ԿարևորՔաղաքական

Փաշինյան-Հարությունյան հեռակա բանավեճ. հակադրությո՞ւն, թե՞ մոտեցումների ճշգրտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսին հնչած մի շարք հայտարարություններին հաջորդեցին Արցախի նախագահի եւ խորհրդարանի հայտարարությունները, որոնք հանրային լայն շրջանակներում ընկալվեցին որպես հեռակա բանավեճ եւ Արցախի հարցում մոտեցումների հակադրություն։ «Հեռակա բանավեճը» բորբոքվեց հատկապես սոցիալական ցանցում․ Արցախի նախագահի 7 կետանոց հայտարարություն՝ ի պատասխան Փաշինյանի ասուլիսի և 4 կետանոց պարզաբանում Փաշինյանի կողմից։ Որպես վերջնարդյունք կա Արցախի հանրապետության խորհրդարանի հայտարարությունը, որն ընդունվեց արտահերթ նիստով։

Եթե առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն ու Արցախը սկսել են  իրար չհասկանալ, ապա վերլուծական շրջանակները այլ զարգացումներ են տեսնում քաղաքական բանավեճի հիմքում։ 

Օրեր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում էր և կառվարության շենքում սեղմում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը։ Հաջորդող օրերին գործիչները հեռակա բանավիճում են Արցախի հետագա ճակատագրի շուրջ։ Ո՞ր հարցերում են տարբերվում մոտեցումները․ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ենթադրում է, որ հակադրությունը թվացյալ է, և ընդամենը մոտեցումների ճշգրտում է տեղի ունենում․  

«Ընդամենը այնպիսի իրավիճակ է, երբ Հայաստանի վարչապետը խոսում է Հայաստանի շահերի մասին, Արցախի նախագահը խոսում է Արցախի շահերի մասին, և այդ շահերը կարող են նույնիսկ ինչ–որ մի տեղ հակադրվել։ Որովհետև Արցախի ժողովուրդը դեռևս չունի ամբողջական կարծիք, թե ինչ է ցանկանում տեսնել ապագայում․ արդյո՞ք Արցախը ցանկանում է ինքնորոշվել և լինել անկախ, թե՞ ցանկանում է ինքնորոշվել և լինել Հայաստանի մաս, թե՞ ինքնորոշվել և լինել Ռուսաստանի մաս։ Կա, իհարկե, 1990 թվականի սեպտեմբերի 2–ի Հռչակագիրը, բայց այսօր բավական մեծ իրողություններ են փոխվել։ Նույն կերպ նաև Հայաստանում չկա ամբողջական կարծիք, թե ինչ են ցանկանում տեսնել Արցախի հարցում, և դա մեր ամենամեծ թերությունն է, որ 30 տարվա ընթացքում Հայաստանը ամբողջական կարծիք չի ձևավորել։ Այսինքն՝ մենք նորից ունենք կարծիքների տարաբաժանում, որոնք, այնուամենայնիվ, չեն նշանակում ինչ–որ մի լուրջ ճգնաժամ կամ հակադրություն կամ ձեռքերը լվանալ և այլն։ Սա նորմալ քաղաքական գործընթաց է, և այս քաղաքական գործընթացում անհրաժեշտ է, որ կողմերը պահպանեն սառնասրտություն»։

Վերլուծական դաշտում այժմ զգուշացնում են, որ սառնասրտությունն առաջին հերթին անհրաժեշտ է հասարակությունների կողմից ճիշտ հասկացված լինելու համար։ Դեռ դեկտեմբերի 24-ին՝ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, Փաշինյանը և՛ կարեւորում էր, որ հնարավոր ասելիքը ճիշտ ներկայացվի, և՛ ԼՂ բանակցային գործընթացի բոլոր շերտերը հանրությանը ներկայացնելու ցանկություն ուներ։ Խոսեց բանակցային գործընթացի, առաջարկների և փաստաթղթի մասին, խոստովանեց՝ 2016–ին տեղի է ունեցել «բանակցային աղետ»․

«Հայկական կողմի դիրքորոշումը եղել է ամեն ինչ անել, որպեսզի հարցի վերջնական լուծումը լինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության տիրույթում։ 2016–ին, ըստ էության, հարցի լուծման պարամետրերը տեղափոխվում է ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդ։ Թեկուզ միջանկյալ կարգավիճակով Ղարաբաղը ի վերջո ո՞ր երկրի մաս է կազմել»։

Վարչապետի օնլայն ասուլիսի ժամանակի հնչեցրած որոշ հայտարարություններ ու հիմնավորումներ  ոչ միանշանակ ընկալեց ոչ միայն Արցախի նախագահը։ Արցախի հարցով կարող են բանակցել միայն Արցախի իշխանությունները՝ համացանցում գրառում կատարեց Արայիկ Հարությունյանը։ Իսկ Արցախի խորհրդարանը հայտարարություն ընդունեց՝ անընդունելի են համարում առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված  իշխանությունները։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հանդես եկավ հայտարարությամբ, այս անգամ՝ գրավոր՝ կրկին համացանցում․ ընդգծեց՝ դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցին հետեւած քննարկումները՝ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի մասին, բացահայտել են մի շարք կեղծիքներ, որոնց արձանագրումը չափազանց կարեւոր է: Փաշինյանը գրել է, որ բանակցային բովանդակության մեջ ԼՂ ադրբեջանական բնակչությանը վերաբերող դրույթների մասին խոսելու նպատակը մեկն է՝ պաշտպանել պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների՝ Արցախում հայկական իրավազորության ներքո բնակվելու իրավունքը։

