
ԵԱՏՄ անդամ երկրները կփոխանակվեն վարկային պատմություններով։ Համաձայնագիրը ստորագրվել է նախորդ տարեվերջին՝ Երևանում։ Կա փորձագիտական կարծիք, որ խնդիրը պետք է դիտարկել ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի համատեքստում։ ԵԱՏՄ անդամ երկրներում վարկային պատմությունների փոխանակումը հնարավորություն է նաև բիզնեսի համար։ Ակնկալվում է, որ բանկային համակարգում մրցակցությունը կմեծանա, ինչը կհանգեցնի վարկերի տոկոսադրույքների ու ֆինանսական ծառայությունների գների նվազմանը։
Անհրաժեշտ ու պարտադիր գործոն․ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը այսպես է գնահատում ԵՏՄ անդամ պետությունների՝ վարկային պատմությունների մասին տվյալների փոխանակման համաձայնագիրը։ Այն ստորագրվել է 2021-ի ավարտին, Երևանում։ Փասատաթղթի համաձայն, առաջիկայում Միության անդամ-պետությունների կենտրոնական բանկերը կհաստատեն այդ տվյալների փոխանակման տեխնիկական կանոնները, որոնք պահվում են վարկային պատմությունների ազգային բյուրոյում: Տվյալները պետք է ունենան պաշտպանվածության բարձր աստիճան: Արդյունքում ՝ Միության երկրներից մեկի ռեզիդենտները կարող են վարկի համար դիմել մյուս չորս երկրների բանկեր, որոնք կկարողանան ստուգել նրանց վարկային պատմությունները և վարկավորման մասին որոշումներ կայացնել: Թաթուլ Մանասերյանը, որ ղեկավարում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը, ընդգծում է՝ պետք է խնդիրը դիտարկել միասնական ֆինանսական շուկայի ձևավորման շրջանակում․
«Չի կարող ձևավորվել ֆինանսական միասնական շուկա, եթե անդամ երկրները տեղյակ չեն, թե ԵՏՄ երկրներում տնտեսվարողները ինչպիսի վարկային պատմություններ ունեն։ Սա ռիսկերից զերծ կպահի վարկեր տրամադրող կազմակերպություններին՝ ոչ միայն բանկերին, այլ նաև վարկային կազմակերպություններին, ներդրումային հիմնադրամներին՝ ճանաչելու, թե ում հետ իրենք գործ ունեն»։
Այս հնարավորությունից կարող են օգտվել և՛ ֆիզիկական անձինք, և՛ տնտեսվարողները։ Ֆիզիկական անձանց դեպքում, օրինակ, ՌԴ–ում կամ ԵՏՄ որևէ այլ երկրում աշխատող, դրական վարկային պատմություն ունեցողը կարող է վարկ վերցնել հենց այդ երկրի բանկերից։ Սա կօգնի և՛ բանկային համակարգին, և՛ քաղաքացիներին,-կարծում է Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը․
«Կան մարդիկ, որոնք այստեղ երկար տարիներ սպասարկվել են, ձևավորել են լավ վարկային պատմություն։ Հետո ինչ-որ պատճառով մեկնում են ՌԴ, սակայն, վարկ չեն կարողանում վերցնել։ Եթե վարկային պատմությունները հասանելի լինեն, ապա նրանք կկարողանան այնտեղից վարկ վերցնել։ Կարող է նաև հակառակը լինել։ Մեր հայրենակիցները, ՌԴ–ում երկար տարիներ ապրելով, վերադառնում են, այստեղ չունեն վարկային պատմություն ու նրանց համար նույնպես ֆինանսական միջոցների հասանելիության խնդիր կարող է առաջանալ»։
ԵՏՄ անդամ երկրների միջև վարկային պատմությունների փոխանակումը նոր հնարավորություն է նաև բիզնեսի համար։ Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝ ոչ միայն քաղաքացիները, այլ նաև տնտեսվարողները Միության երկրներից ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորություններ կունենան։ Նա կարծում է, որ բանկերի կապիտալը նույնպես կավելանա։ Փորձագետները առաջիկայում նաև վարկերի տոկոսադրույքների նվազում են ակնկալում․
«Պետք է այս ամեն ինչը դիտարկել բիզնես պրոցեսների շրջանակում՝ հաշվի առնելով, որ սկսնակ կամ կայացած բիզնեսմենները նոր միջոցներ են փնտրում, նրանք դա վերցնում այն վարկերից ու ֆինանսական կազմակերպություններից, որտեղ տոկոսադրույքները ցածր են։ Այս ամենը պետք է դիտարկել ընդհանուր ԵՏՄ բանկային համակարգում բիզնեսին տրամադրվող վարկերի շրջանակում»։
Ակնհայտ է, որ ԵՏՄ անդամ երկրների բանկային համակարգում մրցակցությունը կուժեղանա, ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Ուստի, համակարգում սպասարկման որակի մեղմացումներ, ֆինանսական շուկաներում ռեսուրսների վերաբաշխումներ պետք է ակնկալել։
Գաղտնիք չէ, որ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը ՌԴ–ն է, սակայն, համագործակցության շրջանակի ընդլայնումը, այլ երկրների հետ ևս, համագործակցությունը խորացնելու հնարավորություն է, ասում է տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը։
«Օրինակ բերեմ ոչ հայ–ռուսական հարաբերություններից։ Ղազախական ընկերությունները կամ քաղաքացիները հետաքրքրություն ունեին, ՀՀ–ում ավտոշուկայից կամ առանձին անհատներից մեքենաներ էին գնում։ Այժմ վճարելիս պարտադիր չէ, որ անպայման տեղական բանկի հետ գործ ունենան։ Կողմերի համաձայնությամբ կարող են հակառակ կողմի բանկի ծառայություններից նույնպես օգտվեն։ Այստեղ կարևոր է, թե ինչպիսիք են բանկային ծառայությունները»։
ԵՏՀ-ի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը դեռ անցած տարի էր Երևանում հայտարարել, որ հեռավոր վարկավորման պայմաններում անհրաժեշտ է զարգացնել ինտերնետ-բանկինգի մեխանիզմները, որոնք արդեն զարգանում են Ռուսաստանում, Ղազախստանում, հետխորհրդային մյուս հանրապետություններում։ Փորձագիտական դաշտում անձնական տվյալների արտահոսքի մտավախություն չունեն։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ընդգծում է․
«Եթե որևէ մեկը անձնական տվյալների արտահոսքի մտավախություն ունի, ապա դա կարող է լինել առանձին երկրում նույնպես։ Բայց Հայաստանում գործում է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը, մյուս երկրներում նույնպես կան նման օրենքներ ու այլ օրենսդրական կարգավորումներ։ Չեմ կարծում, որ տեղեկատվական անվտանգության հարցերը չեն քննարկվի»։
Բոլոր այս հարցերի կարգավորմամբ զբաղվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Փորձագիտական դաշտում կարևորում են գործառույթների վերահսկելիությունը, ի նպատ քաղաքացիներին ու բիզնեսին ընդունվող որոշումները։




