
Կառավարությունը կարևորում է պատմամշակութային կառույցների պահպանումը և որոշել է 128 միլիոն 439 հազար դրամ հատկացնել դրանց վերականգմանը: Վարչապետն այս մասին խոսել է կառավարության այսօրվա նիստում։ Ասել է, որ ծրագրի նպատակը միայն մշակութային ոլորտի զարգացումը չէ․
«Պատմամշակութային կոթողների զարգացումն առանցքային նշանակություն ունի տնտեսության և զբոսաշրջության համար։ Բիզնեսի, զբոսաշրջիկների և հենց մեր հանրության համար պատմամշակութային կոթողների ողջ սպեկտորը մենք չենք կարողանում դեռ համարժեք ներկայացնել։ Բացառիկ ուշադրության ենք արժանացնելու, օրինակ, Արենիում գտնված տրեխը, որը համաշխարհային պատմության բացառիկ գտածո է»,-ասում է Նիկոլ Փաշինյանը։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մանրամասնել է անելիքները․ ամրակայման և վերականգման աշխատանքներ կիրականացվեն Լոռու մարզում՝ Լոռի Բերդի միջնաբերդում, Ամրակից գյուղի Ռշռուսական եկեղեցում, Տավուշի մարզի «Տավուշ» ամրոցում, կից կառույցներում։ Լսենք նախարարին․
«9 միլիոն 900 հազար դրամ հատկացվելու է Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ին, Արենի 1 քարանձավում գտնված բացառիկ ոտնամանի պահպանության համար հատուկ ցուցապահարանի ձեռքբերման և տեղադրման աշխատանքներն իրականացնելու համար»,-ասում է Վահրամ Դումանյանը։

Շարունակվելու է խորհրդային տարիներից մնացած կոթողների վերականգնումը։ Որպես օրինակ՝ վարչապետը նշում է Երևան-Սևան մայրուղու «Անվերջության ժապավեն» քանդակը։ Այն ամբողջապես վերականգված է, իսկ պղնձաձույլ կտորների գողության դեպքերից հետո արձանը հսկվում է տեսախցիկներով։ Հատուկ ուշադրության են արժանանալու հայ առաքելական եկեղեցու վանական համալիրները․ դրանց մեծ մասը քաղաքից հեռու է, այնտեղ տանող ճանապարհները՝ դժվար։ Այս ծրագիրն իրականացվելու է Մայր Աթոռի հետ համագործակցությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան․
«Գաղափարն այն է, որ կառավարության, Հայ առաքելական եկեղեցու և բարերարների համատեղ ջանքերով առաքելական պատմաշկութային ժառանգությունը բոլոր ստանդարտներին համապատասխան վերականգնվի»,-ասում է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը խոստանոմ է, որ մշակութային ժառանգության վերականգնման գործընթացը շարունակական է լինելու։




