
Որքա՞ն մարդ է արտագաղթել Հայաստանից նախորդ տարվա ընթացքում․հարցը հետաքրքրում է բոլորին, որպես պատասխան շրջանառվում է 3 թիվ։
43 874, 73 571, թե՞ 4300։ Առաջինը սահմանահատումների վիճակագրությունն է։ Այն ցույց է տալիս բոլոր տեսակի ելքերի ու մուտքերի տարբերությունը։ 2021-ին կազմել է -43 874։ Մյուս ցուցանիշը միայն ՀՀ քաղաքացիների ելումուտի տարբերությունն է․ 2021-ի ընթացքում 73 հազարով ավելի շատ մարդ գնացել է Հայաստանից, քան եկել Հայաստան։ Միգրացիոն ծառայության հանրային կապերի մասնագետ Նելլի Դավթյանը նշում է, որ այս թվերն արտագաղթի մասին չեն խոսում։
«Բոլորը խոսում են արտագաղթի մասին, բայց պետք է նկատի ունենալ, որ սա զուտ սահմանահատում է։ Դուք պատկերացրեք, թե սահմանն ինչքան տարբեր նպատակներով է հնարավոր հատել, և այդ բոլոր մարդիկ մտնում են այս թվի մեջ։ Ենթադրենք՝ տարվա վերջ է, մարդկանց ինչ-որ խումբ գնացել է նոր տարին նշելու ՀՀ սահմաններից դուրս։ Այդ ելքը այստեղ գրանցվել է, և մուտքը չի երևում, որովհետև ենթադրենք՝ նրանք պիտի վերադառնան հունվարի 2-ին, 3-ին կամ ավելի ուշ, այսինքն՝ հաջորդ տարվա ընթացքում։ Կամ աշխատանքի նպատակով որևէ քաղաքացի շաբաթը մեկ գնում է Վրաստան, հետ է գալիս, կապ չունի՝ ցամաքային, օդային, երկաթուղային ճանապարհներով, այդ բոլոր եկլումուտները երևում են»։
Նելլի Դավթյանը 2021–ի ցուցանիշերը համեմատում է անցյալ տարվա հետ։ Օրինակ՝ 2020-ին Հայաստանի քաղաքացիների ելումուտի տարբերությունը հաշվելիս դրական արդյունք է ստացվել՝ շուրջ 42 հազարով ավելի շատ մարդ եկել էր, քան գնացել։ Դա սպասելի էր՝ քովիդի պատճառով փակված սահմանների գործոնը հաշվի առնելով։ Զրուցակիցս ասում է՝ ինչպես անցած տարի չէինք կարող ասել, որ 42 000 մարդ հայրենադարձվել է, այնպես էլ այս տարի չենք կարող պնդել, թե 73 000 մարդ արտագաղթել է։
«Ցանվոք պիտի նշեմ, որ չունենք վիճակագրություն, որն օբյեկտիվ պատկեր է տալիս արտագաղթի ցուցանիշի մասին, բայց ունենք մեկ թիվ, որը համեմատելով սահմանահատումների ցուցանիների հետ տալիս է հնարավորություն, որ ոլորտի մասնագետներն ինչ-որ եզրակացություններ անեն։ Խոսքը միգրացիայի մնացորդի մասին է, որը տարեկան կտրվածքով հրապարակվում է վիճակագրական կոմիտեն, և 2021-ի համար հրապարակել է-4200 թիվը։ Սա էլ հետևյալ մեթոդաբանությամբ է հաշվարկվում՝ էմիգրանտները՝ երկրից դուրս եկող միգրանտները 3 ամսից մինչև 1 տարի ժամկետով եթե հաշվառումից դուրս են եկել՝ այս թվի մեջ երևում են։ Եվ հակառակ տրամաբանությամբ իմիգրանտները՝ այսինքն Հայաստան եկողները, եթե 3 ամսից մինչև 1 տարի ժամկետով ունեցել են հաշվառում Հայաստանում, էլի այս թվի մեջ երևում են»։
Այս թիվը ստանալու համար այլ հաշվարկներ էլ են կատարվում։ Վիճակագրական կոմիտեն ամեն տարի կոնկրետ հարցաշարով քանակական հաշվարկ է անում՝ հասկանալու համար ընտանիքներում աշխատանքային միգրացիայի, արտասահման այցելությունների կամ մշտական բնակության տեղափոխվելու դեպքերը։Երկու հաշվարկների արդյունքում ձևավորված -4200 թիվը ցույց է տալիս, որ այս տարի այդքան մարդ գնացել է երկրից՝ դուրս գալով նաև հաշվառումից։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, ժողովրդագիր Արտակ Մարկոսյանն այս թիվը մտահոգիչ է համարում։ Ասում է՝ անգամ 1 մարդու հեռանալը կարելի է համարել անվտանգային խնդիր, իսկ մենք այլևս արտահոսքի համար ժողովուրդ չունենք։
Շատ վերլուծություններ վկայում են, որ արտագաղթի հիմնական պատճառներից մեկը աշխատանքի կամ աշխատատեղերի բացակայությունն է, սակայն Մարկոսյանի կարծիքով՝ սա գլխավոր պատճառը չէ։
«Զբաղվածության խնդիրը լուծում չի ստանում։ Բնականաբար, խնդիրները խորքային են, ներկայումս գործատուներ կան, որ նշում են՝ աշխատատեղեր կան, բայց չեն լրացվում համապատասխան մասնագիտական կարողությունների պակասի պատճառով։ Բայց ներկայումս հեռացողներն այնքան էլ ֆինանսական խնդիր չունեն, դիտարկումները ցույց են տալիս, որ հեռանում է ավելի շատ ապահովված խավը, ոովհետև եթե 10 հազար դոլար է տալիս, որ զարտուղի ճանապարհներով մեկնի ԱՄՆ, ապա չի կարելի նշել, որ էդ մարդը կարիքից դրդված հեռանում է ՀՀ-ից»։
Այնուամենայնիվ, զբաղվածության պատճառով արտագաղթը նվազագույնի հասցնելու լուծումը, Մարկոսյանի կարծիքով, կրթության առանձնահատուկ ուշադրություն դարձնելն է։ Ասում է՝ մարդու գիտելիքն ու հմտությունը պետք է բավարարեն աշխատաշուկայի պայմաններին, իսկ դա մեծ ռեսուրսներ ենթադրող գործընթաց է։




