
Ո՞վ է ֆերմերը Հայաստանում․ գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանն սա համարում է պատասխան չունեցող, հռետորական հարց․
«Արդեն երկար տարիներ է, նույնիսկ 10-ամյակներ, մենք օգտագործում ենք մեր լեքսիկոնում ֆերմեր, կամ ֆերմերային տնտեսություն հասկացությունը, բայց այդպես էլ ուղղակի չհասկանալով կամ չտարբերակելով՝ կոնկրետ ո՞ր տնտեսությունների մասին է խոսքը, ինչպիսի՞ արտադրության ծավալով, ինչպիսի՞ հնարավորություններով, մենք չունենք բացարձակապես պատկերացում։ Եվ շատ հաճախ ենթադրենք 1000 քմ հողատարածք ունեցող գյուղացուն և ենթադրենք 10 կամ 50 հեկտար ունեցող ավելի խոշոր տնտեսավարողներին մենք էլի ֆերմերի կարգավիճակն ենք մեր խոսակցության մեջ տալիս»,-ասում է Գառնիկ Պետրոսյանը։

Օրենքով տրվող սահմանում, թե որ դեպքում է մարդը համարվում ֆերմեր, Հայաստանում չկա։ Անկախ ունեցած անասնագլխաքանակի թվից, հողատարածքից և կոնկրետ վարած գործունեությունից, գյուղացուն անվանում են ֆերմեր։
Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանն մտահոգված է․ նախորդ տարի Հայաստանում կաթի արտադրական ծավալները կրճատվել են։ Նշում է, որ հիմա, առավել քան երբևէ, կարիք կա ոլորտը կարգավորելու, վերանայելու պարենային անվտանգության խնդիրները, ուշադրություն դարձնելու՝ կաթի արտադրությանը, քանի որ այն առաջնային սպառում ունի մեր երկրում։ Գիգոյանի խոսքով՝ Հայաստանում հաշվվում է 160 հազար ֆերմեր։ Նրանք ֆերմեր են համարվում՝ անկախ պահվող անասունների գլխաքանակից․
«Շահառուն, որը գնում է օրինակ կաթ ֆերմերից, պետք է իմանա, գոնե կանխատեսելի լինի նրա համար, թե ի՞նչ պայմաններում է աշխատում այդ ֆերմերը։ Պահանջներ կան, որոնք պետք է ապահովվեն, միանշանակ լինեն բոլորի համար։ Օրինակ պետք է հստակ սահմանվի, թե մեկ գլուխ անասունը գոմի ինչքան տարածքում պետք է մնա, գոմը առհասարակ ինչ կարգավիճակում պետք է լինի, ինչ չափերի պետք է լինի։ Կթման սարքավորումների հարցը պետք է լուծվի, այս բոլոր հարցերը կարգավորված չեն, համակարգված չեն, պահանջ չկա այս ամենը ապահովելու և բնականաբար անասունն էլ չի կարող առողջ լինել նման պայմաններում»,-ասում է Գիգոյանը։

Գիգոյանի խոսքով՝ ֆերմերին ստատուս տալու դեպքում կսկսվի համագործակցություն պետության և արտադրողների միջև։ Այս կապը կդառնա ավելի համակարգված, ստացած ապրանքը կունենա ավելի բարձր որակ։ Այս ամենն ըստ Գիգոյանի չի կարող համակարգել պետությունը, դրա համար էլ, ըստ նրա ՝ավելի քան հրաժեշտություն կա ստեղծելու Ֆերմերների ասոցացիա։
Այս կարծիքին է նաև գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանը, նրա խոսքով ասոցացիայի ստեղծումը և ֆերմերներին այսպես ասած դասակարգելը, նրանց ստատուս տալը գյուղոլորտում համակարգվածություն կմտցնի․
«Մենք պետք է ունենանք հստակ գնահատական․ ինչ չափեր պետք է ունենա տվյալ տնտեսությունը, որ ինքը համարվի արդյունավետ, ապրանքային տնտեսություն, որ նաև հետագայում կարողանանք ճիշտ դասակարգել՝ որն է փոքր գյուղացիական տնտեսություն, կամ որն է ֆերմերային տնտեսություն, որն է կոպերատիվը։ Տարանջատումը մենք բացարձակ չունենք։ Դա հասկանալու համար առաջին հերթին պետք է տնտեսագիտորեն լուրջ ուսումնասիրություններ կատարվեն և տրվի տնտեսագիտական հիմնավորումը՝ որ տարածաշրջանում օրինակ մշակաբույսերի մշակության ուղղությամբ ինչպիսի չափեր պիտի ունեն տնտեսությունները, որ հնարավորություն ունենան արդյունավետ տնտեսվարելու»,-ասում է գյուղատնտեսը։
Նախորդ տարի Հայաստանը ներկրել է շուրջ 917 հազար լիտր կաթ։ Կաթից դիֆիցիտի արդյունքում դատարկ են եղել պանրի մի շարք արտադրամասեր։ Գիգոյանի խոսքով նման խնդիրները կարող են գոնե կանխատեսելի լինել, նաև լուծվել ինչ-որ չափով, եթե ֆերմերները ստատուս ունեն, հստակեցվի նրանց թիվը, այնուհետև հստակեցվի նրանց ուենցած անասնագլխաքանակի թիվը։

Արմեն Գիգոյանի խոսքով կովերը պետք է համարակալվեն, որպեսզի հստակ պատկեր ունենանք՝ ի՞նչ ցեղայնության են, արյունակցական կապերի խաչասերում եղել է, թե ոչ, ըստ այդմ ՝ ի՞նչ հիվանդություններ ունի,․ ի՞նչ կաթնատվություն և այլն։ Այս շղթայում ինքնըստինքյան նաև կկարգավորվի կաթի գինը և ծավալները․
«Օրինակ՝ ես պանրագործ եմ, պետք է կաթ գնեմ և ամեն անգամ չեմ ուզում կաթի որակը ստուգելիս մատերս խաչեմ, որ տեսնեմ որակը ինչպիսին է գնելուց հետո։ Սա նաև հենց ֆերմերին կօգնի կաթի գին սահմանելիս, որքան բարձր որակ ունի, որքան բարձր ստատուս, այդքան թանկ արժե նրա վաճառած կաթը»,-ասում է Գիգոյանը։
«Ռադիոլուրը» կապ է հաստատել Էկոնոմիկայի նախարարության հետ, այնտեղից տեղեկացրին, որ ֆերմերին ստատուս տալու վերաբերյալ այս պահին որևէ իրավական հիմք չկա, նախարարությունը սակայն տանում է աշխատանքներ գյուղատնտեսության մասին օրենքի շրջանակներում տնտեսվարողի կարգավիճակը հստակեցնելու ուղղությամբ։




