
Խորհրդարանն այսօր սկսել է ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքը։ Օրակարգին զուգահեռ ողջ օրվա ընթացքում ընդդիմադիրների նախաձեռնությամբ ակտիվ էր Սյունիքի մարզում՝ Որոտանի մոտ ադրբեջանցիների տեղադրած անցակետին ու իրանական բեռնատարներից գանձվող մաքսատուրքերին վերաբերող թեման։ Նիստի սկզբում «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է խորհրդարան հրավիրել ազգային անվտանգության ծառայության տնօրենին, գլխավոր դատախազին՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում Սյունիքում։ Իշխանական թևում առաջարկն ընդունել են, սակայն ձևաչափի հարցում վերջնական դիրքորոշում չեն հայտնել։
Ի՞նչ է կատարվում Սյունիքում, ավելի կոնկրետ՝ Գորիս –Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում։ Հարցի պատասխանն իշխանական թևում թողնում են պաշտոնական հաղորդագրություններին։ Մինչդեռ ընդդիմադիրներն իրավիճակը կտրուկ են բնութագրում։ Ցանկացած պահի ադրբեջանցիները կարող են կտրել Կապանի ճանապարհը՝ խորհրդարանում լրագրողներին իր մտահոգություններն է փոխանցում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Ավելի կարևոր խնդիր, քան Սյունիքի հարցն է, չկա ՝ ասում է պատգամավորը՝ անհասկանալի համարելով Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը, որում Որոտանը նշվում է ադրբեջանական տեղանունով։
«Ադրբեջանական կողմը Որոտանի ճանապարհի վրա ոստիկանական հենակետ է դրել։ Համացանցում հայտնվել են տեսանյութեր, ըստ որոնց, նաև ըստ իմ տեղեկությունների, կանգնեցնում են իրանական բեռնատարները, ինչ-որ պետտուրք, մաքսատուրք են մուրում և դրանից հետո թողնում են, որ նրանք շարունակեն երթևեկությունը: Սա ի՞նչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ ,այո, դա ադրբեջանական տարա՞ծք է»:
Նույն հարցը՝ ինչ է իրականում կատարվում Սյունիքում, նիստերի դահլիճում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Աննա Գրիգորյան․ «Կարո՞ղ եք ասել, թե ինչ է կատարվել իրականում։
Ալեն Սիմոնյան․ « Անկեղծ տիրապետում եմ այնքան, ինչը կա պաշտոնապես»։
Մամուլում տեղեկություններ ու լուսանկար էր հայտնվել, որ Ադրբեջանը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ հենակետ է տեղադրել։ Ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարությամբ հաստատել էր, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
Գերատեսչությունից հայտնել էին նաև, որ սահմանապահ զորքերն ու ՌԴ սահմանապահ ծառայության զինծառայողները համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Հենց այդ աշխատանքների ընթացքին տեղեկանալու համար խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է Սյունիքի հարցով Ազգային ժողովում քննարկում կազմակերպել և խորհրդարան հրավիրել ԱԱԾ տնօրենին։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկում է հրավիրել նաև գլխավոր դատախազին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում քննարկման կազմակերպումը.

«Նախորդ օրերին մենք ականատես եղանք ադրբեջանական զինված ուժերի գործողություններին ու ցավոք սրտի, մեր իշխանությունների կրավորական ու ոչ մի բացատրություն չտվող կեցվածքին։ ԱԱԾ հայտարարությունը ոչ միայն չի բխում մեր անվտանգության շահերից, այլև այն անատամ է, ոչինչ չասող։ Այս ընթացքում որևէ բացատրություն չտեսանք այս իշխանությունների կողմից»։
Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ հետամուտ կլինեմ, որպեսզի հնարավորինս բարձրաստիճան պաշտոնյա ներկա լինի, որպեսզի հարցերը ստանան իրենց պատասխանները։
Ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդարանի իշխանական թևում գնահատականները հստակ չեն ։ Այստեղ հորդորում են այս պահին սահմանափակվել պաշտոնական հաղորդագրություններով։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան․
«Համապատասխան կառույցները հանդես կգան հայտարարությամբ։ Եթե հավելյալ մեկնաբանության կարիք լինի, ապա այդ դեպքում ես կամ մեր պատգամավորները մեկնաբանություն կանեն։ Թույլ տվեք այս պահին սահմանափակվել ԱԱԾ տարածած հաղորդագրությամբ։ Այս պահին այդ հաղորդագրությունից զատ ես մեկնաբանություն չեմ տալիս»։
Այս հայտարարությունն այսօր խորհրդարանում հնչեց իշխանական գրեթե բոլոր պատգամավորների շուրթերից։«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Բաբկեն Թունյանը Սյունիքում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարում, սակայն հորդորում է սպասել՝ հասկանալու համար հետագա քայլերը։

«Այնպես չէ, որ մենք այս պահին ունենք բլոկավորված ճանապարհ։ Որքան ես եմ հասկանում, տեսականորեն հնարավոր էր, որ նման բան լիներ․ ճանապարհի մի հատվածը քանի որ իրենց էր պատկանում, մեր ու ռուսական կողմի հետ ունեին որոշակի պայմանավորվածություն, որ պետք է որոշակի ներկայացվածություն ունենային»։
Խորհրդարանի նիստին զուգահեռ նիստ էր անցկացնում ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը՝ ղեկավար կազմ ընտրելու համար։ Հենց դրա ընթացքում էլ «Պատիվ ունեմ» խմբակցության ու ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը աշխատանքային խումբ ձևավորելու և իրավիճակին տեղում՝ դաշտային աշխատանքների միջոցով ծանոթանալու առաջարկ արեց։
«Դաշտային աշխատանքներ իրականացնեն՝ սկսած Երասխից մինչև Գորիս ու Կապան, Մեղրի ու Սոթք–Խոզնավար հատվածում։ Առաջինը ֆիքսենք իրավիճակը, թե ինչ է կատարվում մեր սահմանների շուրջ։ Հաջորդ կարևորագույն խնդիրը՝ այս պահին աշխատանքների ընթացքն է այն հատվածներում, որոնք նոյեմբերի 9–ից հետո կարգավիճակային առումով փոխվել են։ Բավականին լայն հատված է՝ սկսվում է Սոթքից ավարտվում Մեղրիով։ Աշխատանքների ծավալը ֆիքսելու անհրաժեշտություն կա, ինչպես նաև անելիքների ու սպառնալիքների»։
Թե ինչ էր կատարվում Սյունիքում, փորձեցինք պարզել Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանից։ Նա «Ռադիոլուր»–ին հորդորեց անվտանգությանն առնչվող բոլոր հարցերի դեպքում դիմել ուժային կառույցներին։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն էլ արձագանքեց՝ իրավիճակի մասին տեղեկատվություն մամուլից է ստանում։




