
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ժուռնալիստների միության 13-րդ համագումարը։ Ամփոփվել է վերջին 4 տարվա աշխատանքը, ընտրվել է միության նախագահ՝ Սաթիկ Սեյրանյանը։ Համագումարի մասնակիցներին ներկայացվել է միության նոր կանոնադրությունը, հաստատվել է վարչության նոր կազմը։
1959 թվականին ստեղծված Հայաստանի ժուռնալիստների միությունն ունի 165 անդամ, այսօրվա համագումարին գրանցվել էին 106-ը։ Նրանցից 92-ի «կողմ» քվեարկությամբ միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Սաթիկ Սեյրանյանը՝ առանց դեմ ու ձեռնպահի։ Նա միակ թեկնածուն էր։ Սաթիկ Սեյրանյանը միությունը ղեկավարում է 2017-ից։ Ամփոփելով անցած 4 տարվա աշխատանքը՝ պատկերավոր ասաց՝ «լրագրողները դիմադրության պատ են եղել»։ Սեյրանյանն առաջնային է համարում կառույցի ինքնուրույնության վերականգնումը, կարևորում դրա գործունեությունը հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այդ օրերին կառույցն ակտիվորեն համագործակցել է միջազգային լրագրողական կազմակերպությունների հետ․

«Մեզ հաջողվել է բավական կառուցողական համագործակցություն հաստատել «Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաների», «Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության», ԱՊՀ մի շարք երկրների մեր գործընկերների հետ։ Այդ համագործակցությունն անցած տարիներին արտահայտվել է կոնկրետ գործողություններով։ Մեզ համար անգնահատելի էր նաև 44–օրյա պատերազմի վերաբերյալ տեղեկատվության տարածումը, լուսաբանումը։ Հնարավորինս օբյեկտիվ պատկեր էին ուրվագծում իրենց հաղորդագրություններում՝ հաշվի առնելով ադրբեջանաթուրքական քարոզչական հոսքը»։

Ժուռնալիստների միության նախագահը, որը հեռուստաեթերում քաղաքական հարցազրույցներ է վարում, կարծում է, որ Հայաստանում մամուլը չափից ավելի քաղաքականացված է․
«Դա հաճախ բացասաբար է անդրադառնում լրատվության որակի, հանրային կյանքում տեղի ունեցող շատ ու շատ իրադարձությունների լուսաբանման վրա»։

Միության անդամները կարծում են, որ ԶԼՄ քաղաքականացված դաշտը կդառնա առավել հավասարակշիռ, եթե մշակվի ու գործի էթիկայի մասնագիտական կանոնագիրք։ Առավել արդյունավետ գործեն տեղեկատվական վեճերի խորհուրդն ու դիտորդ մարմինը։
«Ժողովուրդ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կարևորում է լրատվամիջոցների ինքնակարգավորման հարցը, հարգանքը՝ լրագրողի և նրա գործի նկատմամբ։

«Հույս ունեմ, որ առաջիկայում կհաջողվի Ժուռնալիստների միությունը դարձնել ինքնակարգավորվող երազելի հարթակ, և էթիկայի հետ կապված ցանկացած հարցի քննարկում կիրականացվի բացառապես մասնագիտական տիրույթում։ Որևէ մեկը չի հանդգնի լրագրողների գործունեությանը որակումներ տալ կամ դաստիարակչական աշխատանք կատարել»։
Համագումարն այսօր հաստատել է Ժուռնալիստների միության կանոնադրության փոփոխությունները, ընտրել վարչության նոր կազմ․ վարչության միակ նոր անդամը լրագրող Նաիրի Հուխկյանն է։




