
Ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Երևան-Կապան միջպետական ավտոճանապարհի Չայզամիի հատվածը։ Ճանապարհը հակառակորդը փակել էր երեկ՝ օգոստոսի 25-ի ուշ երեկոյան, ժամը 23.15-ի սահմաններում։ Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչները ռուս սահմանապահների հետ միասին բանակցում են ադրբեջանցիների հետ՝ փորձելով բացել ճանապարհը։
Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցիները նման քայլի են դիմել , քանի որ, իբր, հայ զինծառայողները դանակահարել են իրենց ծառայակցին։ Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց այդ տեղեկատվությունը՝ համարելով հերթական կեղծիք։
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ հետ զրույցում ասաց, որ կապը մայրաքաղաքի հետ չի կտրվել, կան այլընտրանքային ճանապարհներ։

«Կապան-Տաթև ճանապարհն այս պահին արագ տեմպերով նորոգվում է, Շուռնուխից Որոտան, Որոտանից Խոտ այլընտրանքային ճանապարհները ևս գործում են։ Սյունիքի մարզը, մասնավորապես Կապանը, կտրված չէ արտաքին աշխարհից»։
Բանակցությունները վերսկսվել են ժամը 16-ից և մինչև այս պահը շարունակվում են։ Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչների հետ են նաև ռուս սահմանապահները։

Եթե մարդատար մեքենաները կարողանում են անցնել Աղվանի-Տաթև- Կապան այլընտրանքային ճանապարհով, ապա բեռնատարները չեն կարող անցնել և կուտակումներ կան Երևան-Կապան միջպետական հիմնական ճանապարհի Կարմրաքարի և Գորիսի Հատվածներում։ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը չի կարող ասել, թե քանի ավտոմեքենա է այս պահին կանգնած։
«Ոստիկանության ուղեկցությամբ փորձնական մեկ բեռնատար շարժվել է Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհով։ Եթե ստացվի, ապա կթույլատրվի մնացած բեռնատարների շարժը այլընտրանքային այդ ճանապարհով»,-ասաց պատգամավորը։ Դանիելյանը տեղյակ չէր այն խոսակցություններից, թե հակառակորդը Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարներին թողնում է երթևեկել հիմնական ճանապարհով։




