ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս կփոխվի մայր օրենքը և ե՞րբ․ քննարկումները Սահմանադրության բարեփոխումների շուրջ շարունակվում են

Անցնող շաբաթ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ է ունեցել արտախորհրդարանական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նպատակը՝ ծանոթանալ նրանց դիրքորոշումներին։ Ինչպիսի տեսակետներ են ներկայացվել հանդիպումների ընթացքում:

Ի՞նչ ընթացք կունենա Սահմանադրության ական բարեփոխումների գործընթացը, ինչպիսի՞ փոփոխություններ կլինեն, և վերջապես՝  ե՞րբ կփոխվի Սահմանադրությունը․ այս հարցերի պատասխաններն ստանալու համար Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպումներ է ունենում շահագրգիռ կողմերի հետ։ Անցնող շաբաթ այդ հանդիպումներին մասնակցել են արտախորհրդարանական ուժերը և հասարակական կազմակերպությունները։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ հանդիպումների ձևաչափը կօգնի քննարկել տարբեր մոտեցումներն ու գտնել օպտիմալ լուծումներ․

«Հիմա ասենք կառավարման ձևը, որը բարձրացվում է որպես հարց, մեզ համար դա չի կարևոր, մեզ համար որոշիչը իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքի երաշխավորումն է։ Դա ապահովված չի եղել թե՛ նախկին Սահմանադրությամբ, թե ներկա Սահմանադրությամբ՝ առավել ևս։ Խոսել կառավարաման ձևի մասին՝ անիմաստ է, որովհետև անունները փոխվել են՝ պառլամենտական, նախագահական կամ կիսանախագահական, բայց իրականում դրանք բոլորն էլ եղել են միակուսակցական կառավարման կամ անվերահսկելի գործադիր իշխանության կառավարումներ»։

Սաքունցը կարծում է՝ այժմ գործում է միակուսակցական համակարգ, որը նույն  «սուպերվարչապետությունն» է։ Ներկայացնում է քաղաքացիական հասարակության կարծիքը․ այս համակարգը չի կարող երաշխավորել զարգացման, իրավական պետության վերականգնման գործընթաց։ Բայց կարևորը, ըստ Սաքունցի, ինչո՞ւ–ն է, ինչո՞ւ է իշխանությունը որոշել փոխել Սահմանադրությունը․

«Մեզ համար հայտնի չէ՝ իշխանությունը ի՞նչ է ուզում անել, ամենակարևոր հարցը սա է, ինչու՞ է իշխանությունը ուզում փոխել Սահմանադրությունը։ Ասացին՝ պատասխան չունենք։ Մենք գտնում ենք, որ դա պետք է արվեր հեղափոխությունից անմիջապես հետո, որովհետև այս Սահմանադրությունը պիտանի չէ»։

Սահմանադրական փոփոխոթւյունների արդյունքում կփոխվի՞ կառավարման համակարգը երկրում․ այս հարցի վերջնական պատասխանն այս պահին չկա, բայց տարբեր առիթներով հնչել են գնահատականներ՝ գործող խրհրդարանական համակարգի արդյունավետության մասին։ Կառավարության 5-ամյա ծրագիրը խորհրդարանում ներկայացնելիս դրան անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե 44-օրյա պատերազմը կառավարման այս համակարգի արդյունավետ լինելու հետ կապված նոր հարցեր է առաջ բերել․

«Մենք ծրագրում որևէ կանխավարկած չենք դրել: Մեր կանխավարկածն այն է, որ պետք է քաղաքական-հանրային տարբեր շրջանակների հետ ունենանք քննարկումներ: Իհարկե, այստեղ շատ կարևոր է լինելու իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական ուժ: Բայց նաև պիտի ասեմ, որ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը միակ գործոնը չպիտի լինի, որը կազդի այս որոշման վրա։ Այն, որ սահմանադարական կառուցակարգերի մեջ ունենք պրոբլեմներ, մենք ականատես եղանք նաև վերջին 7-8 ամիսների ընթացքում»:

Նախարար–արտախորհրդարանական ուժեր հանդիպումը նախնական՝ մեկնարկային բնույթ ուներ, –ասում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։ Դրա ընթացքում ոչ թե որոշումներ են կայացվել, այլ ընդամենը վերլուծություններ ու կարծիքներ են հնչել․ «ՔՈ»- ն մի քանի հարց է առանձնացրել․

«Առաջինը՝ սահմանադրական բարեփոխումների օրակարգը, օրինակ, 2020 թ փետրվարին նսեմացվեց, դարձավ մեկ մարդու աշխատանքից ազատելու խնդրիր (Ես նկատի ունեմ Հրայր Թովամասյանին)։ Խնդիրն, իհարկե, ուներ իր կարևորությունը, բայց բարեփոխման ամբողջ օրակարգը չէր կարող գնալ էդ ուղղությամբ, այսինքն՝ մտահոգություն է հնչել, որ մենք մեծ շուքով չկազմակեպենք, հետո նեղացնենք, կոնկրետ խնդրի լուծման հանգեցնենք»։

«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչը հանդիպմանը խոսել է փոփոխությունները ոչ թե մեկ ամբողջական փաթեթով, այլ առանձին–առանձին հանրությանը ներկայացնելու մասին։ Կարծում են՝ մեկ, կոնկրետ հարցի պատասխան տալն ավելի հեշտ ու արդյունավետ կլինի․

«Նոր մարդ է սկսել գործընթացը, որը հանրային կյանքում ակտիվ է եղել, եղել է «բարիկադի» թե՛ կառավարող, թե՛ ոչ կառավարական, հասարակական, ընդիմադիր և տարբեր կողմերում։ Ընթացքն է ցույց տալու, թե որքանով է դա ներառականությամբ, բովանդակալի և արդյունավետ լինելու»։

Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները դեռ երկար են շարունակվելու։ Քաղհասարակության և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները հուսով են, որ իրենց առաջարկները հաշվի կառնվեն, իսկ  վերջնական լուծումը կլինի հօգուտ Հայաստանի Հանրապետության։

Կարդացեք նաև

Back to top button