
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
1991 թվականից սկսած Հայաստանը չունեցավ լեգիտիմ իշխանություն, դրա համար էլ մենք կորուստներ ենք ունենում, այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` վերլուծելով 22- ամյա անկախ Հայաստանի անցած ճանապարհը: Ստեղծված տնտեսական և քաղաքական ծանր վիճակում հայտնված հանրապետության ճակատագրում, ըստ քաղաքական գործչի, ունի իր մեղքի բաժինը նաև ընդդիմությունը: «Այս տարիների ընթացքում հասարակությունը կարճատև պայքարի միջոցով էր ցանկանում հասնել արդյունքի, իսկ անհամբերությունը հնարավորություն չտվեց ճաշակել երկարատև պայքարի պտուղները: Քաղաքական ընդդիմադիր ուժերն էլ կամքի բացակայության հետևանքով չկարողացան հանդես գալ միասնական ձևաչափով, արդյունքում՝ տուժեց նորանկախ Հայաստանն ու ՀՀ քաղաքացին»,- ասում է նա։
Ապագայի հետ կապված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը մտավախություն ունի` կապված «և… և»- ի արտաքին քաղաքականության հետ։ Երկար ժամանակ է Հայաստանը բոլոր իր մարդկային և տեխնիկական ռեսուրսները կենտրոնացրել է եվրոպական արժեհամակարգը որդեգրելու համար, և բոլոր խողովակներով փորձում էր Եվրոպային համոզել, որ ՀՀ պատրաստ է Եվրոպական ընտանիքի մաս կազմել: Այսօր Հայաստանի արտաքին վեկտորը շեղել է իր ուղղությունը դեպի Եվրասիական միություն, որը, ըստ <Ժառանգություն> կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, անակնկալ որոշում էր և անընդունելի տարբերակ:
«Նոր թելադրվող խաղային կանոնները դժվարացնելու են ՀՀ քաղաքացու կյանքը»,- բարձրաձայնում է քաղաքական գործիչը և օրինակ բերում Ուկրաինային տարբերակը, որը նույնպես հայտնվելով ինչ- որ առումով Հայաստանի կարգավիճակում, Ռուսաստանից ստանում է սպառնալիքներ ապրանքների արտահանման հարցում` հայտնվելով մաքսային նոր դժվարությունների առջև։
Իշխանությունը միասնական չէ Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահի կայացրած որոշման հարցում, ավելին` գործադիրի որոշմամբ ձևավորված հանձնաժողովի (որը պետք է կազմակերպի Մաքսային միությանը Հայաստանի միանալու օրենսդրական փաթեթը) անդամներն անգամ չգիտեն, թե ինչ խնդիր է փաստացի լուծելու ձևավորված հանձնաժողովը, քանի որ անորոշությունները անթիվ են, նկատում է Արմեն Մարտիրոսյանը:
Ներքին քաղաքականությունը, որն ուղիղ համեմատական է արտաքին քաղաքականությանը, այսօր նույն երկբևեռ ուղղության կրողն է: «Հասարակության մոտ կա հիասթափության էլեմենտ, ով սեփական դաշտում է փորձում լուծումներ գտնել, ինչը բերում է արտագաղթի տեմպերի ավելացման: Հասարակության անդամների մեջ չկա մեկը, ով բողոքավոր չլինի, դժգոհությունը համատարած է: Եթե մի բան հանկարծ եղավ, դա հեղեղի նման է լինելու, որովհետև հասարակության բոլոր շերտերը բողոքավոր են»,- մտավախություն է հայտնում «Ժառանգության» փոխնախագահը։




