ԿարևորՀասարակություն

«Առողջապահական» միգրացիայի ուղղությունը՝ Գերմանիա․ ինչու են հայերը դիմում գերմանական դատարան

Չարտերային չվերթներով ԵՄ երկրներից Հայաստան վերադարձող մեր հայրենակիցների մեծ մասը Գերմանիայից են։  Եվրոմիության հենց այս երկիրն է հիմնականում գրավում  անօրինական ճանապարհով արտագաղթող հայերին։

Պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին՝ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը մանրամասնում է. «Երբ ասում եմ անօրինական բնակվող, դա չի նշանակում, որ այդ մարդիկ, օրինակ, հանցագործներ են։ Ո՛չ, նրանք ուղղակի միգրացիոն կանոնների խախտմամբ են բնակվում այդ երկրում։ Ըստ այդմ՝ այդ անձիք՝ ռեադմիսիոն համաձայանգրի շրջանակում վերադարձվում են Հայաստան»,-ասում է Արմեն Ղազարյանը։

Հայ ակադեմիականների միության նախագահ, Գերմանիայի հայ համայնքի նախկին ղեկավար Ազատ Օրդուխանյանն ասում է, որ համաճարակի պատճառով վերջին 1-2 տարում Գերմանիայում ապաստան խնդրող հայերի թիվը նվազել է։ Հայերը Գերմանիա են մեկնում հատկապես առողջական խնդիրներով։ Դիմում են միգրացիոն ծառայություններին, ստանում ապաստանյալի ժամանակավոր կարգավիճակ, իսկ Գերմանիան պարտավորվում է ապաստանյալին ապահովել կացարանով, սննդով, հոգալ նրա բժշկական ծախսերը։

Բուժումը, սակայն, հաճախ մնում է կիսատ, որովհետև սպառվում է կարգավիճակի ժամկետը։ Ու եթե սահմանված ժամկետում բուժվողն ինքնակամ չի լքում երկիրը, արտաքսվում է։ Սա տարածվում է բոլոր անօրինական միգրատների վրա՝ բացառությամբ Սիրիայից, Եթովպիայից և Աֆղանստանից եկածների։ Գերմանահայ համայնքի նախկին ղեկավար Ազատ Օրդուխանյան․

«Արտաքսումները հայերին մեծ խնդիրների առջև են կանգնեցնում, որովհետև շատ անսպասելի կարող են լինել, օրինակ՝ բուժման ընթացքը կիսատ թողնելով կամ կեսգիշերին։ Մարդիկ չեն կարողանում երկարաժամկետ պլաններ կազմել, որովհետև վախ կա, որ դպրոցական կամ մասնագիտական կրթությունը կընդհատվի, բուժումը կարող է ընդհատվել, կամ կարող են կորցնել երկար փնտրած աշխատանքը։ Գերմանիա հայերը գալիս են հիմնականում քաղցկեղի, երիկամների, լյարդի ցերոզի, ոսկրային և մաշկային հիվանդությունների բուժման համար»,-ասում է Ազատ Օրդուխանյանը։

Ստանալ ապաստանյալի կարգավիճակ, երկարաձգել Գերմանիայում ապրելու իրավունքը և, ի վերջո, դառնալ քաղաքացի․ Ազատ Օրդուխանյնն ասում է՝ շատերն են մնում այս ճանապարհի կեսին։ Միգրացիոն ծառայությունը նախ ճշտում է՝ ինչու՞ է տվյալ անձը եկել Գերմանիա։ Եթե պարզվի, որ իր երկրում նրա կյանքին կամ ազատությանը սպառնացող վտանգ չի եղել, կամ ապաստան խնդրողի պատմությունը իրական չէ, կարող են մեկ գիշերում արտաքսել։ Վիճարկելու համար գերմանական միգրացիոն ծառայությունների արտաքսման որոշումը՝ հայերը ներքաշվում են դատական գործընթացի մեջ։ Հաճախ պատահում է՝ Ազատ Օրդուխանյանը թարգմանում է այդ դատական նիստերը․

«Հայերը ամենատարբեր դատական պրոցեսների և փաստաբանների միջոցով փորձում են երկարեցնել ապրելու իրավունքը Գերմանիայում։ Բուժման ընթացքը շարունակելու կամ կրթություն ստանալու համար են դիմում դատարան»,-նշում է Օրդուխանյանը։

Ի տարբերություն Գերմանիայում հայտնված այլ ազգերի ներկայացուցիչների, քրեական գործերով հայերը շատ հազվադեպ են հայտնվում դատարաններում։ Ամուսնալուծությունների դեպքում ևս նրանց թիվը փոքր է։

Կարդացեք նաև

Back to top button