
Կապանի Շիկահող սահմանամերձ բնակավայրում Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նախաձեռնությամբ կարի արտադրամաս է բացվել։ Այստեղ առայժմ 14 մարդ է աշխատում։ Արտադրամաս բացելու առաջարկն արել են շիկահողցի կանայք՝ չսպասելով, որ այն կարող է իրականություն դառնալ։
Դեկտեմբերի 1-ից Սյունիքի մարզի Շիկահող սահմանամերձ գյուղում գործում է կարի արտադրամաս։ Խորհրդային Միության տարիներին գյուղում Կապանի տրիկոտաժի գործարանի մասնաճյուղն է եղել, որտեղ շիկահողցիներից բացի աշխատում էին նաև կանայք հարևան գյուղերից։ Միության փլուզումից հետո արտադրամասը փակվեց, աշխատավորուհիների միակ զբաղմունքը մնաց հողը, շատ ընտանիքներ տեղափոխվեցին քաղաք։

Այս տարվա մարտին, երբ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը Շիկահողի կարքիներն էր քարտեզագրում, գյուղացիները առաջարկեցին կարի արտադրամաս բացել։ 8 ամիս անց, արտադրամասը պատրաստ էր։ Նոյեմբեր 13-ին հանդիսավոր բացումն էր, իսկ արտադրությունը սկսվեց դեկտեմբերի 1-ից։ Կարի արտադրամասի աշխատակցուհի Նարինե Արտեմյանն ասում է՝ առաջարկեցին, բայց չէին սպասում, որ կարի արտադրամասը կբացվի․
«Տրիկոտաժը վերացավ, անցանք մեր բուն աշխատանքին, արդեն մեծացել ենք․ հողամասում հոգնում ենք աշխատել»։
Գյուղապետարանի վարչական շենքը հիմնովին նորոգվեց ու մի հարկաբաժինը հատկացվեց կարի արտադրամասին։ Ընդհանուր ծրագիրը արժեցել է մոտ 150 000 ԱՄՆ դոլար։ Աշխատողներն առայժմ 14-ն են։ Պատվերներ կլինեն թե չէ՝ կառավարությունը ծրագրի շարունակելիությունը ապահվելու համար աշխատակիցների մեկ տարվա աշխատավարձը վճարելու է։ Վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյան․
«Մեկ տարի նվազագույն աշխատավարձի չափն է սահմանված, եւ դրանից հետո ինչքան արտադրանք կտան՝ կմեծանա աշխատավարձը։ Ես ակնկալում եմ, որ մեկ տարի հետո մարդիկ արդեն կարող են խոսել շատ մեծ աշխատավարձի մասին»։
Արտադրամասի պատասխանատու Նարե Ղազարյանն ասում է՝ հիմա սպիտակեղեն ու սրբիչ են կարում, բայց արդեն ունեն կնքված պայմանագրեր․
«Հունվարի 1-ից սկսելու ենք կարել «Հայանտառ»–ի եւ «Զանգեզուր» կենսոլորտային ընկերության աշխատակիցների համազգեստները։ Այդ աշխատանքները ավարտելուց հետո կսկսենք Կապանի կոմբինատի աշխատակիցների համազգեստների արտադրությունը։ Կարծում եմ՝ կհասցնենք ժամանակին պատվերները կատարել»։
Կանայք նախկինում աշխատել են տրիկոտաժի ֆաբրիկայի մասնաճյուղում եւ տիրապետում են կարի հմտություններին։ Նարե Ղազարյանի խոսքով՝ մոռանալ չէին հասցրել։ Արտադրանքը՝ անկողնու պարագաներն ու սրբիչները, շուկայականից ցածր գնով արդեն վաճառել են համագյուղացիներին։ Ցածր ինքնարժեքով վաճառքը հնարավոր դարձավ միջազգային գործընկերների շնորհիվ, որոնք տրամադրել են անհրաժեշտ հումքը։ Արտադրանքը դեռեւս չի պիտակավորվել։ Նարե Ղազարյանին լսենք․
«Առայժմ պիտակավորում չունենք, քանակը այդքան էլ մեծ չէ, ու չենք մտել շուկա։ Բայց պատվերների դեպքում պիտակավորելու ենք եւ մտնելու ենք շուկա, ունենալու ենք մեր լոգոն»։

Կարի արտադրամաս ապրանքանշանը մշակման փուլում է, այն հիշեցնելու է Սյունիքը խորհրդանշող որեւէ պատկեր։ Նարե Ղազարյանի խոսքով՝ 6 ամիս անց Հայաստանում, նաև Հայաստանի սահմաններից դուրս մարդիկ կարող են գնել հագուստ, սրբիչ, սպիտակեղեն՝ «Արտադրված է Շիկահողում» մակնշմամբ։






