
Մարտի 30-ին Բրյուսելում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բելգիականը՝ ԱԳՆ երկկողմ հարցերով գլխավոր տնօրեն Ժերոան Կորմանը։
Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Բելգիայի միջև արդյունավետ և կառուցողական երկխոսությունը, կարևորել են համագործակցությունը երկկողմ, ինչպես նաև՝ բազմակողմ շրջանակներում: Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում՝ կողմերը մասնավորապես ընդգծել են ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ է եղել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում կարևորվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Պարույր Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում Բելգիայի Ներկայացուցիչների պալատի, Սենատի, Ֆլանդրիայի և Վալոնիայի տարածաշրջանների խորհրդարանների դիրքորոշման և աջակցության, ինչպես նաև՝ երկկողմ ու բազմակողմ հարթակներում Բելգիայի կառավարության կողմից խնդրի բարձրացման համար։
Այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ելույթ է ունեցել Եվրոպական քաղաքականության կենտրոնում:




