ԿարևորՀասարակություն

Նվիրյալների ճեմուղով՝ դեպի անցյալ ու ապագա․ երկու նոր անուն՝ Ռադիոտան «աստղերի պուրակում»

Դպրոցական էր, դասի ժամանակ թղթի վրա հեռուստացույց էր նկարում, փորձում դրա էկրանի մեջ տեղավորել Բիթլզի տղաներին ու դա պատկերացնել իրական հեռուստաէկրանին։  

«Բայց չէի պատկերացնում, որ մի օր կգնամ հեռուստատեսություն կամ այդ ոլորտում կշարունակեմ իմ կյանքը»,- ասել է Սուրեն Ռշտունին։

Ռեժիսոր, մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Ռշտունու դպրոցական տարիների նկարչական փորձերը դարձան մասնագիտություն, կյանք, ապրելակերպ ու տարերք․ այսպես են բնորոշում ռեժիսորի գործընկերները, ընտանիքի անդամները ու նաև ինքը՝ հարցազրույցներից մեկում։

«Ընկել եմ շատ հետաքրքիր, հեքիաթային մի աշխարհ, որտեղ մարդ կարող է ինչ-որ մի բան մտածել, հետո դրան երաժշտություն, նկարներ, բանաստեղծություն ավելացնել ու դրանով սիրունացնել այն էկրանը, որը ես փոքր ժամանակ նկարում էի»։

Հանրային հեռուստաընկերության ապագա գլխավոր ռեժիսորը երիտասարդ տարիքում բուհ չընդունվեց։ Ծանոթներից մեկի հորդորը նրան բերեց հեուստատեսություն՝ որպես ռեժիսորի օգնական։ Եկավ և մնաց։

«Ես ունեցել եմ շատ հետաքրքիր կյանք, որտեղ հաղորդումները, որոնց ես հեքիաթներ եմ անվանում, զարդարել են իմ կյանքը»։

Ռեժիսոր Սուրեն Ռշտունի

Սուրեն Ռշտունու անունն այսուհետ Հանրային ռադիոյի բակի «աստղային ճեմուղու» անունների ցանկում է։ Հեռուստահաղորդավար Զարուհի Ռշտունին՝ Սուրեն Ռշտունու դուստրը, հիշում է՝ աշխատանքով ապրող հայրիկի ծանր գրաֆիկը հաճախ է իրեն ու եղբորը  հեռուստատեսություն տարել, որ գոնե շփվել կարողանան։ Բայց նույն այդ գործի նվիրյալ հայրը դեմ է եղել աղջկա՝ հեռուստատեսության ուղին ընտրելուն։

«Ինչ-որ շրջան նույնիսկ միասին աշխատել ենք, ուղիղ եթերներ ենք ունեցել։ Ինքը Ծիծեռնակաբերդից ուղիղ եթերն էր ապահովում, իսկ ես լրատվականի տաղավարում էի։ Դրանք ինձ համար լավագույն պահերն են եղել։ Բացի այն, որ ինքը ինձ համար լավագույն հայր է եղել, նաև լավագույն ուսուցիչ էր։ Հպարտ ու մեծ պատասխանատվությամբ եմ կրում նրա ազգանունը»,-ասում է Զարուհի Ռշտունին։

Սայաթ-Նովա պողոտայից մինչև Ալեք Մանուկյան 5  ձգվող «Նվիրյալների արահետում» գրվել, գրվում ու դեռ գրվելու են ռադիոյի և հեռուստատեսության կյանքում մեծ ներդրում ունեցած և եթերային կյանքը փոխած մարդկանց անունները։

«Սա անհրաժեշտ է առաջին հերթին մեզ։ Հաճելի է գիտակցել, որ մենք արմատներով կանգնած ենք հարուստ մասնագիտական ավանդույթների վրա, սերում ենք մեծ ընտանիքից և շարունակողն ենք լավագույն ավանդույթների, որ ունեցել է հայկական ռադիո–հեռուստատեսությունը»,– ասում է վաստակավոր լրագրող, հաղորդավար Վարուժան Օլքինյանը։

Ճեմուղու անունների «աստղացանկում» այսօր ավելացավ ևս մեկը․բացվեց նաև հայ երգիչ-բանահավաք, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հայրիկ Մուրադյանի պատվո քարը։

«Հայրիկ Մուրադյանի դեպքում քարին դաջված անունն է պատիվ բերում այս փողոցին, հարևան շենքին, քաղաքին եւ երկրին։ Նրա աշխատանքային գրքույկում անպայման գրված էր լինելու ազգային ինքնության ճարտարապետ»,– ասում է Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը։

Ազգագրական երգերի կատարող, «Ակունք» ազգագրական ասամբլի հիմնադիր Հայրիկ Մուրադյանի ձայնն առաջին անգամ հնչել է հենց հայկական ռադիոյով, և չնայած հենց Մուրադյանն է հիմնել ռադիոյի «Ակունք» ազգագրական ասամբլը, ինքն անձամբ երբեք ռադիոյում չի աշխատել։

Հայրիկի երգերում մեր պատմությունն է, մշակույթը։ Իր ձայնով նա նոր կյանք տվեց ժողովրդական երգերին, ձայնագրեց շուրջ 200 ազգային երգ, որոնք այսօր էլ պահպանվում և հնչում են։ Հայրիկ Մուրադյանը կատարում էր ժողովրդի մեջ ապրող երգերը՝ ասում են նրա արվեստը ճանաչողները։ Մասնագիտությամբ պատմաբանի, արժեքավոր աշխատությունների հեղինակի ձայնն է հնչում հայկական բազմաթիվ հայտնի ֆիլմերում։

Ազգագրական երգերի կատարող, «Ակունք» ազգագրական ասամբլի հիմնադիր Հայրիկ Մուրադյան

«Պատահական չէր նրա՝ ճակատագրով շնորհված Հայրիկ անունը, չնայած նրան անվանակոչել էին Խրիմյան Հայրիկի պատվին, բայց այս ժանրին մոտեցողների, այս ժանրը կրողների, ժանրին անհույս սիրահարվողների համար նա եղավ ու մնաց Հայրիկ՝ հայոց երգի Հայրիկ»,– պատմում է Հանրային ռադիոյի երաժշտական ծրագրերի հեղինակ և վարող Լուսինե Նազարյանը։

Ամեն տարի Հանրային հեռարձակողի խորհուրդը Ռադիոտան «Նվիրյալների ճեմուղում» մեկական պատվո քար է տեղադրում ռադիոյի և հեռուստատեսության նվիրյալների պատվին։

«Մեր ընտրության հիմքում մի սկզբունք կա՝ ընտրել ոչ թե ամենաճանաչված անունները, այլ ընտրել անուններ, որոնց կյանքը, կենսագրությունն օրինակ են այսօրվա մարդու համար։ Իհարկե, կլինեն անուններ, որոնք անծանոթ են լայն հանրությունը, կլինեն անուններ, որոնք հանրահայտ են, բայց նպատակներից մեկն այն է, որ մենք իմանանք այն, ինչ չգիտենք կամ այլ տեսանկյունից ծանոթանանք նրանց, ում ճանաչում ենք»,-ասում է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

Ռադիոտան դիմացի հատվածն «աստղային է» դեռ 2016 թ-ից։ Հանրային ռադիոյի բակում՝ «Նվիրյալների ճեմուղում», տեղադրված ավելի քան 90 սալաքարերն անցորդներին պատմում են հայկական 95-ամյա ռադիոյի ու 65-ամյա հեռուստատեսության հայտնի ու ոչ այնքան հայտնի նվիրյալների մասին։  

Կարդացեք նաև

Back to top button