ԿարևորՀասարակություն

Իրատեսական՝ տնտեսական իրական աճի դեպքում․ փորձագետները կառավարության սոցիալական խոստումների մասին

Ի՞նչ  է առաջարկում Կառավարությունը սոցիալական ոլորտում առաջիկա հինգ տարիներին,  ինչպե՞ս  կամ որտեղի՞ց է նախատեսում  գտնել այն ֆինանսական միջոցները, որոնցով ապահովելու է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի բարձրացումը կամ նոր նպաստների ներդրումը։ Ժողովրդագրական խնդիրները լուծելու համար, օրինակ, կառավարչությունը նախատեսվում է յուրաքանչյուր 3-րդ ու հաջորդ երեխայի ծննդյան դեպքում մինչև վեց տարին լրանալը 50 հազար դրամ նպաստ վճարել։

Փորձագետների կարծիքով՝ տնտեսական իրական  աճի դեպքում կառավարության խոստումները կարող են իրատեսական լինել և լրացուցիչ բեռ չդառնալ բյուջեի համար։

Հայաստանի բյուջեի 30 տոկոսը տարիներ շարունակ ուղղվում է  սոցիալական ոլորտին։ Առաջիկա տարիներին նույնպես այս քաղաքականությունը կշարունակվի։ Կառավարությունը խոստանում  է առաջիկա 5 տարիներին նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձել 85 հազար դրամ, լուծել ժողովրդագրական խնդիրները, կրկնակի կրճատել գործազրկության մակարդակը, վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Հայաստանի վարչապետը նախանշված թիրախներին հասնելու համար կարևորում է մրցունակ և հարկունակ տնտեսություն ունենալը։

«Մինչև  2026 թվականը Կառավարության տնտեսական թիրախներն են.  ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը՝ 7% (բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9%),  ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և  դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը՝ ՀՆԱ-ի 25%, 10%-ից ցածր գործազրկության մակարդակ ապահովել:Նվազագույն կենսաթոշակի ու  կենսաթոշակի  չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային  ու սպառողական զամբյուղների արժեքներին, նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը»։

Թիրախներին հասնելու համար լրջագույն ջանքեր են անհրաժեշտ՝ արձանագրում է կառավարության ղեկավարը և մանրամասնում՝ գործազրկությունն, օրինակ, էականորեն կկրճատվի, եթե խթանվի  բարձր աշխատավարձ ապահովող  ոլորտների զարգացումը, օրինակ՝ բարձր տեխնոլոգիաներինը։

«Ըստ մեր հանձնառութան՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կառավարությունը մինչև 2026թ․–ը նախատեսում է ունենալ շուրջ  35 հազար զբաղված՝ ոլորտի շրջանառությունը դարձնելով 500 մլրդ դրամ, որը կկազմի ՀՆԱ-ի 6-7 տոկոսը։ 2020-ին այն 4 տոկոս է»։

Կառավարությունը նախատեսում է ընտանիքում յուրաքանյուր 3-րդ և հաջորդ երեխայի խնամքի համար մինչև 6 տարեկան դառնալը վճարել 50 հազար դրամ։

Եթե առաջիկա տարիների համար տնտեսական աճի՝ կառավարության նախանշած ցուցանիշերն  իրականություն դառնան, ապա նպատակադրումները իրատեսական են՝ կարծում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը։  Տնտեսագետն ընդգծում է՝  գործադիրը  նվազագույն աշխատավարձի կամ կենսաթոշակի շուրջ 5 տոկոս բարձրացում է նախատեսում, ինչը տնտեսական իրական աճի պայմաններում մեծ բեռ չէ բյուջեի համար։  

«Կունենա՞նք մենք միջոցներ, թե՞ ոչ։ Սա է հարցը։ Տարիներ շարունակ մեր բյուջետային միջոցների մեծ մասն ուղղվել է հենց սոցիալական պաշտպանության ոլորտին։ 2021-ի առաջին կիսամյակում, օրինակ, բյուջետային ծախսերի  31 տոկոսից ավելին ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին, պաշտպանությանը հատկացվել է 16․2 տոկոս։ Անցյալ տարի սոցիալական ծախսերը 2 տոկոսային կետով ավելի շատ են եղել, պաշտպանությանը՝ 1 տոկոսային կետով քիչ։ Ցանկալի է, որ մենք բոլոր ուղղություններով կարողանանք ավելացնել ծախսերը՝ մեկը մյուսին չվտանգելու համար։ Դրա միակ աղբյուրը տնտեսական աճն է »։

Տնտեսագետի կարծիքով՝ սոցիալական նախանշված ծրագրերն իրագործելու համար նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ է անհրաժեշտ։ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը տնտեսական աճին ավելացնում է նաև տնտեսության կառուցվածքի փոփոխությունը։ Վերլուծելով ներկա ցուցանիշերն  արձանագրում է՝  համեմատութունը անցյալ տարվա հետ այնքան էլ  կոռեկտ չէ, քանի որ   2020-ը բացառիկ էր  Քովիդով պայմանավորված համատարած սահմանափակումներով ու աննախադեպ պատերազմով։  Տարվա երկրորդ եռամսյակին,  ըստ ՎԿ-ի , 13 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել։

 «Միայն տնտեսական աճի զարգացման բարձր տեմպն է, որ կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից։ Կարևոր է, որ երկրի իմիջը  պետք է ձևավորեն  պաշտպանական, ռազմարդյունաբերական համակարգերը, կրթությունն ու գիտությունը»։

Գիտելիքահեն տնտեսությունը կլուծի աշխատատեղերի ստեղծման հարցը, ինչն էլ բյուջեի եկամուտներն  ու ծախսերն ավելացնելու հիմնական նախապայմանն է։ Ըստ վիճակագրության՝ 2021 թվականի առաջին 6 ամիսներին 2018-ի առաջին կիսամյակի համեմատ  շուրջ 31%-ով ավելի շատ հարկ ու տուրք է հավաքվել։  Սա, փորձագետները հուսադրող ցուցանիշ են համարում։   Կարծում են՝  կարևոր  նախադրյալ է սոցիալական խոստումներն առանց պարտքի ներգրավման կյանքի կոչելու համար։ 

Կարդացեք նաև

Back to top button