ԿարևորՀասարակություն

Ֆինանսական խարդախություններ՝ օնլայն․ դրանցից կարելի է խուսափել անձնական տվյալները պաշտպանելով

Տեխնոլոգիական այս դարում քաղաքացիներին առաջարկվող վարկային ֆինանսական գործարքները հեշտացնելու համար տարբեր հարթակներ են ստեղծվում, սրան զուգահեռ աճում են նաև նույն այդ հարթակներից օգտվող հանցավոր խարդախության դեպքերը։ Հանցամիտների թիրախում սոցիալական կայքերում առանց վարանելու իրենց անձնական տվյալներով կիսվող ոչ իրազեկ քաղաքացիներն են, որոնք գրավիչ այս կամ կասկածելի առաջարկի դիմաց պատրաստ են անծանոթին տրամադրել անձնագրային և այլ տվյալներ։

«Նրանք սկսում են հավաքագրել քաղաքացիների վերաբերյալ տարատեսակ տեղեկություններ` ծննդյան թիվ, բնակության հասցե, անձնագրի վերաբերյալ տվյալներ։ Նրանց հավաքագրումը հիմնականում իրականացվում է սոցիալական կայքերի միջոցով»։

Նրանք հանցագործներ են, որոնք օգտվելով քաղաքացիների անտեղյակությունից, սոցիալական կայքերից հավաքագրում են պոտենցիալ զոհի անձնական տվյալները ու նրա անունով վարկ ձևակերպում։ Վարկի գումարը հափշտակում է խարդախը, իսկ վարկային բեռը մնում է անտեղյակ քաղաքացու ուսերին։

Հայկ Մկրտչյան․ Քրեական ոստիկանությունում  նա համակարգում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը․

«Հանցամիտները սոցիալական կայքերում բացում են տարատեսակ էջեր, որոնք, իբր, քաղաքացիներին տրամադրում են վարկեր, նույնիսկ բանկային պատմության սև ցուցակում հայտնված անվճարունակներին»։

Այսօր հեշտ է դառնալ ֆինանսական գործարքի զոհ․ հեշտացել է նաև վարկ ձևակերպելու գործընթացը։ Դրա համար բանկ գնալ այլևս պարտադիր չէ։ Թվային այս դարաշրջանը  նպաստավոր է հատկապես  հանցավոր խմբերի համար, նրանց թիրախում նորագույն տեխնոլոգիաներին չտիրապետող քաղաքացին է։   

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը հիշում է հանցավոր վերջին սխեմաներից մեկը` ապառիկ գործարքի հետ կապված.   

«Հանցավոր խմբավորումը կեղծ ընկերության միջոցով քաղաքացու անունով վարկ է ձևակերպում, որից հետո տրամադրվում է ապառիկ տեխնիկան, սակայն տեխնիկան վերցնում էր ոչ թե քաղաքացին, այլ խմբավորումը, որը արդեն նպատակադրվել է խարդախությամբ հափշտակել գույքը։ Ստացվում էր, որ քաղաքացին ունի վարկային ահռելի պարտավորություն, իր հերթին բանկը ստիպում է քաղաքացու անունով ձևակերպված վարկի դիմաց կատարել վճարումները։ Խաբված քաղաքացին հայտնվում է մի իրավիճակում, երբ չունի գույք և գումար»։ 

Բազմաթիվ են նաև կալանավայրերից բջջային հեռախոսի միջոցով կատարվող խարդախության դեպքերը։

Էլեկտրոնային դրամապանակ կոչվածը նույնպես անտեղյակներին խաբելու հնարավորություն է։ Սոցցանցով քաղաքացու հետ կապվող մեկը ներկայանում է էլեկտրոնային դրամապանակի կազմակերպության աշխատակից ու առաջարկում «պրեմիումպլյուս» կամ, այլ կերպ ասած` առավել բարձր դաս, որը կօգնի ձևակերպել վարկեր ու  կատարել ավելի շատ գործարքներ՝ դարձյալ պահանջելով  անձնական տվյալներ։ Խարդախները վարկի գումարը փոխանցում են իրենց բուքմեյքերական հաշիվներին, ապա կանխիկացնում։

Պարզաբանում է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ներկայացուցիչ Հայկ Մկրտչյանը․ «Հանցամիտը, այսպես ասած, «սև ցուցակում» հայտնված անձանց առաջարկում է միասին գնալ առևտրի որևէ կենտրոն, քաղաքացու անունով, ապառիկ եղանակով գնել որևէ իր։ Նա խոստանում է վաճառել այդ իրը և գումարը տալ քաղաքացուն։ Իրականում` գնածը վաճառում է շատ էժան, գումարը հափշտակում և անհետանում է։ Լավագույն դեպքում քաղաքացուն տալիս է վաճառած ապրանքի չնչին մասը, սակայն քաղաքացին սկսում է վճարել ապառիկի ողջ գումարը»։

Հանրային պաշտպանի գրասենյակում շատ են խարդախություններին վերաբերող գործերը՝ սեփականության իրավունքի ոտնահարմամբ։  Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը խնդիրը համակարգային է համարում․

«Մեր քաղաքացիները չեն պատկերացնում անձնագրային և անձնական տվյալների կարևորությունը, բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունը, ինչի հետևանքով հայտնվում են հանցավոր տարրերի թիրախում։  Ցածր իրավագիտակցության պայմաններում նման քաղաքացիները ֆինանսական խարդախության հետևանքով կորցնում են գույք, կորսված գույքային իրավունքների պաշտպանության համար դիմում են ոստիկանություն, ցավոք, սեփականության  իրավունքը շատ հաճախ վերականգնել չի լինում»։

Նշված եղանակներով հանցագործությունների փաստերով իրավապահ մարմիններում կան հարուցված գործեր, բացահայտումներ, պատասխանատվության ենթարկված անձինք։ Սա, սակայն, չի մեղմում  խաբեությամբ գումար հափշտակողների ախորժակը։ Քրեական այսպիսի գործերի բացահայտման մասով Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Ֆանյանը նշում է․  

«Հանրային պաշտպանի գրասենյակը ցանկացած քրեական գործի շրջանակում իրականացնում է անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն։ Գրասենյակը համագործակցում է նաև քրեական հետապնդման մարմինների հետ` հասկանալու համար խնդրի խորությունը»։

Զրուցակիցս կարևորում է հեռուստատեսությամբ և տեղեկատվական տարբեր հարթակներում սոցիալական գովազդի միջոցով քաղաքացիների իրազեկման արշավը։

«Տեղեկատվական նյութերի միջոցով հարկավոր է քաղաքացիներին  իրազեկել, որ չի կարելի անձնական տվյալները անհայտ ծագման կայքերում լրացնել, ինչ-որ կոդեր տրամադրել»։

Հանցագործության զոհ  չդառնալու համար Ոստիկանությունը և Հանրային պաշտպանի գրասենյակը հորդորում են ֆինանսական գործարքներ կատարել միայն Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող բանկերում ու վարկային կազմակերպություններում, զերծ մնալ կասկածելի անձանց կամ կազմակերպությունների հետ շփումից, և որ ամնեկարևորն է` անծանոթներին անձնական տվյալներ չուղարկել։

Կարդացեք նաև

Back to top button