
Երևանից այսօր 2 արձագանք է հնչել՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի հայտարարության, որով կրկին օրակարգ է բերվել Հայաստանի տարածքով միջանցք բացելու հարցը։ Ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական կողմն է հայտարարել՝ ապաշրջափակման թեմա կա օրակարգում, միջանցքի հարց՝ ոչ ։ «Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապելու համար Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում» հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Վարչապետի մամուլի խոսնակն իր հերթին է պարզաբանել՝ ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն այս հարցում, ու պատրա՞ստ է վարչապետը հանդիպել Էրդողանին, ինչի մասին վերջինիս հայտարարությունը բուռն քննարկում է առաջացրել։
Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, թեև արդյունավետ աշխատանքի պարագայում Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների՝ «Ռադիոլուր»-ին պարզաբանում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի նախօրեի հայտարարությանը, թե վարչապետ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել: Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականի մասին մեկ անգամ և առաջին անգամ չէ, որ հնչել է՝ ասում է Գևորգյանը։
«Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում՝ ասելով, որ կարծում է, որ բարձր մակարդակի շփումներին պետք նախորդեն աշխատանքային քննարկումներ։ Միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում»:

Թուրքական կողմը Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպումը դիտարկում է Հայաստանի տարածքով միջանցք բացելու համատեքստում։ Մինչդեռ Երևանն արձագանքում է՝ միջանցքի հարց օրակարգում չկա։ Ապաշրջափակման հարցեր, այո, քննարկվում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստերում՝ շեշտում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ոչ միայն սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և սահմանագծումը, այլև բաց չթողնել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու հնարավորությունը՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումն է փոխանցում Մհեր Գրիգորյանը։
«Այս պահին տարածաշրջանի երկաթգծերի վերականգնման մասով եռակողմ աշխատանքային խմբի համար տեսանելի են լուծումները, որովհետև խոսքն այն երկաթգծերի վերականգման մասին է, որոնք ժամանակին եղել են և գործել են: Այդ մասով ավելի շատ կենտրոնացված ենք իրավական լուծումների վրա` սահմանային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ նմանատիպ հսկողական գործառույթ կազմակերպելու ուղղությամբ: Ճանապարհների վերականգնման մասով դեռևս ավելի շատ քննարկվում է տեխնիկական լուծումների հարցը։ Ցանկացած շանս, որը կայունացնում է տարածաշրջանում իրավիճակը և բերում է խաղաղություն, պետք է օգտագործել»։
Պաշտոնական Մոսկվան ևս հաստատում է՝ ապաշրջափակման թեմա կա, միջանցքի հարց՝ ոչ։ «Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապելու համար Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց օրակարգում չկա»,-Երևանում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ոչ, եռակողմ հանձնաժողովների նիստում այդ հարցը չի քննարկվում։ Քննարկվում է տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը»։

Հայաստանը վճռական է կոմունիկացիաների բացման ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում արձագանքում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հարցը կարևորելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու և թշնամանքը հաղթահարելու առումով։ Բայց այս թեման քննարկումների շղթայի մի օղակում վերափոխվում է՝ նկատում է Գևորգյանը։
«Որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է և ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է և հակասում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը: Այն նպատակ ունի ոչ միայն մեկուսացած պահել տարածաշրջանի պետությունները և ժողովուրդներին, այլև այդ մեկուսացմանը անշրջելի տեսք տալ: Բայց կան նաև տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ:»:
Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ստեղծված պայմաններում որքանո՞վ են իրատեսական և համարժեք տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու Հայաստանի օրակարգը։ Գևորգյանն արձագանքում է՝ այո, ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը խաթարելն է, թշնամությունը ոչ միայն խորացնելը այլև առավել համակարգված դարձնելը: Փորձում են տպավորություն ստեղծել, թե խաղաղությունն անհնարին է․ ամուր նյարդեր են պետք՝ շեշտում է Գևորգյանը։
Հայաստանի կառավարությունը հետևողականորեն առաջ է տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով և նոր հնարավորություններ ստեղծելով: Վարչապետ Փաշինյանը բազմիցս է նշել, որ այս ճանապարհին մեզ ամուր նյարդեր են պետք և արագ ու հեշտ լուծումներ գոյություն չունեն:
Ամուր նյարդեր ու ամուր կոմունիկացիաներ՝ դրան հասնելով քայլ առ քայլ ու հաղթահարելով թշնամանքը․ Հայաստանը սրան է կողմնակից՝ ասում է Գևորգյանը։ Կոմունիկացիաների բացման մասին Հայաստանում արդեն որոշակի պատկերացումներ ամբողջացել են։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի իրատեսական է համարում երկաթուղային ուղիների վերաբացումը․ դրանք ժամանակին եղել ու գործել են, այժմ պետք է վերականգնել դրանք՝ ասում է։
Գրիգորյանը, սակայն, չի մանրամասնում՝ Տավուշի՞, թե՞ Սյունիքի մարզերով է երկաթգիծն անցնելու։ Իսկ էկոնոմիկայի նախարարությունն իր հաշվարկն ունի՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը 2 տարում Հայաստանին կտա ՀՆԱ-ի 30 տոկոս աճ։ Տնտեսական հաշվարկների կողքին, սակայն, քաղաքական ու անվտանգային հարցերն են։ Անկարան ու Բաքուն համառորեն առաջ են տանում միջանցքների մասին խոսակցությունը, իսկ սա հակասում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը՝ արձանագրում են Հայաստանի կառավարությունում։





