը ունեն միջազգանորեն ընդունված կանոններ՝ ասում է Գալիչյանը։ Հիշեցնում, որ Իրանի և Թուրքիայի սահմանազատման ժամանակ վիճահարույց հարցերը լուծվել են հրավիրյալ մասնագետի աջակցությամբ։ Մեծ Բրիտանիայից հրավիրված մասնագետը աշխատել է 3 տարի և առաջարկել կողմերի համար ընդունելի տարբերակ։
Գալիչյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծում և սահմանազատում իրականացնելիս ևս պետք է դիմել երրորդ կողմի աջակցության։ Քարտեզագետ-քարտեզաբանը պնդում է, որ Ռուսաստանը չի կարող ստանձնել այդ դերը, քանի որ չեզոք երկիր չէ՝ Հայաստանից Ադրբեջանին հողեր տալու նախաձեռնողը ինքն էր և չի կարող այսօր ուղղել նախկինում թույլ տված սխալները։





