ԿարևորՀասարակություն

Այսօր Արցախի Հանրապետության օրն է

Սեպտեմբերի 2-ին լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարին։ 

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին անցկացվեց հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության։  Հանրաքվեից հետո, խորհրդարանական ընտրություններով ձևավորվեց ԼՂՀ խորհրդարանը, որը կազմեց առաջին կառավարությունը:

Արցախի պետականության հռչակման 30-ամյակը դիմավորում ենք դժվարին ու բարդ մարտահրավերներով, սակայն Արցախյան պատերազմը, Ապրիլյան և 44-օրյա պատերազմները ցույց են տալիս, որ Արցախի ժողովուրդը չի հրաժարվում իր ընտրած ուղուց: Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին նվիրված ԱԺ հատուկ նիստում ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր ելույթում հայտարարել է, որ Արցախի միջազգային ճանաչումը եղել է և կմնա պետականաշինության և արտաքին քաղաքական հիմնարար ուղղություններից մեկը։

Նախարարը նաև ընդգծել է Արցախի Հանրապետության սուբյեկտայնության պահպանման կարևորությունը և արցախապահպանությունն ու արցախակենտրոնությունը որակել որպես համայն հայության առջև ծառացած կարևորագույն խնդիրներ՝ այս համատեքստում շեշտելով Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը։

Կարդացեք նաև

Back to top button