ԿարևորՀասարակություն

«Ազգային մոլ»-ից տուժածները փոխհատուցում են պահանջում

«Ազգային մոլ»-ից հայ արտադրողներն սկսել են դուրս բերել 5 ամսից ավելի այնտեղ գտնվող իրենց արտադրանքը։ Նրանցից շատերը վնասներ են կրել՝ փչացած ապրանքի տեսքով, ոմանք ֆինանսական կորուստներ են ունեցել: Կա նաև հարուցված քրեական գործ: Տնտեսվարողների կրած վնասների փոխհատուցման մասին, սակայն, դեռևս խոսք չկա:

«Ազգային մոլ»–ի գործունեությունից տուժածները ֆեյսբուքյան փակ խմբում իրար բարի լուր են փոխանցում. «կարող ենք Թբիլիսյանից վերցնել մեր ապրանքը»: Ոմանք ոգևորվում են, ոմանք թերահավատ են՝ հերթական խաբեությունն է:

Լիլիթ Մղդեսյանը շոկոլադե սալիկներ արտադրող է: «Ազգային մոլ»–ի Թբիլիսյան խճուղու  վրա գտնվող տարածքում շուրջ 300.000 դրամի շոկոլադեղեն ուներ: Ապրանքն այլևս անպիտան  է: «Ազգային մոլ»–ից Լիլիթը փոխհատուցում է պահանջում:

«Ունեցել եմ 128 շոկոլադե սալիկ՝ 300.000 դրամի ապրանք: Ամբողջությամբ ժամկետանց, փչացած. բորբոսնած, հալված, կոտրված սալիկներ: 128-ից ոչ մեկը պիտանի չէ, իրացման ենթակա չէ։ Քննիչին ասել եմ,  որ մինչև վերջ իմ փոխհատուցումը պահանջելու եմ, սպասում եմ՝ կանչեն փորձաքննության»:

Համասփյուռ Ապիկյանն էլ է ֆեյսբուքյան խմբից իմացել «Ազգային մոլ»–ից ապրանքները վերցնելու մասին: Կապվել է քննիչի հետ, գնացել Թբիլիսյան խճուղու վրա գտնվող տարածք։ Ասում է՝ դեռ Մոլի գործունեության սկզբնական շրջանից է կռահել, որ վերջը լավ չի լինելու: «Ազգային մոլ»–ի հետ պայմանագիր կնքել են փետրվարին, 3 շաբաթ անց՝ զանգով տեղեկացվել, որ Թբիլիսյանից Մոլը տեղափոխվում է Խորենացի փողոցի վրա։

«Բնականաբար, տարաձայնություններ եղան, որովհետև մենք ասացինք՝ Խորենացի չենք ուզում, պայմանագիրը կնքվել է այստեղ, ու մենք 3 ամսվա վարձակալության գումարը վճարել ենք այստեղի համար։ Ասացինք, որ վճարեն մեր վարձակալության մնացած գումարը։ Անցավ մոտ 1 ամիս: Ամեն անգամ խաբելով, խաբելով, խաբելով՝ հասանք այս կարգավիճակին»:

«Արմենիակա» չրային կոնֆետներ արտադրող Գոհար Դիլանյանն էլ է «Ազգային մոլ»–ի տուժողներից: Շատ արագ է հասկացել, որ չարժի շարունակել համագործակցությունը: Մի կերպ ստացել է գումարներն ու 2021-ի ապրիլի վերջին հանել ստենդը: Բարեբախտաբար, ֆինանսական պարտք ու պահանջ տնօրինությունից չունի: Կարծում է, որ սա լավ հնարավորություն էր փոքր ու միջին բիզնեսի համար, մանավանդ, որ այցելուներն էլ ոգևորված էին ու հակված հայկական ապրանք գնելու և աջակցելու հայ արտադրողներին:  Բայց հիասթափությունն այնքան մեծ է, որ «ազգային, հայկական արտադրանք» բառակապակցություններն արդեն բացասական զգացումներ են առաջացնում:

G-nRP Fashion, Dream big little one նախագիծը մանկական նորաձևության և  աքսեսուարների ստենդ է ունեցել «Ազգային մոլ»–ում: Նախագծի ղեկավար Արփինե Ղուկասյանն ասում է, որ Մոլի փակվելուց 1 օր առաջ հասցրել են իրենց ապրանքը հանել, բայց իրենց միջոցներով պատրաստած ստենդը մնացել է: Մոլի՝ ամիսներ տևած գործունեության ընթացքում հասցրել է մի քանի տնօրենների հետ շփվել: Նրանցից վերջինն ասել է, որ կապ չունի նախկին գումարների ու պարտքերի հետ, հետևաբար և՝ ոչ մի պարտավորություն։

«Իմը միայն ստենդն էր, ես գնացել եմ, քննիչը նկարել է էդ ստենդը: Ես ոստիկանություն դիմել եմ դեռ մայիսին, դիմում բողոք եմ գրել, դրանից հետո ես իրենց հանգիստ չեմ թողել, գնացել եմ Մոլ, իրենք ինձ ապրանքի վաճառքի գումար էին պարտք: Հիմա շատ չնչին գումար են պարտք մնացել, բայց դրանից՝ ոնց հասկանում եմ, անհույս է դրան սպասելը, որովհետև ոստիկանությունն էլ ասեց, որ գումարի հույս մի ունեցեք, իսկ ստենդը մենք ձեզ կտանք»:

Մարի Ղահրամանյանի պատմությունը, ինչպես ինքն է ասում,  մի քիչ այլ է. 3 ամսվա տարածքի վարձակալության գումար է տվել, փաստացի՝ մնացել օդում: Սրան գումարած՝ ստենդ է պատրաստել սեփական միջոցներով, որն այդպես էլ չի ծառայել իր նպատակին: Մարին էլ է փոխհատուցում պահանջում:

«Ինձ պետք է վերադարձնեն 3 ամսվա մաքուր  գումարը Խորենացու հասցեի, այսինքն՝ 45000 դրամը կես գծամետրի համար նախատեսված, որը բացարձակ ես չեմ օգտագործել, ու նաև փոխհատուցում իմ ստենդի համար, քանի որ ես ավելորդ ստենդ եմ սարքել, կամ իրենք թող իմ ստենդը գնեն ինձնից, կամ ուղղակի  փոխհատուցեն դրա պատրաստման գումարը, որովհետև ինչի համար պետք է օդում տամ գումար ու չունենամ էդ տարածքը: Պայմանագրի համաձայն մինչև օգոստոսի վերջ այդ տարածքն ինձ է պատկանել, ինչո՞ւ չեմ կարողանում օգտագործեմ իմ տարածքը, տվեք ինձ իմ տարածքը»:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց, որ շուրջ 90 %-ով տնտեսվարողների արտադրանքը վերադարձվել է, շատերը լուծարվել են, շատերին չեն կարողանում գտնել: Ապրանքի մեծ մասը վնասվել է,  դարձել ժամկետանց, բայց դա  հնարավոր է ապացուցել միայն համապատասխան փորձաքննությամբ:  Տուժած տնտեսվարողները կրած վնասների փոխհատուցման հայցով կարող են մտնել դատարան: Վանաձորցի Անուշ Ասլանյանն արդեն  դիմել է դատարան:

Կարդացեք նաև

Back to top button