
«Հայի սրտով ֆրանսուհի». այդպես է ինքն իրեն կոչում հայտնի ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը: 20-րդ դարի կեսերից Ազնավուրը, Լեգրանի, Վերնոյը կողքին հայտնվեց նաև Ռոզի Արմենի անունը: Երգում է հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն։ Մեկ բեմում է հայտնվել համաշխարհային աստղեր Ժիլբերտ Բեկոյի, Շառլ Ազնավուրի, Ջոնի Հոլիդեյի, Հուլիո Իգլեսիասի հետ: Օրերս երգչուհին այցելել էր Հանրային Ռադիո։
Էլեգանտ, համեստ, բարձրաճաշակ․ այսպես են բնութագրում երգչուհի Ռոզի Արմենին։ Նրան ես հանդիպեցի Հանրային Ռադիոյի շենքի երրորդ հարկում։ Այստեղ է գտնվում արխվիացման սենյակը։ Լեգենդար երգչուհին անձամբ էր եկել ձայնագրությունները ռադիոյում ի պահ տալու։ Մոտ 45 ալբոմ ունի ձայնագրած։
«Ես մի սիրուն տղա տեսա, ջուր էր տանում աղբյուրից», հենց այս երգն էլ դարձավ նրա այցեքարտը։ Հայաստանում Ռոզին ճանաչվեց հենց այս երգով։
Հայրենիքում հաճախ է լինում։ Ամեն անգամ վերապրում է այն զգացողությունը, որն ունեցավ 1965 թ-ին, երբ առաջին անգամ ոտք դրեց մայր հողի վրա․
«Ինձ հրավիրեցին Հայաստան 1965 թ-ին։ Ֆրանսիական ռադիոյով լսելով իմ կատարումները ու իմանալով որ ես հայ եմ, մի ունկնդիր նամակ է գրել խորհրդային իշխանություններին, որ համերգներով հանդես գամ Խորհրդային Հայաստանում։ Ինձ թվում էր, թե ինձ ոչ ոք չէր ճանաչում։ Բայց ես Ֆրանսիայում արդեն 4 ձայնասկավառակ էի թողարկել։ Շատ անհագիստ էի, բայց պարզվեց, որ 12 համերգների տոմսերը լրիվ վաճառվել են»։
Նախիջևանում ծնված Խուրշուդ Հովհաննիսյանը և Անկարայի մի արվարձանում ծնված Նվարդ Ալոզյանը, Մեծ Եղեռնից հետո, 20-ական թվականներին գաղթում են Փարիզ, հանդիպում, ընտանիք կազմում: Այդ ընտանիքում էլ ծնվում է լեգենդ դարձած երգչուհին` Ռոզի Արմենը: Երգչուհին ասում է՝ հայրը չէր ցանկանում, որ ինքը երգչուհու դառնար․
«Ծնողներս ուզում էին, որ իրենց դուստրը բժշկի մասնագիտություն ընտրեր։ Հայրս ասում էր, որ դա արհեստ չէ։ Նա ասում էր՝ չեմ ուզում կաբարեներում երգես։ Ես ասեցի, որ ուզում եմ մեծ բեմերում երգեմ։ Ասաց՝ բայց այլ արհեստ պետք է սովորես»։
Ռոզի Արմենը հորն ընդառաջ գնալով՝ այլ արհեստ էլ սովորեց։ Աշխատում էր մեքենագրուհի, բայց երգն ու բեմը կանչում էին։ Մի օր էլ չի դիմացել ու աշխատավայրում լաց է եղել․
«Մեր տնօրենն ասաց՝ ինչո՞ւ ես լացում, Ռոզ, ասացի՝ պարո՛ն, ախր ես չեմ ուզում այս գործը անել, այլ ուզում եմ երգել․ ես ուզում եմ երգչուհի լինել։ Նա ինձ համոզեց, ասաց՝ հիմա աշխատի, հետո կերգես։»

Երգելու ցանկությունը, իսկապես, շատ մեծ էր, ու չնայած ծնողները դեմ էին, Ռոզին ընտրեց երգարվեստը։ 1965 թ–ին, երբ երգում էր Երևանում, հայրը նույնպես դահլիճում նստած էր։ Ելույթից հետո նա հուզված մոտեցել է դստերն ու շնորհավորել է․
«Հայրս սովորեցեց «Подмосковные Вечера» երգը ու ամեն անգամ ասում էր, որ ռուսերեն սովորեմ։ Ու ես ամեն անգամ ասում էի՝ ռուսերեն սովորեմ, որտե՞ղ եմ երգելու, չէ՞ որ կար երկաթե վարագույր ասվածը։ Ռուսաստան իմ մուտքը փակ էր»։
Բայց երկաթյա վարագույրը բացվեց։ Մոսկվայում երգչուհին տասնյակ համերգներ է ունեցել, իսկ խորհրդային «Մելոդիա» ձայնագրման ստուդիան թողարկում է նրա ձայնասկավառակը: Հիշում է, որ մի անգամ համերգին ներկա է եղել Արամ Խաչատրյանը ու համերգից հետո իրեն է նվիրել «Գարուն Երևան» երգը՝ Աշոտ Գրաշու խոսքերով:
Ռոզին հիշում է ուսումնական տարիները, բազմամարդ համերգները ու հայտնիներին, որոնց հետ եղել է նույն բեմին և դահլիճում․ Ժիլբեր Բեկոն, Շառլ Ազնավուր և Ջոնի Հալիդեյ․
«Այս 12 համերգներն այնքան հաջողված էին, որ արդյունքում ունեցա 28 համերգ: Այդ համերգների ընթացքում իմ երկրպագուների շարքում էին Տիգրան Պետրոսյանը, Մարշալ Բաղրամյանը, Առնո Բաբաջանյանը, բանաստեղծ Եվտուշենկոն: Հիշում եմ, թե ինչպես էր մեծն Առնո Բաբաջանյանն ամեն համերգից հետո գալիս ինձ տեսնելու, որպեսզի գնամ իր ընտանիքի հետ ճաշելու, և մինչև վաղ առավոտ նա նվագում էր իր ստեղծագործությունները` առաջարկելով որևէ բան ընտրել իմ երգացանկի համար: Դրանք անմոռանալի երեկոներ էին»,-ասում է Ռոզի Արմենը:
Երգչուհին հիացմունքով էր խոսում նաև իր ընտանիքի, հատկապես թոռնիկի՝ Նոյի մասին։ Համերգներ, օդանավեր, հյուրանոցներ․ անընդհատ շրջելով երկրերկիր՝ Ռոզի Արմենը զավակների խնամքով զբաղվելու շատ ժամանակ չի ունեցել:Եվ հերթական անգամ հյուրախաղերից վերադառնալոց հետո որդին դաստիրակչուհուն ավելի ջերմ է դիմավորում քանի իրեն և որոշում է մի օր էլ հեռանալ բեմից ու վերադառնում է միայն երեխաների մեծանալուց հետո»։
«Ունեմ Արմեն ու Րաֆֆի: Մեծ զավակս՝ Արմենը, գնաց իմ ճանապարհով: Նա կոմպոզիտոր է, առավել հայտնի իր կինոերաժշտությամբ: Երկու տարեկանից նստում էր դաշնամուրի առաջ և ժամերով տկտկացնում ստեղների վրա: Իսկ կրտսեր զավակս ընտրեց հոր ուղին»:
«Հայի սրտով ֆրանսուհին». այդպես է ինքն իրեն կոչում Ռոզի Արմենը։ Երգչուհին իրեն երջանիկ մարդ է համարում, շարունակում է երազել ու իր առջև նպատակներ դնել:




