ԿարևորՄիջազգային

Լոնդոնի դատարանն ադրբեջանցի պատգամավորի ընտանիքից 5,6 միլիոն ֆունտ է բռնագանձել

Լոնդոնի դատարանը բրիտանական իշխանություններին թույլ է տվել «ադրբեջանական լվացքատան» միջոցով փողերի լվացման գործով արգելադրված 15 միլիոնից ավելի քան 5 միլիոն ֆունտ ստերլինգ կասկածելի կապիտալ բռնագրավել ադրբեջանցի պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևի ընտանիքից, հայտնում է Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA):

Գործակալությունը որոշումը անվանել է փոքր հաղթանակ փողերի լվացման դեմ մեծ պայքարում։ Հետաքննող լրագրողների OCCRP կազմակերպության տվյալներով՝ 2012-2014 թվականներին «ադրբեջանական լվացքատան» միջոցով լվացվել է մոտ 2,5 միլիարդ եվրո։

Լոնդոնի դատավոր Ջոն Զանիի որոշմամբ երկուշաբթի օրը բռնագրավված Ֆեյզիևների ընտանիքի դրամական միջոցները կազմում են այս գումարի 0,3 տոկոսը։ Դատավորը որոշում է կայացրել Ֆեյզիևի կնոջից՝ Փարվանայից բռնագանձել 4,4 միլիոն ֆունտ, նրանց որդի Օրխանից՝ 1 միլիոն, Էլմանի եղբորորդուց՝ քառորդ միլիոն ֆունտ։

Սկանդալում ներգրավվել են Էստոնիայի և Լատվիայի բանկերը, ինչպես նաև դանիական խոշորագույն Danske Bank բանկը։ Էստոնիայի ոստիկանությունը հետաքննել է «ադրբեջանական լվացքատան» միջոցով մոտ 4 միլիարդ դոլարի լվացման փաստը։ Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի ղեկավարն անհետացել է, իսկ ավելի ուշ նրան գտել են մահացած։

Հետաքննությունը պնդում է, որ գումարն անօրինական կերպով դուրս է բերվել Ադրբեջանից՝ հեռահաղորդակցության պետական ընկերության անունով օֆշորային կեղծ ընկերության միջոցով: Նրա հաշիվներից 1,3 մլրդ դոլար է փոխանցվել Գլազգոյում գրանցված շոտլանդական Hilux ընկերությանը՝ որպես պողպատե խողովակների մատակարարման վճար։

Դատավոր Զանին համաձայնել է NCA-ի այն փաստարկին, որ պայմանագրերը ֆիկտիվ են, և ամբողջ սխեման ծառայել է էստոնական և լատվիական բանկերի միջոցով փողերի լվացմանը:

Hilux-ից միջոցներ ստացողներից է Avromed ընկերությունը, որի համահիմնադիրների թվում է պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևը։ Դատավորը պատգամավորի նկատմամբ կոռուպցիոն կասկածներ չի հայտնել, սակայն ընդունել է «Ադրբեջանի իշխող վերնախավի և Avromed ընկերությունը ղեկավարածների միջև անառողջ և կոռուպցիոն կապերի առկայությունը։

Չնայած NCA-ի որոշակի հաջողություններին, բրիտանական կազմակերպությունները չափազանց դժգոհ են իշխանությունների խոստացած օտարերկրյա կասկածելի կապիտալի դեմ տարվող պայքարից:

Հինգ միլիոն ֆունտ ստեռլինգի բռնագրավումը մի կաթիլ է դույլի մեջ՝ զայրանում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի բրիտանական մասնաճյուղից Դունկան Հեյմսը: «Մենք կազմել ենք Ադրբեջանի իշխող վերնախավին պատկանող 700 միլիոն ֆունտ ստեռլինգ գույքի ցուցակը: Նրանք դեռ շատ աշխատանք ունեն անելու», — ասում է նա:

Կարդացեք նաև

Back to top button