Իր հերթին ղարաբաղյան կարգավորման բանակցություններում 10 տարվա համար պատասխանատու Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի հայտարարությունները վտանգավոր է համարում․

«Եթե վարչապետն ասում է, որ 16 թվականից որևէ տեսական նույնիսկ հնարավորություն այլևս չկար Ղարաբաղը Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար, սա ՀՀ դիրքորոշումն է։ Սա նշանակում է, որ Հայաստանը «ձեռքերը լվացել» է Ղարաբաղից, և այս վերջին հայտարարություններով վարչապետը նաև, ըստ էության, կասկածի տակ դրեց Ղարաբաղի՝ սեպտեմբերի երկուսի Հռչակագիրը, որը Ղարաբաղի ձևավորման հիմքում է դրված»։  

Մինչ «դավադրության տեսության» կողմնակիցներն ակտիվորեն վարկածներ են  շրջանառում, թե ինչի համար է հեռակա բանավեճ ծավալվում Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև, քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը համոզված է՝ այս փուլում առաջացել է որոշ չափով առանձին գործելու անհրաժեշտություն՝ ստեղծված փակուղուց դուրս գալու համար։

«Ի՞նչ է տեղի ունեցել վերջին տարիներին՝ հատկապես 98–ից հետո։  Հայաստանը ամբողջությամբ վերցրել է հարցի «սպասարկման» իրավասությունը, պատասխանատվությունը և այլն։ Եթե այն ժամանակ թվում էր, թե Հայաստանն այդպիսով ավելի ուժեղ է սպասարկում և ավելի լավ կիրացնի պատասխանատվությունը, ապա աշխարհաքաղաքական մթնոլորտի փոփոխությունը նաև բերել է նրան, որ Հայաստանը դրա հետևանքով հայտնվել է փակուղում։  Հիմա խնդիրը այն է, որ այդ աշխատանքի բաժանումով ոչ թե թատերականացված՝ դու սա կասես, ես նա կասեմ, այլ  բովանդակային քննարկումների միջոցով, դիրքորոշումներ ձևավորելով Հայաստանն ու Արցախը պետք է կարողանան բերել իրավիճակը մի նոր հարթության։  Սա կստացվի, թե ոչ՝ մեծ հարց է, որովհետև բազմաթիվ ներքին ու արտաքին խմբեր փորձելու են այս իրավիճակի վրա իրենց ձեռքերը «տաքացնել», իրենց քաղաքական նպատակները «տաքացնել»»։  

Ըստ վերլուծաբանի՝ սա անհրաժեշտ է ոչ միայն կողմերի արտաքին քաղաքական ճկունությունն ապահովելու համար, այլև տարածաշրջանային մեկ այլ «խաղացողի» իրավասությունները համակարգելու համար․

«Այս պրոցեսը, աշխատանքի բաժանումը, որ կարող է տեղի ունենալ Երևանի և Ստեփանակերտի միջև, այս քաղաքական բանավեճի միջոցով պետք է նաև Ռուսաստանին դնի որոշակի իրաողությունների և պատասխանատվության առաջ։  Այսինքն՝ այնտեղ ոչ միայն ռուսական քաղաքական շահեր սպասարկվեին քաղաքական մանդատով, այլ նաև որոշակի պատասխանատվություն ձևավորվի Արցախի կարգավիճակի և ինքնորոշման հարցի հանդեպ։ Եթե Ռուսաստանը գնացել է իր դերի առանձնակի ծավալման ճանապարհով, խոսում է այդ մասին և փորձում է լեգիտիմացնել այդ դերը միջազգայնորեն, ապա գուցե պետք է նաև առանձնահատուկ լինի քաղաքական պատասխանատվությունն ու դերը Արցախի ինքնորոշման հարցի առումով, որովհետև Ռուսաստանը պատասխանատու կերպով Ադրբեջանի իրավունքների մասին է խոսել և խոսում մինչև հիմա, բայց թերևս պետք է նաև որոշակի պատասխանատվություն ձևավորվի Արցախի ինքնորոշման իրավունքի մասով»։

Ամեն դեպքում, Արցախի խորհրդարանի ընդունած հայտարարության առաջին իսկ տողով ամրագրվում է, որ հայտարարությունն ընդունվել է Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների պատճառով։ Այս համատեքստում Փաշինյանը նկատում է․ մեջբերում․ «հիմա էլ անընդհատ կրկնում են, որ միայն Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կարող է բանակցային գործընթացում ներկայացնել Արցախի ժողովրդին: Ո՞վ է վիճում: Սա իմ կարեւորագույն թեզերից մեկն է՝ 2018-ից ի վեր: Այլ հարց է ծագում. այդ նույն մարդիկ ինչու ծպտուն չէին հանում, երբ 1998 թվականին Ռ. Քոչարյանի ձեռամբ Արցախը հեռացվում էր բանակցային գործընթացից: Բայց հիմա էլ հանկարծ չմտածեք, թե նրանք ուզում են Արցախը բանակցային սեղան վերադարձնել, նրանք ուզում են Հայաստանը հեռացնել բանակցային սեղանից: Հազիվ առիթ է, մի գաղտնիք բացեմ»,-գրել էր Փաշինյանը՝ նկատի ունենալով՝ Մեր իրականության մեջ հայտնի շրջանակների պրոպագանդան մի թյուրիմացություն է ներարկել, թե «ԼՂ վերջնական կարգավիճակ», «ինքնորոշում» տերմինները անպայմանորեն նշանակում է ԼՂ անկախություն: Սա իհարկե այդպես չէ, որովհետեւ ինքնավար մարզն էլ է կարգավիճակ, շրջանն էլ է կարգավիճակ, անկախությունն էլ է կարգավիճակ:

Կարդացեք նաև

Back to top button