
Բազմաթիվ պացիենտներ ունեն ձեր արյան կարիքը. խնդրում ենք ներկայանալ արյունատվության։ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունն է։ Ոչ թե ահազանգ, այլ կոչ՝ հնարավոր խնդիրները կանխելու համար՝ բացատրում է Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ու նշում՝ արյան կարիք միշտ կա, անհանգստանալու կարիք՝ ոչ․
«Արյան կարիք մշտապես ենք ունենում՝ շատ կամ քիչ։ Սշխարհում քովիդին զուգահեռ՝ արյան դոնորների քանակը նվազում է, և արյան պահանջարկը ավելանում է։ Միայն սրանով պայմանավորված։ Ուրիշ որևէ անհանգստացնող բան չկա։ Սա աշխատանքային կոչ է, և պիտի ազգաբնակչությունը շատ լավ իմանա, որ արյունն անվերջ չէ, ինչ–որ ժամանակ դա կարող է սպառվել։ Որպեսզի այդ օրին չհասնենք, այսինքն՝ միշտ ունենանք պահեստավորված արյուն, ժամանակին պիտի կանխարգելենք դա և կոչ անենք ազգաբնակչությանը, որ գան, իրենց մարդասիրական պարտքը կատարեն, որովհետև այս արյունով մարդկային կյանքեր են փրկվում, բարելավվում է մարդկային կյանքը և այլ»։
Քովիդ-համավարակն աշխարհում էլ է փոխել դոնորների թիվը նվազման ուղղությամբ։ Հայաստանը բացառություն չէ։ Սամվել Դանիելյանը նշում է՝ արյան որևէ կոնկրետ խմբի կարիք չունեն, անհրաժեշտ է արյան բոլոր խմբերի պատկանողների պատրաստակամ աջակցությունը։
«Կոնկրետ թիրախային կարիք երբ լինում է, մենք թիրախավորված անձինք ունենք, որ գալիս ու հանձնում են ավելի սակավաթիվ արյան խմբերով ու ռեզուսով արյուն և լրացնում ենք։ Այնպես չէ, որ տագնապային վիճակ է, բայց շատ ցանկալի է, որ կանխարգելենք տագնապային վիճակը, ժամանակին գան, պլանային կարգով հանձնեն արյունը, որպեսզի մեր պահեստային մասը պակասություն չունենա, սա ատ կարևոր բան է, որպեսզի ոչ մի արյան կարիք ունեցող մարդ չգա ու ձեռնունայն էստեղից չգնա»։
Արյան դոնոր դառնալու համար կան պահանջներ ու սահմանափակումներ։ Պետք է լինել 18 տարեկանից բարձր, իգական սեռի դեպքում ունենալ 52, արական սեռի դեպքում 62 կգ-ից ավելի քաշ, չունենալ վարակիչ, սոմատիկ, սիրտ–անոթային հիվանդություններ։ Կան նաև դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներ, օրինակ՝ հեռացված ատամ, հղիություն, ալերգիա։
Այժմ այս ցանկին ավելացել է նաև նոր՝ ժամանակավոր սահմանափակում՝ կապված կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ․ արյուն կարելի է հանձնել կենդանի վակցինայով պատվաստվելուց 1 ամիս, անկենդան վակցինայով պատվաստվելուց 10 օր հետո։ Դանիելյանը նշում է՝ առաջիկայում առողջապահության նախարարությունը ևս պաշտոնապես կհայտարարի, թե որ պատվաստանյութի դեպքում ինչքան ժամանակ է պետք սպասել, մինչ որպես դոնոր արյուն հանձնելու կշտապեք։
Հայաստանը նաև նոր արյան բանկ կունենա․ անհրաժեշտությունը մեծ է, աշխատանքները ընթացքի մեջ են՝ մանրամասնում է Սամվել Դանիելյանը։
«Աշխատանքները՝ նախագիծն ու նախահաշիվը վերջանալուն մոտ են, մենք տենդեր ենք հայտարարել, հաղթողի հետ կբանակցենք։ Մի շենք ունենք, որ չի օգտագործվել, այն պետք է քանդվի և այդ տեղը պիտի կառուցվի արյունաբանական կենտրոնի արյան բանկի նոր մասնաշենքը Ջինիշյան հիմնադրամի օժանդակությամբ ու ֆինանսավորմամաբ»։
Արյան նոր բանկ ունենալը ժամանակի պահանջն է, ներկայիս արյան բանկը ժամանակակից նորմերին չի համապատասխանում, պարբերաբար այն վերազինելու կամ նորը հիմնելու կարիք է առաջանում։ Արյան դոնորների կարիք միշտ կա, որպեսզի «սրտերը չդադարեն բաբախել»՝ ասում են մասնագետները։





