ԿարևորՀասարակություն

Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումից մինչև աղքատության կրկնակի նվազեցում․ հաստատվել է կառավարության հնգամյա ծրագիրը

ՀՀ-ն պատրաստ է բարձր ու բարձրագույն մակարդակով ներգրավվել բանակցային գործընթացում՝ այսօր կառավարության նիստում հայտարարել է հանրապետության վարչապետը։ Նրա այս հայտարարությունը ամրագրված է  նաև Կառավարության գործունեության հնգամյա ծրագրում։  Փաստաթուղթն այսօր հավանության է արժանացել կառավարության արտահերթ նիստում։ Առաջիկայում այն  կքննարկվի նաև Ազգային ժողովում։ Սահմանադրության պահանջով՝ կառավարությունն իր ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում պետք է խորհրդարանի հաստատմանը ներկայացնի հնգամյա գործունեության ծրագիրը։

Հայաստանի կառավարությունը վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում: Այս ամրագրումը կա  կառավարության գործունեության 2021-2026թթ․ ծրագրում։  Այդ համատեքստում վարչապետը հիշեցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հայտարարություններն ու Հայաստանի հայտնած դիրքորոշումը։

 «ՀՀ-ն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ մենք մենք ողջունում ենք համանախագահների այդ մտադրությունը և առաջարկությունը։ ՀՀ-ն պատրաստ է բարձր ու բարձրագույն մակարդակով ներգրավել բանակցային ներգրավվել բանակցային գործընթացում»։

2021-2026 տարիների համար ներկայացված ծրագիրը, վարչապետի  խոսքով, հիմնված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նաև Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա:   

6 բաժնից կազմված 106 էջանոց փաստաթղթի առաջին գլխում անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերն  են։

Հայաստանի անվտանգության ապահովման  հարցում գործադիրը  հեռանկարային է համարում  աստիճանաբար անցումը  պրոֆեսիոնալ բանակի, էական փոփոխություններ է նախատեսում  ժամկետային և  զորահավաքային զինծառայության կառուցվածքում:  Փաստաթղթում ամրագրվում է, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել ՀԱՊԿ-ի  աշխատանքներին: Ազգային անվտանգության ծառայության (այսուհետև՝ ԱԱԾ) սահմանապահ զորքերը փուլային տարբերակով ՀՀ պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ողջ սահմանի պահպանությունը, ստեղծվելու է Արտաքին հետախուզական ծառայություն։

«ՀՀ սահմանապահ զորքերը առաջիկայում  ավելի ու ավելի շատ տեղամասեր կընդունեն ՀՀ զինված ուժերից։ Նրանց պատասխանատվության տարածքները կընդլայնվեն։ Սա նաև խաղաղ տարածաշրջանային օրակարգը  մեր առաջ մղելու նպատակադրումն է։ Կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն: Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին»։

Կառավարության ծրագրում շեշտադրվում է  Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։  Ծրագրում նշվում է, որ  առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝  ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով։

Անդրադարձ կա նաև Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին, դրանք, ըստ կառավարության, հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ծրագրում գործադիրը հիշեցնում է, որ հայ-ադրբեջանական շփման գծի Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով առաջացած ճգնաժամի լուծման ուղիների վերաբերյալ Կառավարությունը հանդես է եկել հրապարակային առաջարկներով և միջոցներ է ձեռնարկելու այդ առաջարկությունները իրագործելու ուղղությամբ:

Կառավարությունը խոստանում է նաև  օրենքի դիկտատուրա հաստատել, բարեփոխել դատաիրավական համակարգը։ Վերջնական նպատակը, ըստ Փաշինյանի,  հետևյալն է․

«ՀՀ-ում պետք է  ձևավորվի դատական վճիռների ու որոշումների նկատմամբ հանրային վստահություն։ Այստեղ մենք խնդիր ունենք»։

Կառավարման համակարգը փոխել-չփոխելու հարցին գործադիրը  ծրագրում չի անդրադարձել, բայց Փաշինյանի կառավարությունը պատրաստ է հարցը քննարկել  քաղաքական ու հանրային տարբեր շրջանակների հետ, բայց վստահ չէ, որ կոնսենսուսի կհանգեն։  

«Այստեղ մենք պետք է պատրաստ լինենք, որ  հանրային կոնսենսուս չի ձևավորվելու,  լինելու են ամենատարբեր  կարծիքներ։ Մենք պետք է կարողանանք գնալ ամենառացիոնալ լուծումների»։

Կառավարությունը օրակարգային է համարում նաև տնտեսական  անվտանգության հաստատումը՝ բարձր տեխնոլոգիաների միջոցով։ Ոլորտում մինչև  2026 թվականը նախատեսվում է ունենալ շուրջ 35,000 զբաղված, իսկ շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի ՀՆԱ-ի 6-7%-ը։ 2020 թվականի տվյալներով այս ցուցանիշը 4% է։

Գործադիրը խոստանում Հայաստանում նվազագույն աշխատավարձը մինչև 2026թվականը  դարձնել  85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Բարենպաստ տնտեսական պայմանների դեպքում կառավարությունը  9 տոկոս աճ է ակնկալում, նախատեսում է գործազրկության մակարդակը կրկնակի իջեցնել՝ ցուցանիշը  հասցնելով  10 տոկոսի։

«Քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը,  սոցիալական կայունությունը, առողջապահական ու հակահամահամաճարակյին արդյունավետ համակարգերի գոյությունը ներքին անվտանգության համար ունեն առանցքային նշանակություն»։

Կառավարությունը նախատեսում է զարգացնել օդային ու տրանսպորտային հաղորդակցությունը։ Կոնցեսիոների՝ «Ռուսական երկաթուղու» հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում մինչև  2024 թվականը  խոստանում է շուրջ 39 մլրդ դրամի ներդրումներ։ Նույն պայմանավորվածությունների շրջանակում նախատեսվում է 37 կմ երկաթգիծ հիմնանորոգել: Առաջիկա հինգ տարիներին, ըստ կառավարության ծրագրի,  Հայաստանում կառուցվելու և նորոգվելու է նաև 300 դպրոց ու 500 մանկապարտեզ։

Կարդացեք նաև

Back to top button