
Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են միասնական ՀՕՊ համակարգ ստեղծել․ այս մասին հայտարարել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ-ի հարցերով համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը։ Ի՞նչ է սա ենթադրում և ինչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ պաշտպանության համակարգի վրա։ Ռազմական փորձագետները նախաձեռնությունը դրական են համարում, բայց նաև խնդրահարույց կետեր են տեսնում։
Ռուսաստանն ու Հայաստանը հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծ են քննարկում։ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ-ի հարցերով համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը այս հայտարարությանը զուգահեռ նշեց նաեւ, որ նման նախագծեր քննարկվում են Ղրղըզստանի, Ղազախստանի և Հայաստանի հետ, իսկ ՌԴ և Տաջիկստանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը վավերացման փուլում է։
Ռուսաստանի և Տաջիկստանի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2021-ի ապրիլի 27-ին: «Շարունակվում է Ռուսաստանի եւ Հայաստանի, ՌԴ եւ Ղազախստանի միջեւ համաձայնագրերի գործնական իրականացման աշխատանքը»,-ասել է Գրեխովը:
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն այս նախագծում ինչպես դրական, այնպես էլ խնդրահարույց կետեր է տեսնում։ Լավ է, որ միասնական ՀՕՊ է ստեղծվում, սակայն շատ կարեւոր է, թե որ երկրներն են միասնական համակարգում ընդգրկվելու։ Պետք է հասկանալ , թե որ երկրներին է վստահվելու Հայաստանի ՀՕ պաշտպանությունը, քանի որ մարտահրավերներն, ըստ նրա, տարբեր են։
«Միասնական ՀՕՊ–ի գաղափարը լավն է, բայց կան խնդրահարույց հարցեր, քանի որ ՀՕՊ կառավարման ժամանակ պետք է համընկնեն համակարգում ընդգրկված այլ պետությունների շահերը, բայց, մյուս կողմից էլ, լավ է՝ տարածաշրջանային օդային տարածքը ավելի հուսալի պաշտպանելու առումով»։
Փորձագետի դիտարկմամբ՝ գաղափարը տարածաշրջանում ՀԱՊԿ–ի ռազմական ներկայությունն ապահովելն է, սակայն կա նաեւ այլ մտավախություն․ երբ վերջերս հակառակորդը ներխուժեց հայկական տարածք, ՀԱՊԿ–ը համարժեք չարձագանքեց, ինչը պետք է հաշվի առնել պաշտպանական միասնական համակարգերի մասին խոսելիս՝ զգուշացնում է ռազմական փորձագետը։
«ՀԱՊԿ–ը ոչ մի արձագանք չտվեց, եւ չստացվի, որ մենք մեր ՀՕՊ համակարգը դնենք այլ երկրների կառավարման իրավասության ներքո։ Դրա համար կարեւոր է, թե որ երկրներն են ընդգրկված լինելու այդ համակարգում»։
Գաղափարից շատ ոգեւորվել պետք չէ՝ ասում է Կարեն Հովհաննիսյանը պնդելով, որ Հայաստանը պետք է ունենա իր ՀՕՊ–ը, միաժամանակ նաեւ միանա տարածաշրջանային ցանցին ու տարածաշրջանային մակարդակով անվտանգություն ապահովի, այլ ոչ թե մի այլ երկրի վստահի մեր պաշտպանությունը։
Իսկ ընդհանրապես, ըստ փորձագետի, պետք է զարգացնել սպառազինությունը՝ ՏՏ–ի, արհեստական ինտելեկտի միջոցով, քանի որ աշխարհը ԱԹՍ–ներով է սպառազինվում։
«Ունենալ հրթիռներ եւ չունենալ աչք այդ հրթիռները հասցնելու նպատակին չի նշանակի արդիականացում։ Մենք պետք է ժամանակին համընթաց քայլենք»։
Քաղաքագետ Թեւան Պողոսյանի կարծիքով՝ պաշտպանությունը միայն զինվելով չի ապահովվելու։ Նա հորդորում է միասնական լինել ու ուժեղացնել Արցախը, որպեսզի թշնամին չկարծի, թե կարող է ուժով հարց լուծել և ճնշումներով հասնել Արցախի հայաթափմանը։
«Արդյո՞ք մենք կարողանալու ենք այնպես անել, որ Ալիեւը չասի, որ Արցախում 25 000 բնակչություն է մնացել։ Պետք է այնպես անել, որ Հայաստանի երկրորդ հանրապետությունը ոչ թե 80, այլ ապագայում 100,120, 300 հազար բնակչություն ունենա»։
Աշխարհը 44–օրյա պատերազմից հետո սկսել է արագ տեմպերով զինվել․ արդյո՞ք սա չի նշանակում, որ բանակցություններով հարցեր կարգավորելու մոտեցումն այլեւս հին է։ Ռազմական փորձագետը կարծում է՝ բանակցությունները կարող են արդյունք տալ միայն այն դեպքում , եթե երկու կողմերն էլ լավ զինված են, հակառակ դեպքում՝ որոշիչը ուժն է լինելու։




