ԿարևորՔաղաքական

Ալիևը՝ Անկարայի խամաճիկ

Բարձրագոչ հայտարարություններ անելուց  առաջ Ալիևը պետք է հիշի, որ Անկարայի խամաճիկն է և անում է այն, ինչ թելադրում է Թուրքիան՝ արձագանքնելով ալիևյան հայտարարություններին՝ արձանագրում են վերլուծաբանները։ Նաև հորդորում՝ Արցախյան հակամարտության մասին խոսել աշխարհին հասկանալի լեզվով՝ ինքնորոշման սկզբունքն առաջնային համարելով։

«Ադրբեջանը Թուրքիայի խամաճիկն է և որևէ քայլ չի կարող անել՝ առանց Անկարայի։ Մենք պետք է հասկանանք, որ մեր թշնամին Թուրքիան է»,-ի պատասխան Հայաստանը պախարակող  ալիևյան հայտարարությունների՝ ասում է քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը։ 

«Լեզվի տակ ոսկոր չկա, ինչ ուզում ասում է։ Անկարան չլիներ, տեսնեինք ինչ կարող էր ասել»,-ասում է փորձագետը։

Հակառակորդ երկրի ղեկավարը երկու օր առաջ ասել էր, թե իբր Հայաստանը չի կարող անկախ պետություն համարվել, քանի որ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը։ Քաղաքական-վերլուծական շրջանակներից արձագանքներ հնչել են։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՖԲ գրառմամբ  Ալիևին խորհուրդ է տվել զերծ մնալ անլուրջ հայտարարություններից, քանի որ  ըստ նրա՝ հայտնի փաստ է, թե ինչպես է պաշտոնական Բաքուն ենթակայի հրճվանքով վարում այն քաղաքականությունը, որը մշակում և պարտադրում է Անկարան։

«Ալիևը պետք է հասկանա, որ ինքը վերջին ղեկավարն է, որը  կարող է իրեն թույլ տալ քննարկել այլ երկրների սուվերենության մակարդակը»,-գրել է Մարուքյանը։

Վերջին օրերին հակառակորդը նոր գործելաոճ է որդեգրել, հայտարարություններ են հնչում, թե հարձակում է գրանցվել ադրբեջանցի ուղեկալի կամ զինվորականների վրա, մեկ այլ դեպքում էլ ադրբեջանցի զինվորականը հայտնվում է Արցախի տներից մեկում։ Քաղաքական վերլուծաբանն ասում է, որ նման դեպքերի կարող ենք ականատես լինել նաև Սյունիքում` անգամ Գորիսում ու Կապանում։ Պետք է հակադիվերսիոն ուժեր ունենանք հայկական տարածքներում ադրբեջանցիների հայտնվելը կանխելու համար։

 «Պրովոկացիաներ միշտ են արվելու մինչև դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացվի, ինչից հետո մեր սահմանապահները կպաշտպանեն սահմանը»։ 

Լուսանկարը՝ Արմենպերսի

Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը երկար կշարունակվի, ու պետք է պատրաստ լինել այս վիճակին՝ ասում է վերլուծաբանը՝ շեշտելով ազգերի ինքնորոշման իրավունքի կարևորությունը։

Նա հորդորում է այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք տանել  ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրների հետ։

«Եթե կարողանանք հասնել այն բանին, որ Արցախում ռուսների կողքին նաև ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահներ լինեն, ապա մենք այդ խնդիրը կլուծենք, ազգերի ինքնորոշման մասին է խոսքը, մենք այլ ճանապարհ չունենք»։

«Մենք ոչ թե մեր պատմության, այլև մեր օրերի դառը փորձից չենք ուզում դասեր քաղել» գրառմամբ տեսանյութ է հրապարակել առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանը, որում հստակ ձևակերպել է՝ ԼՂՀ հարցում  ՀՀ-ն որևէ դաշնակից չունի։ Տեսանյութը հատված է այս տարվա հունիսի 7-ի իր ելույթից։

«Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի։ Նորից կրկնում են, թե ոչինչ Ամերիկան կլինի, չգիտեմ Չինաստանը կլինի մեր կողքին։ Դա նշանակում է, որ մենք մեր տասնյակ տարիների դառը փորձից դասեր չենք քաղում»։

Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանի համար հարց է առաջանում՝ ինչ է  հասկացվում Ղարաբաղի հարց ասելով՝ ազգերի ինքնորոշո՞ւմ, թե՞ տարածքային ամբողջականություն։

«Ի՞նչ նկատի ունի Ղարաբաղի հարց ասելով․ եթե նկատի ունի տարածքային ամբողջականությունը, ապա, այո, համամիտ եմ նրա հետ, բայց եթե խոսենք ինքնորոշման իրավունքի տեսանկյունից, լրիվ այլ պատկեր կունենանք և աշխարհը կհասկանա՝ ինչ ենք ուզում»։

Ի վերջո, անկախ դիվանագիտական աշխատանքներից, ըստ վերլուծաբանի, պետք է առաջնորդվենք  «խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»  հայտնի սկզբունքով։

Կարդացեք նաև

Back to top button