ԿարևորՀասարակություն

Տնտեսության «փրկօղակը»․ կառավարությունը դիտարկում է Ամուլսարի հանքի շահագործումը

Փորձագետները կարծում են, որ առաջիկայում կվերսկսվեն  Ամուլսարի շահագործման շուրջ քննարկումները։ Նման կանխատեսումների  առիթը 2022 թվականի պետական բյուջեի նախագծում տեղ գտած այն ձևակերպումն  է, ըստ որի՝ հաջորդ տարվա համար նախանշված տնտեսական աճի ապահովմանը կարող է նպաստել Ամուլսարի շահագործումից բխող տնտեսական ակտիվությունը։ Հանքի շուրջ քննարկումների համեմատական դադարի ընթացքում ի՞նչ է փոխվել բնակիչների և իշխանության կարծիքներում, արդյո՞ք Ամուլսարն իսկապես տնտեսության միակ փրկօղակն է։

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն ու դրանից  բխող տնտեսական ակտիվությունը  կառավարությունը դիտարկում է որպես տնտեսական աճի ապահովման  գործոն։  Այս ամրագրումն արվել է 2022 թվականի պետական բյուջեի նախագծին կից ներկայացված ուղերձում։ Դրանում գործադիրն առանձնացրել է հաջորդ տարվա համար թիրախավորված 7 տոկոսանոց տնտեսական աճին նպաստող ու խանգարող գործոնները։ Օրինակ՝ ռիսկերի թվում նշել է համաշխարհային տնտեսության սպասվածից ավելի դանդաղ վերականգնումը, համավարակի  տարածման անորոշությունները, իսկ նպաստող գործոնների շարքում առանձնացրել Ամուլսարի շահագործումից բխող տնտեսական ակտիվությունը։

Գործունեության հնգամյա ծրագրով էլ կառավարությանը նախատեսել է մշակող արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ հասցնել 15 տոկոսի։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ գործադիրի ծրագրում և հաջորդ տարվա բյուջեի ուղերձում տեղ գտած ամրագրումները հուշում են, որ կառավարությունը հակված է Ամուլսարի հանքավայրը շահագործելուն։

«Դա պատահական չէ, հաշվի առնելով, որ մենք 7% աճ ունենալու համար այլ ճյուղեր չունենք այս պահին։ Միակ հնարավորությունը, որ կառավարությունը կարողանա իր խոսքը պահել, դա Ամուլսարի շահագործումն է։ Ուրիշ տարբերակ, հնարավորություն Հայաստանի տնտեսությունը չունի։ Ամուլսարի շահագործման միջոցով հնարավոր է տարեկան 200-300 մլն դոլարի լրացուցիչ շրջանառություն, տարբեր գնահատականներով՝ հնարավոր է տարեկան մինչև 50-100 մլն դոլարի չափով հարկ վճարվի պետական բյուջե»։

«Ամուլսարի հարցը դեռ 2018 թվականին համայնքի բնակիչները լուծել են։ կարծում եմ՝ կտրուկ փոփոխություններ չեն լինի, իսկ եթե լինեն ժողովուրդը պատրաստ է իր դիրքորոշումը ևս մեկ անգամ վերահսատատելու»,-Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանն է։ Նշում է, որ անկախ կառավարության մտադրություններից՝ բնակիչները շարունակում են իրենց կարծիքին մնալ։

Օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում  Ամուլսարի շահագործման մասին խոսել էր  փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

«Բավական բարդ է ասել՝ երբ կբացվի Ամուլսարի հանքը, բայց ես հակված եմ, որ հանքն աշխատի: Երբ ասում եմ, որ հակված եմ որևէ հանքավայր աշխատի, աշխատատեղեր բացվեն, բյուջեում լինեն հավելյալ գումարներ լինեն, նկատի ունեմ բնապահպանական նորմերի պահպանման դեպքում»։

Ջերմուկի քաղաքացին հիշեցնում է Էլարդ միջազգային խորհրդատվական ընկերության փորձագիտական եզրակացությունը, ըստ որի՝ հանքավայրի շահագործման սոցիալական ու  բնապահպանական հետևանքների գնահատումներն անհերքելիորեն թերի են ու  վստահելի չեն, ուստի բավարար չեն հանքավայրն ապահով շահագործելու համար։ Խորհրդատվական ընկերությունը նշել էր, որ Ամուլսարի ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում։

Շիրակ Բունիաթյանը «Ռադիոլուր»-ին ներկայացնում է այս պահին Ամուլսարի տարածքում առկա իրավիճակը․

«Այս պահին տարածքում ակտիվ շարժ կա ապամոնտաժում են ծանր տեխնիկան ու տեղափոխում են, չգիտեմ՝ ուր են տանում, բայց հանում են Ամուլսարի տարածքից։ Մեզ հասած տեղեկություններով՝ նրանք սնանկացել են ու օդում կախված լուրերով՝ հիմա գնորդ են փնտրում»։

Սուրեն Պարսյանի կարծիքով՝ մեկնարկային այս կետից հանքը շահագործելը ռիսկային է։ Միևնույն ժամանակ, տնտեսագետի կարծիքով, Հայաստանն իրեն  չի կարող թույլ տալ հանքարդյունաբերությունից հրաժարվելու «շռայլությունը»․ դա կնշանակի հրաժարվել երկիր հոսող արտարժույթի մոտ 40%-ից․

«Հայաստանը չի կարող ընդհանրապես հրաժարվել հանքարդյունաբերությունից, քանի որ սա մեր արտահանման հիմնական ապրանքն է։ Օրինակ՝ այս տարի մեր արտահանման 38%-ը կազմել է հանքահումքային արտադրանքւը։ Մենք պետք է հասկանանք՝ եթե սրանից հրաժարվում ենք, ինչ ենք ավելացնում։ Մենք պետք է ունենանք այնպիսի հանքարդյունաբերություն, որը կասկածի տակ չի դնում այդ ռեսուրսներից հաջորդ սերունդների օգտվելու հնարավորությունը ընդերքի վայրի, բարբարոսական շահագործումը, մեծ բնապահպանական վնասները, առողջապահական վնասները պետք է բացառվեն»։

Ջերմուկի բնակիչները վստահեցնում են՝ տեղյակ են տնտեսական ցուցանիշներից, Ամուլսարի շահագործման արդյունքում ենթադրվող օգուտներից։ Բայց տարածքի համար պայքարելու նոր հիմնավորումներ էլ ունեն։

«Բոլորս գիտակցում ենք, որ ցավալի պատերազմից հետո, որ մեր սահմաններն էնքան են փոքրացել, որ Ջերմուկից մոտ 20 կմ այն կողմ արդեն սկսվում է հայ-ադրբեջանական ժամանակավոր սահմանը, ուստի սա դարձել է կենսատարածք, ու մենք պահելու ենք սա, որ կարողանանք այստեղ ապրել, արարել։ Սա է մեր նպատակը»։

Կարդացեք նաև

Back to top button