
Եվրոպայում, մի կողմից, իսլամիստների դեմ զսպող մեխանիզմներ են կիրառվում, մյուս կողմից՝ ծայրահեղականությունը մեղմելուն միտված քայլեր են ձեռնարկվում։ «Ծայրահեղականության դրսևորումների» պատրվակով, օրինակ, Ֆրանսիայում մզկիթներ են փակվել, իսկ ԵՄ–ն բոլորովին վերջերս նոր առաջարկ է արել՝ խուսափել «Սուրբ Ծնունդ» արտահայտությունից, հիմնավորմամբ, թե այն կարող է վիրավորական լինել ոչ քրիստոնյաների համար: Վերլուծաբանների կարծիքով, սակայն, սահմանափակումները ի զորու չեն կասեցնել Իսլամի «հաղթարշավը» Եվրոպայում․ այն հաճախ ոչ թե ինքն է կանոնների ենթարկվում, այլ սեփական կանոններն է թելադրում։
«Ծայրահեղականության դրսևորումների» պատրվակով Ֆրանսիայում 21 մզկիթ է փակվել։ Նույն ճակատագիրն է սպասվում ևս 6 մզկիթների՝ հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը և հավելել, որ Ֆրանսիայում ևս 36 մզկիթներ կան, որոնք շարունակելու են գործել, քանի որ դրանց գորշունեությունը չի հակասում երկրի օրենքներին։ «Մի քանիսը հրաժարվել են արտաքին ֆինանսավորումից , իսկ մեկ մզկիթ էլ աշխատանքից հեռացրել է ծայրահեղականության մեջ մեղադրվող իմամին»,– ասել է նա։ Որքան էլ Եվրոպան փորձի զսպող մեխանիզմներ կիրառել, չի կարող հակազդել Իսլամի տարածման արագությանը․ այդ բոլոր ջանքերն իզուր են լինելու՝ կարծում է կրոնագետ Վարդան Խաչատրյանը։
«Իսլամական աշխարհի ավելի քան 200 տարվա գաղութացումը բերել էր ինքնության զսպանակի սեղմման, որն այսօր հետ է բացվում, տարածվում և վերելք ապրում։ Ես չեմ պատկերացնում, որ այդ զսպանակը հնարավոր է որևէ կարճաժամկետ գործունեությամբ, անգամ արդիական մեթոդներով կասեցնել և թույլ չտալ, որպեսզի այն ուղու վրա վերադառնա, որի վրա եղել է 7-19-րդ դարերին»։
Օրինակ՝ Անգլիայում միայն վերջին 10 տարվա ընթացքում շուրջ 20 հազար մզկիթ է բացվել։ Սրտից սիրտ, ուղեղից ուղեղ կոչված քարոզչությունը միայն մզկիթներով չի սահմանափակվում։ Տարածվում է նաև համացանցում, որը վերահսկելը շատ ավելի անիրական է՝ կարծում է զրուցակիցս։
«Ծայրահեղ ծանր տեռորիստական ակտերը, բոլորի աչքի առաջ կատարվող սպանությունները չեն կարող անտարբեր թողնել հասարակությանը, բայց հասարակությունն այս դեպքում նույնպիսի ռադիկալություն չի կարող դրսևորել, որովհետև զգալի չափով կրոնաթափ և սեփական ինքնությունից տատանված ժողովուրդ է»։

Ծայրահեղականների թեման Հայաստանի հետ առնչություն ունեցավ 44-օրյա պատերազմի շրջանում։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական գործողություններում ներգրավված վարձկանները հայտարարում էին, որ պայքարում են հանուն Իսլամի։ Զրուցակցիս կարծիքով՝ իսլամական ծայրահեղականների հայտնվելն այստեղ մեծ ահազանգ պետք է լինի մեզ համար։
«Մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ իսլամական յուրօրինակ հորձանուտում ենք ապրում, որտեղ խնդիրները լուծվում են արյան գնով, պատերազմների ու բռնությունների միջոցով»։
Թերևս հենց այս տրամադրությունը և գոյություն ունեցող «սուր անկյունները» մեղմելուն են միտված նաև ԵՄ–ի քայլերը՝ «ներառական հաղորդակցության» նոր կանոններ սահմանելով։ ԵՄ–ն , օրինակ, առաջարկում է է խուսափել «Սուրբ Ծնունդ» արտահայտությունից, հիմնավորմամբ, թե այն կարող է վիրավորական լինել ոչ քրիստոնյաների համար: Եվրոկրատների այս մոտեցումից մտահոգված Հռոմի պապը Եվրամիությանը հորդորում է «չբռնել գաղափարական գաղութացման ուղին»։ Կրոնագետ Վարդան Խաչատրյանը հասկանում է Պապի վրդովմունքը, բայց առանձնապես մեծ սպասելիքներ չունի, թե այն կարող է իրավիճակ փոխել։
«Երբ Հոլանդիայի վերջին ընտրությունների ժամանակ հանեցին պառլամենտ անցնելու շեմը, իսլամական կուսակցություն ձևավորվեց և պառլամենտ անցավ բավականին ցինիկ անունով՝ «Հարմարվեք»։ Այսինքն՝ հոլանդացիներ, հարմարվեք, որ մենք պառլամենտ ենք մտնում ու քաղաքականության մեջ ունենք մեր կողմնորոշումները»։
Իսլամը մեծ ճակատով ընթացող բազմապլան ալիք է, որն, ըստ կրոնագետի, գոնե տեսանելի ապագայում կանգ չի առնելու, այլ, հակառակը, ավելի է տարածվելու։




