
Ֆրանսիայի ՆԳՆ վերջին տվյալների համաձայն՝ արձանագրությունների 97 տոկոսի հաշվարկից հետո նախագահական ընտրություններում առաջատարը Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն է. նա հավաքել է ձայների 27,6 տոկոսը։
Երկրորդ տեղում է աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը (23,41 տոկոս), իսկ ծայրահեղ ձախ հայացքներով թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը երրորդն է (21,95 տոկոս):
Մինչդեռ Ֆրանսիայի մայրաքաղաքային մարզում Մելենշոնը, որն այլևս երկրորդ փուլի թեկնածու չէ, զբաղեցրել է առաջին տեղը (30,24 տոկոս ձայն), որին հաջորդում են Մակրոնը (30,19 տոկոս) և Լը Պենը (12,97 տոկոս): Այս տարածաշրջանում չորրորդ տեղում է ծայրահեղ աջ թեկնածու Էրիկ Զեմմուրը (7,46 տոկոս)։ Աջ կենտրոնամետ հանրապետական թեկնածու Վալերի Պեկրեսը զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ հավաքելով ձայների 6,19 տոկոսը։
Բուն Փարիզում իրավիճակն այլ է՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում Մակրոնը ստացել է 35,33 տոկոս, Մելանշոնը՝ 30,09 տոկոս, Զեմմուրը՝ 8,16 տոկոս։ Մարին Լը Պենը զբաղեցրել է վեցերորդ տեղը՝ հավաքելով ձայների 5,54 տոկոսը։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին։




