Պատերազմն իսկական կինո էր կամ իսկական հնարավորություն, որ ապագա պատմաբանը սեփական օրինակով պատմություն կերտի՝ ասում է Արմանը։
«Կռվի ժամանակ մենք փորձում էինք ուրախ լինել, որ ամեն ինչ ավելի հեշտ լինի։ Հիշում եմ՝ մի անգամ տնեցիներիս հետ խոսում էի, դրանից մի օր առաջ էլ «սնարյադի» պայթյունից էի փրկվել։ Ընտանիքիս անդամներին հարցրի․ «Տեսե՞լ եք, որ ֆիլմերի մեջ պայթյունից հետո, ծխի մեջից մեկը փրկված վազում է, ու անհավանական է, բայց իրեն ոչինչ չի եղել․ իմացեք, որ այդ մեկը հենց ես եմ»․․․ Բայց մեր կռիվը ավելի դաժան էր, դժվար թե ֆիլմերում կարողանան այդ կերպ նկարել»,– ասում է 44–օրյա պատերազմի մասնակից Արման Գալստյանը։
Երբ 44-օրյա պատերազմն սկսվեց, Արմանը ժամկետային ծառայող էր։ Ջրականում էր։ Պատերազմի ավարտից ընդամենը մի քանի օր առաջ ականի պայթյունից վիրավորվել է․ ականն ամբողջությամբ վնասել էր մարմնի ձախ մասը։ Ասում է՝ բուժումը դժվար չէր․ դժվարը պատերազմն էր․
«Պատերազմի ժամանակ ասում էի․ «Տղե՛րք, հիշեք՝ 5-6 տարի առաջ ի՞նչն էր մեզ համար դժվարություն․ օրինակ՝ դպրոցում ռուսերեն անգիր սովորելը կամ անգլերենի դասը պատասխանելը։ Բայց միայն պատերազմում հասկացանք՝ դժվարությունն ինչ է»։
Մինչև պատերազմը Արման Գալստյանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող էր։ Ասում է՝ պատերազմից, ծառայությունից հետո ուսուման հարցում ավելի պատասխանատու է դարձել։ Բուժումը դեռ չի ավարտվել․ պատրաստվում է 11-րդ վիրահատությանը, բայց կասկած չունի՝ շարունակելու է ուսումը։
«Պատմությունից պիտի անընդհատ դասեր քաղես, ոչ թե անընդհատ կրկնես «անցյալում, մենք ունեցել ենք Տիգրան Մեծ, կամ ունեցել ենք 1915թ»․․․ Դրանք, իհարկե, պետք է հիշել, բայց անպայման նաև դասեր քաղել պատմությունից, պետք է ձգտել ոչ թե պատմական հայրենիքը վերականգնել, այլ հզորացնել այսօրվա հայրենիքը։ Հիմա մեծ սիրով կաշխատեի դպրոցում․ ուսուցչի գործունեությունը ամենակարևորն է մեր պետության մեջ, մարդկանց ավելի կիրթ, գրագետ հայրենասեր պետք է դաստիարակել հենց փոքրուց»,– պատմում է Արմանը։
Նպատակներս նույնն են մնացել, պարզապես հիմա ավելի ամուր եմ կանգնած դեպի այդ նպատակները տանող ճանապարհին՝ ասում է Արմանը։ Կատակում է՝ նույնիսկ վիրավորումից հետո՝ հիվանդանոցում, հասցրել է նոր մասնագիտություն ստանալ։
«Հիմա վիրահատության եմ պատրաստվում․ պետք է վիրահատվեմ 11-րդ անգամ, փորձում եմ ամեն ինչ դասերիս հետ հասցնել, կողքից էլ երկրորդ մասնագիտություն եմ սովորում՝ բժշկություն»։
Արմանին վիրավորվելուց հետո ուղղաթիռով Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել։ Սկզբում շարժվել չի կարողացել, 24-րդ օրը միայն կարողացել է ինքնուրույն նստել, վիրավորվելուց 3 ամիս անց էլ առաջին ինքնուրույն քայլն է արել։ Վիրաբուժ Հայկ Կիրակոսյանը Արմանին վերակենդանացման բաժնում է հանդիպել, ասում է՝ բուժման ընթացքում մեկը մյուսին հավատացրել են, որ ամեն ինչ լավ կլինի։
«Պատերազմի վերքերը առանձնահատկություն ունեն․ բավական ուշ են լավանում, հաճախ բորբոքվում են։ Դրա համար մի քանի անգամ վիրաբուժական մշակումներ ենք իրականացրել, բազմաթիվ օտար մարմիններ կային մարմնիս տարբեր հատվածներում, դրանք են հեռացրել»։
Արմանի բուժմանը հետևող պլաստիկ վիրաբույժ Հայկ Կիրակոսյանը պատմում է․
«Կյանքին սպառնացող վտանգ եղել է վերքերի ինֆեկցիայի պատճառով։ Երբ ընդունվեց Էրեբունի, սկզբից պայքարում էինք ձեռքը պահպանելու համար, վտանգ կար, որ կարող էինք գնալ նույնիսկ ամպուտացիայի, քանի որ նախաբազկի շրջանում ոսկրորի բավականին լուրջ վնասվածք կար՝ ոսկրային մեծ դեֆեկտով, նյարդերի անոթների վնասվածքով, հետո, փառք Աստծո, ձեռքը պահպանեցինք»։
Արմանը հիշում է՝ երբ հիվանդանոցում գիտակցության է եկել, առաջինը դեմքի մասին է մտածել, ուրախացել է, որ առաջվա պես կարողանալու է ժպտալ։ Հիվանդանոցում էլ Արմանին ժպիտով են հիշում, նա նույնիսկ վիրահատարանում է ժպտացել։
«Կյանքում ժպիտով ամեն ինչին դիմավորելն ավելի հեշտացնում է կյանքը։ Ինչքան էլ դժվար իրավիճակում լինես, ժպիտն օգնում է, դուրս է հանում սթրեսային իրավիճակից։ Ամեն ինչը դիմավորել ժպիտով՝ պատերազմից հետո սա ինձ համար սկզբունք է դարձել»,– ասում է պատերազմի մասնակիցը։
Բուժումներից համալսարան ու համալսարանից էլի բուժումների։ Արմանը մեկն է այն 6330 ուսանողներից, որը ուսման վարձի փոխհատուցում է ստացել։ Կառավարությունը շուրջ 1.4 միլիարդ դրամ է հատկացրել Արցախյան պատերազմի մասնակից ուսանողների և նրանց ընտանիքի անդամ համարվող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրին։ Արմանն ասում է՝ եթե կյանքը որոշել է, որ իրենք պետք է ապրեն, ուրեմն, պետք է ապրել․
«Պատերազմի ժամանակ չէինք հասկանում, որ մեր կողքին մարդիկ են մահանում, բայց մահը որ գալիս է, բոլորին հավաքում-տանում է․․․ բայց այս անգամ ես փախա»,– եզրափակում է։







