
Գյուղատնտեսական ապահովագրության շրջանակն ընդլայնվել է․ այս տարի գյուղացիներն արդեն 13 մշակաբույս կարող են ապահովագրել կարկուտից, հրդեհից ու գարնանային ցրտահարությունից․ ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է, ռիսկերինը՝ դեռ ոչ։
Գյուղապահովագրությունը երկրում ներդրվել է 3 տարի առաջ՝ սկսվելով ընդամենը երկու մշակաբույսից։ Գյուղացիները ծրագրից գոհ են, սակայն առաջարկներ ունեն՝ ապահովագրել ոչ թե վնասը, այլ՝ բերքը, նաև՝ ապահովագրվող ռիսկերի ցանկում ներառել անձրևը։ Ջերմոցատերերն էլ առաջարկում են ապահովագրել քամու ռիսկը։ Գյուղսեզոնի մեկնարկին ընդառաջ հարցերին Հասմիկ Դիլանյանն է անդրադարձել։
Առանց բերքի, բայց ոչ ձեռնունայն․ Արարատի մարզի Ջրառատ համայնքի բնակիչ Կարեն Ստեփանյանն անցյալ ու նախանցյալ տարի կարկուտի հետեւանքով կորցրեց ծիրանի գրեթե ողջ բերքը։ Ապահովագրություն չունենար՝ չգիտեր, թե ինչ էր անելու։ ծիրանի 4000 քմ այգին ապահովագրում է արդեն երրորդ տարին։ Առաջին տարին մոտ 50 հազար, անցյալ տարի՝ մոտ 60 հազար է վճարել։ Երկու տարի էլ փոխհատուցում ստացել է։
«Վերցրել եմ համակցված ռիսկը, երկու տարի էլ ցրտահարվել է, 2020–ին այգու մոտ 90 տոկոսն էր ցրտահարվել, իսկ անցյալ տարի՝ մոտ 80 տոկոսը»։
«Ռադիոլուր»-ի մյուս զրուցակիցը՝ Ռուստամ Պետրոսյանը, կարկուտի ու ցրտահարությունների տարիներ քիչ չի տեսել։ Արմավիրի մարզի Լենուղի համայնքի բնակիչն արդեն 2 տարի է՝ ծիրանի բերքն ապահովագրում է։ Զարմացած է՝ մի տարի կորստի համար փոխհատուցել են, մյուս տարի՝ ոչ։ Այժմ մտածում է ոչ թե ապահովագրությունից հրաժարվելու, այլ ապահովագրող ընկերությունը փոխելու մասին։ Կարծում է՝ ընկերությունների մոտեցումներն են տարբեր։ Դեղձ էլ ունի, բայց դրա ապահովագրելու կարիք չկա՝ ասում է ու բացատրում՝ ծիրանը շուտ է ծաղկում, ցրտահարվելու ռիսկը մեծ է։
«Իհարկե, համակարգն իրեն արդարացնում է, եթե ամեն ինչ նորմալ կազմակերպեն, լավ է։ Ես ունեմ 1․2 հա ծիրանի այգի»։
Կարկուտը, ցրտահարությունն ու հրդեհը մի քանի հազար գյուղացու համար արդեն երրորդ տարին է՝ ռիսկային չեն․ գյուղատնտեսական ապահովագրությունը ծածկում է ռիսկերի մեծ մասը։ 2020-ից կառավարությունը, կենտրոնական բանկն ու գերմանական KFW բանկը համատեղ սկսեցին պիլոտային ծրագիր՝ նախ խաղողի ու ծիրանի ապահովագրությամբ։
Բերքի վնասը գնահատվում է երկու անգամ՝ նախ սկզբում, ապա բերքահավաքից առաջ․ ընդունված պրակտիկա է։ Փոխհատուցման հիմքում գյուղացու արած ծախսն է, որը հաշվարկվում է ըստ բերքի քանակի ու ռիսկայնության գոտիների։ Հաշվի առնելով, թե այգին որ գոտում է, ձևավորվում է ապահովագրավճարը։
էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը «Ռադիոլուրին» տեղեկացնում է՝ այս տարի արդեն ապահովագրության «հովանոցի» տակ կառնվի13 մշակաբույս կարկուտի, հրդեհի եւ գարնանային ցրտահարության ռիսկից։ 2022-ին ծիրանին, խնձորին, դեղձին, խաղողին, ցորենին, գարուն, վարսակին, կարտոֆիլին, սալորին, ձմերուկին ու սեխին ավելացել են ևս երկու մշակաբույս՝ կեռասը և բալը։ Միայն թե սեխն ու ձմերուկը կարող են ապահովագրել դեռ միայն Արարատի, Արմավիրի ու Արագածոտնի մարզերի ֆերմերները։
Էկոնոմիկայի նախարարությունում արդյունքներից գոհ են։ Եթե 2020–ին գյուղացիների հետ կնքվել է ապահովագրության 1546 պայմանագիր, ապա անցյալ տարի դրանց թիվը շուրջ երեք անգամ ավելացել է՝ վաճառելով 4300 պայմանագիր։ 2․5 անգամ էլ ավելացել են ապահովագրված տարածքները։
«2021–ին առավել շատ պայմանագրեր են վաճառվել Շիրակում, Արմավիրում, Լոռիում, Գեղարքունիքում։ Ռիսկերը գրեթե հավասար են։ Մոտ 40 տոկոսը համակցված ռիսկերի ապահովագրում անում է»։
Գյուղսեզոնն սկսվում է, ապահովագրվելու ժամկետերը սուղ են՝ ասում են պաշտոնյաները, գյուղացիներին հորդորում՝ շտապել։
«Ծիրանի, խաղողի, դեղձի դեպքում գարնանային ցրտահարության ռիսկից ապահովագրելու համար վերջնաժամկետը փետրվարի 27–ն է, իսկ համակցված ռիսկերի դեպքում՝ փետրվարի 20–ը։ Ժամանակը քիչ է, հորդորում ենք բոլորին գնալ ու ձեռք բերել ։ Եթե համակցված՝ երկու ռիսկից՝ կարկուտ և հրդեհ, ինչպես նաև գարնանային ցրտահարությունից են ապահովագրում, ապա հավելյալ ապահովագրավճարի 10 տոկոս զեղչ է սահմանվում, իսկ սուբսիդավորումը 60 տոկոս է կազմում։
Պետությունը, համագործակցելով KFW բանկի հետ, կարկուտից, հրդեհից եւ ցրտահարությունից ապահովագրության վճարի մի մասն իր վրա է վերցրել՝ նախ խթանելու ոլորտը, ապա եւ թեթեւացնելու գյուղացու բեռը, կայունացնելու գյուղացիական տնտեսությունների եկամուտները։ Սուբսիդավորվում է ապահովագրավճարի 50–60 տոկոսը՝ կախված համայնքի՝ ռիսկային գոտի լինելուց և վճարի չափից։ Նույն մշակաբույսը երկու ռիսկից ապահովագրելու դեպքում վճարի 10 տոկոս զեղչ է կիրառվում։
էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը համակարգի ներդրման արդյունքներից ու խնդիրներից խոսել դեռ չի շտապում։
«Ապահովագրության ինստիտուտը մեզ մոտ սաղմնային փուլում է գտնվում։ Մինչև 2023 թվականը ծրագիրը փորձնական է, ավարտից հետո կվերլուծենք տվյալներն ու կկանխորոշենք մեր հետագա անելիքները»։
Փանոսյանն ասում է՝ բաց են լսել առաջարկներ։ «Ռադիոլուրի» զրուցակից գյուղացիները հենց առաջարկներից էլ խոսում են՝ ապահովագրության «հովանոցի» տակ առնել նաեւ անձրևը, երկար անձրևները չեն թողնում՝ նորմալ փոշոտում կատարվի՝ ասում են։ Առաջարկները հասան տեղ․ Էկոնոմիկայի նախարարությունից «Ռադիոլուրին» ասացին՝ քննարկում են։ Առաջիկայում գուցե երաշտից ապահովագրեն։




