
Ստեղծարար Հայաստան «ARTBOX» ինկուբատորը հզոր ուժ կհաղորդի ստեղծարար բիզնես նախագծերին, հնարավորություն կտա կապեր հաստատել տեղական և միջազգային շուկաների հետ և գրավել ներդրումներ: Այսօր՝ ծրագրի մեկնարկային միջոցառմանն այս մասին ասել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Մշակութային և ստեղծարար արդյունաբերությունները մեծ ներուժ են՝ որպես սոցիալ-տնտեսական շարժիչ ուժեր։ Հայազգի արվեստի գործիչներն՝ իրենց ստեղծագործական հմտությունների և արտադրանքի գերազանցության շնորհիվ մեծ ճանաչում են վայելում բազմազան ստեղծարար համայնքներում»,- նշել է նա։
Ծրագրի նպատակը «ստեղծարար արդյունաբերության» և արվեստի ոլորտի խթանումն է․ արվեստի ոլորտի 25 նախաձեռնություն կընդգրկվի ինկուբացիոն ծրագրում, որի ընթացքում յուրաքանչյուրի համար կմշակվի բիզնես և ստեղծագործական պլան, իսկ ամենահաջողված նախաձեռնություններին կտրամադրվի ֆինանսավորում և հնարավորությունիրենց արվեստի ծրագրի արտադրմանն ու խթանմանն ուղղված ակսելերացիոն ծրագրում ընդգրկվելու հնարավորություն։




