ԿարևորՀասարակություն

Նոր կենտրոն՝ ավելացող ռիսկեր․ հոգեկան առողջության խնդիրները երեխաների մոտ ավելանում են

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի մանկական հոգեբուժական բաժանմունքը, որն իր տեսակով առաջինն ու միակն է Հայաստանում, առաջիկայում հնարավոր է ընդլայնվի։ Պահանջարկ կա և մասնագետներն այդ պահանջարկը փաստում են օրեցօր ավելացող դիմելիությամբ։ 12 մահճակալ ունեցող բաժանմունքում ներկայում ստացիոնար բուժում է ստանում 6 երեխա։  Մյուս շաբաթվանից ևս 4-ը կավելանան։ Քանի որ սա միակ նմանատիպ կենտրոնն է, այն պետք է սպասարկի նաև մարզերի այն բոլոր երեխաներին, ովքեր հոգեկան առողջության խնդիր ունեն։

Հայաստանը հոգեկան առողջության մանկական նոր բաժանմունք ունի, որը գործելու է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի կազմում։ Բաժանմունքի բացման անհրաժեշտությունը բացատրվում է նախ հանգամանքով, որ մինչ օրս այս խնդիրներով երեխաների հանդեպ պետական հոգածությունը թերի է։ Մյուս կողմից մտահոգիչ դիտարկմամբ, որ Հայաստանում երեխաների շրջանում հոգեկան առողջության խնդիրներն ավելանում են։ Սա են փաստում եւ մասնագետները, եւ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի մանկական նորաբաց բաժանմունք դիմողների թիվը։

Ավան հոգեկան առողջության կենտրոնի մանկական բաժանմունքում մանկական հոգեբույժ Նարինե Իսրայելյանն ամենօրյա շրջայցն է կատարում պալատներում,  հետաքրքրվում այստեղ բուժում ստացող երեխաների ինքնազգացողությամբ, տրամադրությամբ։ Մինչ նրա հետ շրջում ենք հոգեկան առողջության նորաբաց մանկական բաժանմունքում, մյուս մասնագետները զբաղված են հետազոտություններով, նաեւ՝ երեխաների ֆիզիոթերապիայով։ Մանկական այս բաժանմունքն իր տեսակով առաջինն ու միակն է Հայաստանում: 12 մահճակալ ունեցող բաժանմունքում այժմ ստացիոնար բուժվում է 6 երեխա, ամենափոքրը՝ 12 տարեկան՝ «Ռադիոլուրին» պատմում է մանկական հոգեբույժ Նարինե Իսրայելյանը։

«Երեխաների մոտ հոգեկան առողջության խնդիրներն, իհարկե, տարբեր են։ Դեռահասային տարիքում ավելի շատ լինում են վարքային եւ փսիխոտիկ խանգարումներ։ Նրանց հիմնականում մեր կենտրոն ուղեգրում են տեղամասային մանկաբույժները, հոգեբույժները։ Ընդամենը մեկ շաբաթ է, որ  աշխատում եմ ու տեսնում եմ, որ ծառայության պահանջարկը կա»։

Թե Հայաստանում քանի՞ երեխա ունի հոգեկան առողջության խնդիր եւ ըստ այդմ՝ այս բուժօգնության կարիքը, տվյալները հստակ չեն։ Ոչ կենտրոնում, ոչ էլ նախարարությունից թիվ ասել չեն կարող․նման հաշվարկ չի արվում։ Սակայն նկատելի է նման խնդիրների ավելացման մտահոգիչ միտումը։ Թիվն աճում է տարբեր պատճառներով։ Պատերազմն էլ իր հերթին է ազդել՝ մանրամասնում է կենտրոնի տնօրեն Արեգա Մանուկյանը։

«Ընդհանուր հոգեբուժությունում, ոչ միայն մանկականում վերջին տարիներին դիմելիությունը մեծ է։  Նաև սթրեսային իրավիճակներն են շատացել, կորոնավիրուս, պատերազմ։ Կարծում եմ, որ այս բաժանմունքը միգուցե պետք լինի ընդլայնել»։ 

Կենտրոնում բուժօգնությունն անվճար է բոլոր երեխաների համար։ Կենտրոնը նոր է բացվել, բայց այստեղ արդեն հնարավոր են համարում, որ հոգեկան առողջության կենտրոնի մանկական բաժանմունքն ընդարձակվի։ մտավախություն ունի, որ 12 երեխայի ստացիոնար բուժման համար նախատեսված բաժանմունքը չի բավականացնի բոլորին: Մինչ այս բաժանմունքի բացումը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների համար Արմաշում գործել է ժամանակավոր բաժանմունք, բայց՝ հեռու ժամանակակից չափանիշներին․ սա խոստովանում են անգամ ոլորտի պատասխանատուները։

Նորաբաց կենտրոնի հետ ավելի արդյունավետ բուժման հույսեր են կապում։ Բայց սրա կողքին նաեւ բազմաթիվ այլ խնդիրներ կան։ Մարզերում չունենք  կենտրոններ, ինչն էլ ավելի է ծանրաբեռնելու կենտրոնի աշխատանքը։ Նախարարությունից հավաստիացնում են՝ խնդիրը ոչ միայն մարզերում հոգեկան առողջության մանկական բաժանմունքներ բացելն է, այլեւ այդ բաժանմունքները մասնագետներով համալրելը․Հայաստանում մանկական հոգեբույժների պակաս կա:

Ուստի  գերատեսչությունը տարբեր ծրագրեր է իրականացնում այս մասնագիտության ընտրությունը խրախուսելու համար: Նորաբաց բաժանմունքի ղեկավարը, որ նաև բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի վարիչն է, հավաստիացնում է՝ շուտով այդ բացն էլ կլրացվի.բժշկականի ուսանողները սկսել են ավելի հաճախ ընտրել մանկական հոգեբույժի մասնագիտությունը:

Կարդացեք նաև

Back to top button