
2021-ին Հայաստան փոխանցված գումարների մոտ 40 տոկոսը Ռուսաստանից էր։ Ըստ գնահատումների՝ ՌԴ մեկնած հայերի մոտ 64 տոկոսն այս երկրում է աշխատելու նպատակով, իսկ սա նշանակում է, որ ռուսական ռուբլու արժեզրկումն ու ՌԴ նկատմամբ պատժամիջոցներն ուղղակիորեն կազդեն նրանց ու նրանց ընտանիքների գրպանի վրա։ Փորձագիտական դաշտում արձանագրում են՝ քանի որ Հայաստան ուղարկվող գումարների 90 տոկոսից ավելին ուղղվում էր սպառմանը, ուստի սա կազդի նաեւ մեր քաղաքացիների կենսամակարդակի վրա։ Այս խնդիրների կողքին նաեւ ՌԴ-ի խստացված միգրացիոն նորմերն են։ Ստեղծված իրավիճակում մեկնել արտագնա աշխատանքի, թե՞ ոչ:
ՌԴ-ն խստացրել է իր քաղաքականությունը միգրանտների, Եվրոպան էլ՝ իր պատժամիջոցները ՌԴ հանդեպ։ Ռուսաստանում աշխատող հայերի համար հեշտ չի լինելու․ կանխատեսման հիմքում վերջին զարգացումներն են ու բիզնես ոլորտից եւ փորձագետներից փոխանցվող մտահոգությունները՝ եթե պատժամիջոցները շարունակվեն, գործարարները 15 հոգուց մեկին կարող են վճարել։ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝ աշխատելու և դրա դիմաց չվճարվելու ռիսկերը բարձր են.
«Որոշ դեպքերում դա կարվի գործատուների կամքից անկախ, քանի որ ֆինանսները չեն բավականացնի։ Նվազում է ռուբլու շրջանառությունը, փորձում են թույլ չտալ, որ մարդիկ մեծ քանակով կանխիկացում անեն։ Սա վտանգ է, որը կա, բայց այս պահին չի կիրառվում»։
Վերջին զարգացումները փոխել են ՌԴ-ում գտնվող հայերի հարցերի ու մտահոգությունների շրջանակը՝ այս իրավիճակում մնալ ու աշխատե՞լ, թե՞ վերադառնալ Հայաստան։ Բեժանյանը կանխատեսում է ՝ հայ միգրանտների մի մասը կվերադառնա.
«Գուցե այստեղ կարողանան գտնել ավելի ձեռնտու աշխատանք, քան այս պահին ՌԴ–ում կարող են անել՝ հաշվի առնելով պատժամիջոցները, ռուբլու անկումը, տնտեսական ճգնաժամը»։
Մինչ այս ճգնաժամը՝ ՌԴ-ն դեռ նախորդ տարեվերջից խստացրել է իր միգրացիոն կարգավորումները։ Իր տարածք մուտք գործելու օրվանից աշխատանքային միգրանտը պետք է 30 օրում հետազոտվի, ձեռք բերի բժշկական հավաստագիր, մատնադրոշմ ու լուսանկար տա։ Այս առումով «Ռադիոլուրի» հետ զրույցում նոր կարեւոր մանրամասներ է հայտնում Հայաստանի Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։ ՌԴ-ն մարտի 1-ից որոշ միգրացիոն կարգավորումներ մեղմացրել է հիմնականում բժշկական հավաստագրման մասով։ Սա իրենից երկու խումբ հետազոտություն է ենթադրում՝ մի դեպքում թմրանյութերի, հոգեմետ նյութերի հանդեպ հակվածության, մյուս դեպքում տարբեր վարակների, այդ թվում՝ տուբերկուլոզի, բորոտության, սեռավարակների ու քովիդի բացահայտման նպատակով։ Մարտի 1-ից քովիդի թեստ հանձնելու պահանջը հանվել է, բացի այդ.
«Մինչ մեղմացումը հոգեմետ նյութերին վերաբերող հետազոտություն անցնում էին վեց տարեկանից սկսած։ Այժմ շեմը բարձրացվել է, ու 13 տարեկանից սկսած են նույն հետազոտությունն անցնելու։ Մինչ մարտի 1-ը բժշկական հավաստագրմում պետք է անցեին երեք ամիսը մեկ, այժմ՝ տարին մեկ անգամ։
ՌԴ միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2021-ին Հայաստանից այդ երկիր մեկնել և օրինական հաշվառվել է շուրջ 579 հազար ՀՀ քաղաքացի։ Նրանց մոտ 64 տոկոսը՝ 390 հազարը, մեկնել է աշխատանքի նպատակով։ Տարեվերջի տվյալներով՝ միգրացիոն հաշվառումից դուրս է եկել 426 հազար անձ։ Ենթադրվում է, որ այդ մասը վերադարձել է, իսկ ավելի քան 46 հազար անձ՝ ստացել ՌԴ քաղաքացիություն։
2019–ին ՌԴ–ում ՀՀ միգրացիոն հաշվառման են կանգնել 634 336 անձ։ Նրանցից 210 460–ն այդ երկիր են մեկնել աշխատանքի նպատակով, 469 237 անձ դուրս է եկել միգրացիոն հաշվառումից։ 2019–ին ՌԴ քաղաքացիություն է ստացել 24 024 մարդ։
ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ 2022թ.-ին բանկերով ֆիզիկական անձինք մոտ 128 մլն դոլարի փոխանցումներ են ստացել՝ նախորդ տարվանից մոտ12 տոկոսով ավելի։ Ընդ որում՝ Ռուսաստանից ու ԱՄՆ-ից փոխանցումները գրեթե հավասար են եղել՝ ընդհանուրի կազմում 32-ական տոկոս։ Բայց աճի միտումն է տարբեր եղել։ Եթե Ռուսաստանից փոխանցումներն ավելացել են 4.5%-ով,ապա ԱՄՆ-ից`15․7 %-ով։ Այդուհանդերձ, 2021-ին Հայաստան եկած գումարների 40 տոկոսը ՌԴ-ից է։ Ուստի ռուբլու կտրուկ արժեզրկումը լուրջ հարված է այս քաղաքացիների գրպանին։ Տնտեսագետ Գրիգոր Նազարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է․
«Տարեկան մոտ 1 մլրդ դոլարի տրանսֆերտ էր ստացվում ՌԴ–ից, այս գումարները բնականաբար կրճատվելու են։ Տրանսֆերտների 90 տոկոսից ավելին ուղղվում էր սպառմանը, ուստի այս իրավիճակը ուղղակիորեն ազդելու է քաղաքացիների կենսամակարդակի վրա»։
Փորձագիտական դաշտում շեշտում են՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները մեծացնում են անորոշությունը եւ բացասական ազդեցությունը։ Ուստի այս պահին այդ երկիր աշխատանքի մեկնել ցանկացողներին հորդորում են սպասել։




