
Շուշիի գորգերի թանգարանը 10 տարեկան է։ Տասնամյակը թանգարանը դիմավորում է բնօրրանից դուրս՝ արդեն 6 ամիս նրանք հանգրվանել են Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։ Երևան տեղափոխելուց հետո ոչ մի գերատեսչություն չի հետաքրքրվել թանգարանի ճակատագրով։
«Մեծ Թաղերի՝ «Աստղաթափը», «Ասկերանի մեղուները», «Հադրութի աստղերը», «Վիշապաքաղը», «Շուշիի աստղագորգը», «Ալղուլի 7 –րդ օրը» ու էլի շատ ձեռագործ կարպետներ ու գորգեր Արցախից Երևան են հասել պատերազմի թեժ օրերին։ Շուշիի թանգարանի տնօրենը՝ մեծ դժվարությամբ, գիշերով, պայթող արկերի տակ 160 գորգ է կարողացել փրկել։ 120-ը մնացել են թանգարանում։ 4 օր առաջ Ադրբեջանի նախագահը այցելել էր Շուշիի թանգարան և այդտեղ մնացած գորգերը միջազգային հանրությանը ներկայացրրել որպես ադրբեջանական։ Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյան․

«Կարողացանք հրաշքով փրկել գորգերի մի մասը։ Դուք չեք կարող գտնել ոչ մի գրականություն, մինչև 1960 թ–ը, որտեղ «ադրբեջանական գորգ» հասկացություն լինի։ Արցախցիներին, որ հարցնեք, կպատմեն․ ադրբեջանցիները գալիս, տներով շրջում, գորգեր էին գնում, հինը փոխանակում։ Ու այն, ինչ իրենք ցուցադրել են, դա ժամանակին Արցախից բերած գորգերն են»։
Թանգարանը հիմնադրման տասնամյակը դիմավորում է բնօրրանից կտրված։ Տարիներ առաջ տնօրենն անձամբ շրջել է Արցախի գյուղերով, հավաքել հարյուրամյակների պատմություն ունեցող գորգերն ու գրի առել դրանց պատմությունը։ Այսօր Երևանում, Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ցուցադրվող գորգերն ու կարպետները 17- 20–րդ դարերում են ստեղծվել։ Ամենահինը 350 տարեկան է։ Վարդան Ասծատրյանը պատմում է․

«Այս գորգերը Արցախում մնացած այն գորգերն են, որոնք տերերը չեն վաճառել գորգավաճառներին, բայց երբ գիտեին թանգարանի համար է, վաճառում էին։ Ու եթե չլիներ այդ ցանկությունը, այս թանգարանը դժվար թե ստեղծվեր»։
Տնօրենը մտահոգ է․ գորգերը հրաշքով են փրկվել ու հասել Երևան, բայց ոչ մի գերատեսչություն դեռ չի հետաքրքրվել թանգարանի ճակատագրով․
«Ես հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունը, ԿԳՄՍ նախարարությունը և մնացած պատասխանատուները մի որոշում կկայացնեն, և կոնստրուկտիվ առաջարկներ կլինեն, որ այս թանգարանը վերջնականապես հիմնական տեղ ունենա, մինչև մենք վերադառնանք Շուշիի՝ մեր ստեղծման վայրը»։

Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանն ասում է՝ որքան իրենց հնարավորությունը ներում է, Շուշիի գորգերը կպահեն, բայց հարցին պետք է հիմնական լուծում տրվի։ Մշակությային ժառանգությունը չպետք է աչքաթող արվի։

«Ինձ համար սա ոչ թե տարածք տրամադրելու հարց է, այլ շատ կարևոր գործ։ Գորգերը պիտի երևան, մարդիկ պետք է տեսնեն դրանք, գորգերը մարդկային ուշադրության կարիք ունեն։ Եվ, իհարկե, հիշեցում այն մարդկանց, որոնք ի վիճակի են այս թանգարանին տեղ տալ։ Իհարկե, ճիշտ կլիներ, որ գորգերը չդառնային քաղաքական խնդիրների «զոհ»։ Բայց, ցավոք, ապրում ենք մի աշխարհում, որտեղ նույնիսկ գորգերն են դառնում քաղաքականության առարկա»,-ասում է Մարկ Գրիգորյանը։

Թանգարանի 10-ամյակի առիթով Շուշիի գորգերը բազմաթիվ այցելուներ ունեին։ Շատերը եկել էին Շուշիի կարոտն առնելու․
«Վերջին անգամ երկու տարի առաջ ենք եղել Շուշիի գորգերի թանգարանում։ Կարոտն է մեզ այստեղ բերել՝ և՛ Շուշիի, և՛ Արցախի այն հատվածի, որը ժամանակավորապես մերը չէ»։
Շուշիի նախշուն, պատմական գորգերը ուշադրության կարիք ունեն ու սպասում են, որ պատասխանատուները լուծեն իրենց մշտական հանգրվանի խնդիրը։




